«Սա ևս մեկ անգամ հստակ փաստում է, որ պաշտոնական Անկարան հրահրում է Բաքվին գնալ ռազմական գործողությունների շարունակությանը»․ Պատգամավոր

Այս ժամերին, երբ Թուրքիայի արտգործնախարարը այցով գտնվում է Բաքվում, Բաքուն հայտարարեց, որ շարունակում է լայնածավալ ռազմական գործողություններն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

«Եվ սա ևս մեկ անգամ հստակ փաստում է, որ պաշտոնական Անկարան ուղղակի հրահրում է Բաքվին գնալ ռազմական գործողությունների շարունակությանը։ Չավուշօղուն փաստացի ասել է, որ հրադադարը որևէ իմաստ ու նշանակություն չունի։ Այն, որ ադրբեջանական բանակը և անձամբ Իլհամ Ալիևը դեռ խնդրելու է հրադադար հայկական կողմերից, դա քննարկումներից դուրս է։ Այն, որ մենք այսօր կռվում ենք իրականում մշտապես պարտված ու պատվող ադրբեջանական բանակի դեմ, ևս երկրորդ կարծիք ունենալ չի կարող։ Այդուհանդերձ, համաշխարհային հանրությունը ևս մեկ անգամ համոզվում է՝ այս կռվում այժմ նաև խոսքը ահաբեկիչների դեմ մղվող պայքարի մասին է, որը հստակ աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից»,- ասաց նա։

Պատգամավորները նշեց, որ շարունակելու են ջանքերը՝ աշխարհին ցույց տալու, թե այսօր ինչ է կատարվում Հարավային Կովկասում ու ինչ ապակայունացնող դեր է խաղում այդ հարցում Թուրքիան։ Թուրքիան պետք է զրկվի Արցախի հարցում որևէ դերակատարում ունենալու իրավունքից։ Եվ միայն դրանով հնարավոր կլինի ապահովել տարածաշրջանային կայունությունը։