Պլանային անջատում․ Հայկական ատոմակայանը կանգնել է

Հեղինակ MediaLab

Հուլիսի 1-ի երեկոյան Հայկական ԱԷԿ-ը կանգնել է հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման։ Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վրա աշխատանքները կտևեն 65 օր: Միջոցառումներն իրականացվում են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման շրջանակներում՝ կայանի արդյունավետությունն ու հուսալիությունը բարձրացնելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում են ԱԷԿ-ի մամուլի ծառայությունից:

«Սա պլանային անջատում է, որի ընթացքում կկատարվի ռեակտորի միջին նորոգում, տեղեկատվահաշվողական համակարգի փոխարինում նոր և ավելի ժամանակակից համակարգով,  կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում, ինչպես նաև առաջին կոնտուրի հիմնական սարքավորումների մետաղի հսկողություն», — ասել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:

Հայկական ԱԷԿ-ը պլանային կանխարգելիչ վերանորոգումը համատեղում է կայանի արդիականացման և անվտանգության հետագա բարձրացման հետ, քանի որ աշխատանքների մեծ մասը հնարավոր է իրականացնել միայն բլոկի կանգնեցման պայմաններում:

«Ֆիզիկապես բոլոր հիմնական գործողությունները կկատարենք 2021 թ-ին, ընթացիկ տարին օգտագործվելու  է ռեակտորի ակտիվ գոտու հովացման վթարային համակարգի արդիականացման նախապատրաստման և ռեակտորի կորպուսի մետաղի վերականգնողական թրծման համար, ինչը թույլ կտա 80-85% վերականգնել ռեակտորի մետաղական ծածկոցի ելակետային բնութագրերը: Սա կարևոր գիտատար աշխատանք է կայանի անվտանգության աստիճանի բարձրացման համար », — ասել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

2019 թվականին անցկացվել են աշխատանքներ ռեակտորի արտադրամասում, իրականացվել է մեքենայական արտադրամասի սարքավորումների համապարփակ արդիականացում և փոխարինում, ավարտվել է համակարգերի և սարքավորումների նախագծումը, հետազոտվել է ռեակտորի իրանը: Բացի այդ, կայան են մատակարարվել անհրաժեշտ սարքավորումը։