Նույնականացման քարտերով քվեարկություն. ընտրությա՞ն, թե՞ խախտումների հնարավորություն

Նույնականացման քարտերով քվեարկություն. ընտրությա՞ն, թե՞ խախտումների հնարավորություն
Նույնականացման քարտերով քվեարկություն. ընտրությա՞ն, թե՞ խախտումների հնարավորություն

Իշխող Հանրապետական կուսակցության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև բանավեճն առաջիկա սահմանադրական հանրաքվեին քաղաքացիների՝ նույնականացման քարտերով մասնակցելու հնարավորության ընձեռման շուրջ շարունակվում է:

Իշխանության ներկայացուցիչները կարևոր են համարում «Նույնականացման քարտերի մասին» և Ընտրական օրեսգրքում վերջերս իրականացրած փոփոխությունները, համաձայն որի` քաղաքացիները ID քարտերով կարող են քվերակել ընտրություններին: Իշխանական թևի ներկայացուցիչներն օրենսդրական փոփոխությունները համարում են անհրաժեշտ, քանի որ այդպիսով ավելի քան 182 հազար քաղաքացի, որոնք ունեն նույնականացման քարտեր, ստանում է քվերակությանը մասնակցելու հնարավորություն:
 
Ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքով, ID քարտերով ընտրություններին մասնակցության ժամանակ կրկնաքվեարկության հանրավորություն է ստեղծվում: Եթե հին նմուշի, անգամ նաև կենսաչափական անձնագրերի վրա հնարավոր է դնել ընտրության մասնակցության փաստը հաստատող կնիք, ապա դա անհնար է անել նույնականացման պլաստիկ քարտերի դեպքում:  
 
Նույնականացման քարտերով քվերակությանը մասնակցելու խնդիրն առաջացավ, երբ անցած ՏԻՄ ընտրություններին բավականին շատ թվով քաղաքացիներ խոչընդոտի հանդիպեցին քվերակության մասնակցելու ժամանակ:
 
«Նրանք ունեին նույնականացման քարտեր, բայց չունեին հին նմուշի կամ կենսաչափական անձնագրեր: Երբ մենք հետաքրքրվեցինք, պարզվեց, որ ավելի քան 182 հազար քաղաքացի ունեն նույնականացման քարտեր: Նրանցից 62 հազարը ունեն նաև կեսաչափական անձնագրեր: Այսինքն՝ մոտ 120 հազար քաղաքացի ունեն միայն նույնականացման քարտեր և չեն կարող մասնակցել քվերակությանը, ինչը կարծես հակասում է Սահմանադրությանը, քանի ու մարդուն չպետք է զրկել ընտրության իրավունքից: Իսկ նույնականացման քարտն անձը հաստատող փաստաթուղթ է», – ասաց Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
 
«Մեդիա կենտրոնում» նոյեմբերի 2-ին Հովհաննես Սահակյանի և Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Ընդունվեց նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելու օրինագիծը. դեմ և կողմ» թեմայով:
 
Սահակյանն արհեստական շահարկումներ համարեց ընդդիմության և իրավապաշտպանների քննադատությունն առ այն, որ նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցությունը հնարավորություն է տալիս կրկնաքվերակության: «Ընտրական օրեսգիրքը ստեղծում է բավականին արդյունավետ մեխանիզմներ վերահսկողության համար: Ուստի հիմա խոսել կրկնաքվերակության կամ այլ խախտումների հնարավորությունների շրջանակների ընդլայնման մասին, սխալ է: Ուղղակի ընդդիմադիր գործիչները փորձում են ևս մեկ անգամ ինքնադրսևորվել», – ասաց բանախոսը:
 
