Եւս 10 երեխա լսելու հնարավորություն ստացավ.ՀՀ ԱՆ

Կոխլեար իմպլանտացիայի ծրագրով իրականացվող վիրահատությունների շնորհիվ այսօր ևս 10 պացիենտ կարողանում է լսել։«Էրեբունի» բժշկական կենտրոնում մեկ ամիս առաջ տեղադրված խխունջային իմպլանտները միացվել են հյուրերի ներկայությամբ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ Միքայել Պլոտկովսկին և Արմեն Փիրուզյանը:

Հարկ է նշել, որ ծանրալսություն ունեցող երեխաների հայտնաբերման և բուժումը վաղ սկսելու հարցում կարևոր նշանակություն ունիպետության կողմից ֆինանսավորվող նորածինների լսողության սկրինինգային ծրագիրը, որի շնորհիվ կազմակերպվում է վաղ միջամտություն` երաշխավորելով լավագույն արդյունք։

Չնայած նրան, որ 2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներդրված կոխլեար իմպլանտացիայի ծրագրով իրականացվող վիրահատությունները ներառված չեն պետության կողմից ֆինանսավորվող ծառայությունների շարքում` վերջին երկու տարվա ընթացքում առողջապահության նախարարի անհատական հրամաններով պետությունը փոխհատուցել է շուրջ 17 վիրահատության ծախս։

Նշենք, որ վիրահատությունները կատարել է UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, ազգությամբ ճապոնացի Ակիրա Իշիյաման՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի ղեկավար Արթուր Շուքուրյանի հետ:

Այդ վիրահատությունների ընթացքում խխունջային ինպլանտները տեղադրվում են ներքին ականջի մեջ և ձայնային ալիքները ընկալելու հնարավորություն տալիս: Հարկ է նշել, որ 17 տարվա ընթացքում ավելի քան 150 երեխա լսում է՝ կոխլեար իմպլանտացիայի ծրագրի շնորհիվ։ Ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց ախտորոշված է 4-րդ աստիճանի ծանրալսություն: