«Իր մեջ վրեժ կար, հայրը 90-ականներին գերի էր ընկել ու զոհվել, էդ վրեժով լցված՝ գնաց»․ «Մարտական խաչ» Սարգիսին հետմահու՝ բացառիկ արիության համար

2 տարի է անցել այն օրից, երբ Սարգիս Խաչատրյանը զոհվել է պատերազմում, սակայն ԴՆԹ-ի համընկնման բացակայության պատճառով դեռևս հուղարկավորությունը չի արվել։ Սարգիսի կինը՝ երկու անչափահաս երեխաների մայր, 32-ամյա Մելինե Մեհրաբյանը վերջին երկու տարիները «դժոխք» բառով է որակում։

«Զոհվելուց երկու ամիս հետո են Սարգիսի ու երեք ընկերների մարմինները դուրս բերել տարածքից, Սարգիսի ԴՆԹ-ի անալիզները դեռ չեն հաստատվել, ուղարկել են արտասահման։ Սպասում ենք, դեռ հուղարկավորություն չենք արել։ Երկու տարի ա՝ դժոխքի միջով ենք անցնում»,- հուզմունքով ասում է կինը։

33-ամյա Սարգիս Խաչատրյանը ինչպես Ապրիլյան պատերազմի, այնպես էլ 44-օրյա պատերազմի ժամանակ, իմանալով թշնամու հարձակման մասին, միացել է «Մեծն Տիգրան» ջոկատին և կամավոր մեկնել մարտի դաշտ։ 

Մելինեն պատմում է, որ ինքն աշխատանքի է եղել և անգամ տեղյակ չի եղել, որ ամուսինը որոշել է գնալ։ Ասում է՝ Սարգիսը ճանապարհից է զանգել ու ասել, որ գնում է։

«Իր մեջ վրեժ կար, քանի որ իր հայրը 90-ականներին գերի էր ընկել ու զոհվել էր, էդ վրեժով լցված՝ հենց պատերազմի լուր էր լինում, գնում էր։ Ինձ զանգեց, ասեց՝ գնում եմ, ես իրեն փորձեցի հետ պահել, ասեցի՝ նույն ճակատագրին քո երեխեքը կարժանանան։ Ասեց՝ ես ձեզ շատ եմ սիրում, ամբողջ կյանքս էդ վրեժով ապրել եմ, հիմա ժամանակն ա, պիտի գնամ։ Ես չգնամ՝ ո՞վ գնա, հայրենիքը պետք ա պահել»,- պատմում է կինը։

Սարգիս Խաչատրյանը թշնամու դեմ պայքարել է Արցախի հյուսիսային ուղղությունից` Արեգասար կոչվող տեղանքում։ Թշնամու հետ դեմ առ դեմ պայքար մղելիս հոկտեմբերի 5-ին զոհվել է։

Կինը հուզմունքով պատմում է․ «Էդ օրը բախում ա եղել, հետո նահանջի հրաման ա եղել։ Ընկերը ոտքից վիրավորվել ա, Սարգիսն ասել ա՝ ես թիկունքը պահելով կգամ, դու գնա։ Ընկերը մի քիչ գնացել ա, սպասել ա՝ Սարգիսը գա, իրան օգնի, որ նահանջեն, շրջվել, տեսել ա, որ ընկած ա արդեն»։

Հաջորդ օրը կեսօրին Մելինեն ստացել է ամուսնու զոհվելու մասին բոթը։ 

Արտասուքով հիշում է ծանր օրը․ «Իրենց հրամանատարը իմ երեխաների քավորն ա, զանգեց ասեց՝ կներե՛ս, ի՛մ աղջիկ, ես չկարողացա Սարգիսին պահել»։

Մելինեն ասում է՝ երբեք չէր մտածել, որ ամուսնու հետ նման դեպք կպատահի։ Վստահ էր, որ ամուսինը կվերադառնա, քանի որ շատ ճարպիկ էր, լավ մարզված։

«Ես վստահ էի, որ հետ կգա։ Որ ինձ հաջող չէր արել, ասեցի՝ առանց հաջող անելու ես գնում, ասեց՝ գալու եմ, քեզ էլ էդ ժամանակ կպաչեմ, գալու եմ, չնեղվես, բայց չեկավ․․․»- պատմում է ու հուզվում կինը։

Սարգիս Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

«Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

Մելինեն ասում է՝ հպարտությունն ու ցավը միախառնվել են, մի կողմից հպարտ է, որ ամուսինը հերոս է, մյուս կողմից էլ ցավը ոչնչով չի ամոքվում։ 

Սարգիսը ուշադիր էր, հոգատար էր, բարի, ընկերասեր՝ պատմում է կինը ամուսնու մասին։

«Ամեն ինչ հնարավորինս անում էր, որ մենք ոչնչի պակաս չունենանք՝ թե՛ ես, թե՛ երեխեքը։ Ընկերներն էլ մինչև հիմա ուշքի չեն գալիս, շատ ծանր են տանում, որովհետև միշտ կյանքը դրած ա եղել ընկերների ու ընտանիքի համար»,- պատմում է կինը։

Մելինեն ասում է՝ ամուսնու հետ շատ նպատակներ ունեին, ցանկանում էին տուն ունենալ, երեխաների՝ որդու և աղջկա համար լավ կրթություն ապահովել։ 

Ամուսնու զոհվելուց հետո պետության տված աջակցության շրջանակներում Մելինեն կարողացել է Վանաձորում տուն գնել, բայց, ասում է՝ «աչքիս բացարձակ չի գալիս, որ ինքը չկա»։

Մելինեն ասում է՝ կյանքը շատ է փոխվել ամուսնուց հետո, ցավը մի կողմից, կարոտը՝ մյուս, կյանքի դժվարություններն էլ՝ մյուս։

«Ամեն անգամ, երբ դժվարության առաջ եմ կանգնում, ասում եմ՝ ինչի՞ գնացիր, ինչի՞․․․»

Մելինեն ասում է՝ ցավի ու դժվարությունների մեջ, սակայն, փորձում է ուժ գտնել, որ կարողանա երեխաների համար ապահովել այն ապագան, ինչ ինքն ու ամուսինն էին ցանկանում։

«Ամուսինս միշտ տղայիս ասում էր՝ լավ մարդ դառնալու համար լավ ուսում ա պետք, միշտ օրինակ էր բերում, ասում էր՝ ես չար եմ եղել, լավ չեմ սովորել, դժվար ա ամեն ինչը, լավ կրթություն ունենայի՝ լավ աշխատանք կունենայի: Շատ էր կարևորում ուսումը ու միշտ հորդորում էր, որ լավ սովորեր։ 

Ես ինքս իմ առաջ նպատակ եմ դրել՝ էն, ինչ միասին ենք երազել, իրականացնեմ, էն, ինչն ինքն էր պլանավորել երեխեքի համար, մտածում եմ՝ ինչ գնով էլ լինի, պետք ա ստեղծեմ»,- ասում է Մելինեն։

Արփինե Արզումանյան

MediaLab.am