Հերիքնազ Տիգրանյանը չհամաձայնեց պատգամավորի փաստարկների հետ՝ հավելելով, որ կասկած է հարուցում այն հանգամանքը, որ խնդրին իշխանության ներկայացուցիչներն անդրադարձել են հենց հիմա, այն դեպքում, երբ խնդիրն առկա էր դեռ երկու տարի առաջ: «Խնդիրն առաջացավ դեռ անցած տարի ՏԻՄ ընտրություններին: Վարչապետի մակարդակով ձևավորվեց աշխատանքային խումբ, որպեսզի մշակվեն մեխանիզմներ խնդրի լուծման համար: Սակայն այդ հանձնաժողովը ոչինչ չարեց և անգործության մատնվեց: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Իսկ հիմա, մի խումբ պատգամավորներ հանկարծակի հայտնաբերեցին, որ 182 հազար քաղաքացի ունեն նույնականացման քարտ: Հենց այդ պատճառով օրենսդրական նախաձեռնությունը կասկած է հարուցում և այստեղ միտում եմ ես տեսնում», – ասաց Տիգրանյանը:
 
Հովհաննես Սահակյանը, թեև ընդգրկված է եղել վարչապետի հրամանով ձևավորված աշխատանքային խմբում, սակայն խոստովանեց, որ չի մասնակցել նիստերին: Իսկ հանձնաժողովի գործունեության մասին մանրամասներ ճշտելու համար խուրհուրդ տվեց դիմել կառավարություն: 
 
Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով, նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցելը մեծացնում է կրկնաքվեարկության ռիսկը: «Եթե անձն ունի հին նմուշի անձնագիր և նույնականացման քարտ: Նա ներկայանում է ընտրատեղամս և քվերակությունից հետո նրա նույնականացման քարտի վրա կնիք չի կարող դրվել: Հետո նույն անձը կարող է հին նմուշի անձնագրով ևս եկ անգամ մասնակցել քվերակության: Սա հնարավոր տարբերակ է, քանի որ մենք ծանոթ ենք Հայաստանում ընտրական պրակտիկային և խախտումներին», – չբացառեց բանախոսը: 
 
Ընտրություններին, ըստ բանախոսի, պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հրապարակել ընտրած քաղաքացիների ցուցակները քվերակությունից հետո: «Այսպիսով ես կիմանամ՝ իմ հարևանը, որն ունի նույնականացման քարտ մասնակցե՞լ է քվերակությանը, կամ Հաստանից դուրս գտնվող իմ բարեկամի տեղն այլ մարդ չի՞ քվերակել», – հարցադրում կատարեց նա: 
 
Հովհաննես Սահակյանը, թեև չբացառեց խախտումների հնարավորությունը, սակայն չհամաձայնեց նաև Հեիքնազ Տիգրանյանի հետ՝ ասելով, որ ընտրական օրեսգրքով ստեղծված են արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ: «Ընտրացուցակները հրապարակվում են ընտրություններից 40 օր առաջ: Ուստի այն կարելի է ստուգել և մաքրել: Բացի այդ քվերակության օրը ընտրատեղամասերում ընդդիմության ներկայացուցիչները, վստահված անձիք ու դիտորդները կարող են վերահսկել գործընթացը: Յուրքանչյուր վստահված անձ կարող է ստուգել ցանկացած ընտրողի անձնագիր: Եթե այս շղթայում լինի կեղծիք, ապա բոլորը պետք է գան համաձայնության», – նշեց պատգամավորը:
 
Այժմ թեև Ազգային ժողովն արդեն թույլատրել է քաղաքացիներին քվեարկել նույնականացման քարտերով, պատգամավորների շրջանում շարունակվում են քվերակության վերահսկողության արդյունավետ մեխանիզմների մշակման վերաբերյալ քննարկումները: «Քննարկումները շարունակվում են, և դեռ հնարավոր է քննարկել և ընդունել բոլոր հետաքրքրված կողմերի առաջարկությունները», – եզրափակեց Սահակյանը:

http://www.youtube.com/watch?v=VqNCBTG44MA 
 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Լուսանկարը` “Հայկական ժամանակ”