Ընդդիմությունը չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի կողմից ԱԺ-ին ներկայացված համաներման մասին տեքստի բովանդակային մասը, եւ կարեւորում է միայն բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հանգամանքը:
«Մեզ չեն հետաքրքրում իրավաբանական ձևակերպումները, տեքստերը: Մեզ հիմա հետաքրքրում է միայն այն, որ քաղբանտարկյալները ազատ արձակվեն»,-«Մեդիալաբի» ասում է ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը ձայների 91 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ, (ձեռնպահ է քվեարկել միայն ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը) ընդունեց համաներման մասին որոշումը:
ԱԺ-ում քննարկման ժամանակ նաեւ որոշ փոփոխություններ են արվել համաներման նախագծի տեքստում, որից հետո պարզ է դարձել, որ համաներմամբ ազատ կարձակվի նաեւ քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանը, ում հոդվածի վրա համաներման նախագածով համաներումը չէր տարածվում: Փաստացի, ստացվում է, որ այս համաներմամբ ազատ չի արձակվի միայն մինչեւ մարտիմեկյան իրադարձությունները ձերբակալված Մուրադ Բոջոլյանը:
Արդարադատության նախարար Հրայր Թոմվասյանը այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ համաներումը կտարածվի նաեւ քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի պարագայում: Նման պարզաբանման կարիք է առաջացել այն բանից հետո, երբ համաներման նախագծի հրապարակումից հետո տարբեր մեկնաբանություններ են արվել այն կապակցությամբ, որ համաներումը չի ազդելու քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի պարագայում:
Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը, սակայն, «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ այս համաներմամբ Փաշինյանը պետք է անհապաղ ազատ արձակվի եւ դա հիմնավորեց համաներման վերաբերյալ տեքստի չորրորդ կետով:
Համաներման վերաբերյալ տեքստի չորրորդ կետում նշված է. «Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած այն անձանց, որոնք դատապարտվել են`1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը, 2) առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ երրորդը»:
Հայաստանի իշխանությունները համաներում հայտարարելու գործընթացը սկսելուն զուգահեռ, նաեւ բազմիցս հայտարարել են, որ համաներում հայտարարելը ընդդիմության պահանջի կատարումը չէ, եւ կապված չէ քաղբանտարկյլաներին ազատ արձակելու պահանջի հետ:
«Գիտեմ, որ որոշ մարդիկ ցանկանալու են համաներումը կապել բացառապես մարտիմեկյան իրադարձությունների հետ, բայց միշտ էլ համաներումն առավել ընդգրկուն է և միտված է ավելի մեծ խնդիրներ լուծելուն»,- այդ կապակցությամբ հայտարարել էր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Թող արդարանան»,- «Մեդիալաբի» հետ զրույցում այդ հայտարարություններին այսպես արձագանքեց Արման Մուսինյանը:
Քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո, ինչպես իր նախորդ հանրահավաքներում հայտարարել են ընդդիմության լիդերները, իրենք պատրաստ են գնալ իշխանությունների հետ երկխոսության` արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգով:
Այդ կապակցությամբ Արման Մուսինյանը նշեց. «Համաներումից հետո, երբ կատարված կլինի մեր երրորդ պահանջը եւ տղաները կլինեն ազատության մեջ, մայիսի 31-ին Կոնգրեսը կներկայացնի գործընթացների զարգացման հաջորդ փուլը»:
Մուսինյանի խոսքով, Կոնգրեսը միշտ էլ իր պատրաստակամությունն է հայտնել «վարչախմբի հետ ֆորմալ երկխոսություն սկսելու հարցում»:
«Եւ դրա վերաբերյալ մեր մոտեցումները առավել հանգամանալից կներկայացվեն մայիսի 31-ի հանրահավաքի ժամանակ»,- հավելեց Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ ընդդիմության հանրահավաքը, որը քաղաքապետարանը ընդունել է ի գիտություն, կկայանա Ազատության հրապարակում: Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ այդ հանրահավաքին ելույթ կունենան քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ համաներման որոշումը կկիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք «հանցագործություն են կատարել մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ»:
Հրայր Թովմասյանը արդեն հայտարարել է, որ համաներման արդյունքում «պատժից ամբողջությամբ կազատվեն 400 մարդ, եւ այն անձինք, որոնց վրա կտարածվի համաներումը, այսինքն` պատժի չկրած մասը կկրճատվի, նրանք եւս կկազմեն մոտ 400»:
Քրիստինե Խանումյան
© Medialab.am