Կորոնավիրուսային վիճակը հարաբերական կայուն է և մի փոքր բարելավվել է

Կորոնավիրուս, corona
Հեղինակ MediaLab

Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի հետ կապված ընթացիկ իրավիճակին և խոսքը փոխանցել առողջապահության նախարարին: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով վիճակագրությունը, նշել է. 

«Այսօր 1785 նոր դեպք ունենք՝ նախորդ օրվա 1563-ի համեմատ, բայց թեստերի քանակն ավելի շատ է, քան նախորդ օրվանը: Այսինքն՝ հարաբերական կայուն վիճակ ունենք և մի փոքր բարելավված, եթե համեմատենք մոտ 3-4 շաբաթվա վաղեմության թվերի հետ: Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունն արդեն ավելի տանելի է:

Մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, և մենք չենք կարողանում տեղավորել: Այսինքն՝ բոլորին տեղավորում ենք և հույս ունենք, որ այս իրավիճակը առնվազն մոտակա մի քանի շաբաթներին կպահպանվի՝ իհարկե, մեր բոլորի, մեր ազգաբնակչության օգնությամբ, որովհետև կանոնների պահպանումը շատ կարևոր է:

Հիվանդանոցները շարունակում են աշխատել նույն ռեժիմով, դեռ փակելու մասին չենք մտածում: Մտածում ենք արդեն ձմեռային սեզոնին պատրաստ լինելու մասին, քանի որ հիմա էլ քննարկումներ են գնում համաշխարհային ակադեմիական շրջանակներում, որ, այո, հնարավոր է, նորից անկում, բայց կրկին աճ՝ 2-3 ամիս ինտերվալով, և ամեն դեպքում համակարգը մնում է միշտ պատրաստ՝ իր առջև դրված խնդիրը լուծելու համար»:

Աշխարհում կորոնավիրուսային իրավիճակի միտումների հետ կապված վարչապետը նշել է հետևյալը. «Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ Covid-ի հետ կապված զարգացումներն աշխարհում ընթանում են մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ մենք կանխատեսում էինք:

Որովհետև վերջնարդյունքում, ըստ էության, եթե ոչ բոլոր երկրները, առնվազն երկրների մի շատ հատված, անկախ կարճ ժամանակաշրջանում եղած արդյունքից, գալու և մոտավորապես նույն արդյունքներն են ունենալու: Օրինակ, կար ժամանակ, երբ Հայաստանը 100.000 բնակչի թվով աշխարհում ամենաբարձր վարակելիության ցուցանիշն էր ցույց տալիս:

Բայց հիմա երբ վիճակագրությունը նայում ենք, այս ցուցանիշը դառնում է փոխանցիկ: Այսինքն՝ ինչ-որ ժամանակ Հայաստանն է, ինչ-որ ժամանակ Վրաստանն է, ինչ-որ ժամանակ, ենթադրենք, Իտալիան է, ինչ-որ ժամանակ Բելգիան է, ինչ-որ ժամանակ Իսպանիան է, ինչ-որ ժամանակ Միացյալ Նահանագներն են, ինչ-որ ժամանակ Բրազիլիան է, նկատի ունեմ՝ աշխարհի 100.000 բնակչի թվով առաջատարը:

Եվ, իհարկե, ես հույս ունեմ, որ մենք այդ առումով մեր պիկը հաղթահարել ենք, չնայած էլի անկանխատեսելի է, չի կարելի բացառել: Այսինքն՝ քանի դեռ բոլոր երկրները չեն հասցրել պատվաստանյութ ունենալ, այս ցուցանիշը փոխանցիկ դրոշի նման վերցնելու են և վերցրել են, և շատ քիչ երկրներ կան այսօրվա դրությամբ, որ այս ցուցանիշը դեռ չեն ունեցել:

Ինչ-որ մի շաբաթ կամ ամիս իրենք եղել են աշխարհում 100.000 բնակչի թվով ամենաբարձր վարակելիություն ունեցող երկիրը: Սա այն ժամանակ մեր կանխատեսումն էր, որ այդպես էլ լինելու է, և, ցավոք, այդպես էլ պատահեց»:

Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվել է պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքներից՝ նշելով, որ գործընթացը չի դադարեցվել, և արդեն կան որոշակի պայմանավորվածություններ: Ի պատասխան Արսեն Թորոսյանը վարչապետին տեղեկացրել է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են. «Այո, պարոն վարչապետ: Ես մի անգամ նշել եմ:

Մենք ունենք արդեն վճարած կանխավճար – նաև Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ եմ բարձրաձայնել – միջազգային հավաքական գնումների մի պլատֆորմին, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ:

Այսինքն՝ այդտեղ հավաքված են բոլոր արտադրողների այն պոտենցիալ պատվաստանյութերը, որոնք ապագայում վերջնական գրանցում ստանալու մեծ շանսեր ունեն: Այս պահի դրությամբ մինչև 10 թեկնածուի մասին է խոսքը, և դրանցից որը հաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու, ինչպես իմ նշած բազմաթիվ երկրներ:

Նախնական մենք պատվիրել ենք մեր բնակչության 10 տոկոսի չափով, այսինքն՝ 300.000 բնակչի հաշվարկով: Հավանական մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի շուրջ, ինչպես և ամբողջ աշխարհի համար: Խոսքը վերջնական հաստատված պրոդուկտի մասին է:

Իսկ փորձնական պրոդուկտներ հիմա կան աշխարհում և օգտագործվում են տարբեր փորձարկումների ժամանակ՝ թե՛ Ռուսաստանի Դաշնությունում, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպայում:

Մենք նաև ուղիղ բանակցություններ ենք վարում, բայց ցանկանում եմ նշել, որ այդ բոլոր պրոդուկտները նաև կան իմ նշած միջազգային պլատֆորմի մեջ: Եվ եթե, օրինակ, ռուսական պատվաստանյութը վերջնական հաստատում ստանա ԱՀԿ-ի և այդ պլատֆորմի կողմից, մենք կարող ենք ընտրել նաև այդ պրոդուկտը, կամ ամերիկյան պրոդուկտը՝ որը կլինի ավելի արագ և ավելի էֆեկտիվ: Որոշելիքը մերն է լինելու:

Մենք այդ որոշումների կայացման պրոցեսը տանում ենք փորձարկումներին և հաստատմանը զուգընթաց, աշխարհին համընթաց գնում ենք»:

Պարզաբանելով կորոնավիրուսի պատվաստանյութի 300.000 բնակչի համար չափաքանակի վերաբերյալ վարչապետի հարցադրումը՝ առողջապահության նախարարը զեկուցել է, որ դա շատ պահպանողական հաշվարկ է. հաշվի են առնված անորոշությունները, որովհետև պարզ չէ, թե պատվաստանյութի առկայության պահին դրա իրական պահանջարկն ինչքան է լինելու, օրինակ, ապրիլ ամսին: 

«Հաշվի առնելով մեր փորձը, այլ նմանատիպ հիվանդությունների դեմ պատվաստման, օրինակ՝ գրիպի դեպքում՝ մենք տարեկան ձեռք ենք բերում մոտ 180.000 քաղաքացու պատվաստանյութ և դժվարությամբ ենք հաճախ դա սպառում՝ իմանալով, այսպես ասած, մեր բնակչության պատվաստվելու ավանդույթները:

Նման պահպանողական սցենար ենք ընտրել, բայց եթե բարեբախտաբար, և՛ կարիքը լինի, և՛ հաջողվի անել, հետագայում կավելացնենք նաև քանակները: Սա սկիզբն է», – նշել է Ա. Թորոսյանը:

Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով, սկզբնական շրջանում հասանելիություն լինելու է կոնկրետ խմբերի համար՝ քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների, տարեցների, փակ հաստատություններում ապրող անձանց, բուժաշխատողների, ինչն սկզբունք է ողջ աշխարհում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։