Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնն իր 29-րդ թատերաշրջանը սկսում է նոր ներկայացմամբ: Բեմ կբարձրանա «Ճախրող լամպը» պիեսը: Գլխավոր հերոսը Փոլն է, որը երազում է աճպարար դառնալ: Այդ ճանապարհին ընտանիքի խնդիրները խոչընդոտ են դառնում: Ամեն դեպքում երկչոտ տղան չի հրաժարվում իր երազանքից և ամեն օր սենյակում փակված աճպարարական հնարքներ է կատարում:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ներկայացման բեմադրիչ Մերի Մարգարյանը նշեց, որ տղայի ծնողները, կարծես, ուզում են կտրել Փոլին իր երազանքից՝ ասելով, որ իր երազածն իրատեսական չէ: Տղայի համառությունը կամքի դրսևորման յուրահատուկ պատմություն է, որն արդիական է մեր օրերում:
«Ներկայացման մեջ արտացոլել ենք ընտանիքի ամբողջ տունը: Այնպիսի տպավորություն է, որ հանդիսատեսը, կարծես, թաքուն նայում է, թե ինչ է զուգահեռ կատարվում տարբեր սենյակներում: Ամբողջ ներկայացման ընթացքում երևում են բոլոր կերպարները»,- ասաց Մերի Մարգարյանը:
Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը ներկայացման մեջ մարմնավորում է հերոսի մոր կերպարը: Նա առանձնացրեց մի կարևոր ուղերձ՝ երազել դեռ չի, նշանակում ստանալ: Դրա համար անհրաժեշտ է գործել, աշխատել և հավատալ:
«Գլխավոր հերոսը՝ Փոլը, հանուն իր երազանքի աընդհատ գործում է: Մյուս հերոսներն իրենց երազանքի ետևից չեն գնացել, դա համարել են ոչ ռեալ: Տղան, որն ամենաերկչոտ տեսակն է, կամքի դրսևորման լավագույն օրինակ է ցույց տալիս: Այո, երազել դեռ չի նշանակում ստանալ, և երազանքի համար պետք է ուժ ունենալ: Ինչը վերաբերում է մեզ, մեր Հայրենիքին, ապա մենք տերն ենք մեր Հայրենիքի: Մենք արվեստի առաջնագծում ենք, և ոչ ոք թուլանալու իրավունք չունի»,- հավելեց Նարինե Գրիգորյանը:
Ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Նարեկ Բաղդասարյանը: Նա նույնպես տպավորված է իր կերպարի կամային հատկանիշներով: Իր գործին սիրահարված Փոլն ամեն ինչ անում է կատարելագործվելու համար: Նրա ընտանիքի բոլոր անդամները չիրականացրած երազանքների զոհերն են և հերոսի միջոցով նրանք կոտրում են պատնեշն ու դուրս գալիս լույս աշխարհ:
«Մենք սովորություն ունենք ցանկանալ ինչ-որ բան, սակայն սովոր չենք գործ անել: Իմ կերպարն այդ տեսակը չէ: Նա սիրահարված է հրաշագործությանը, անընդհատ փորձ է անում, փորձում է կատարելագործվել, սակայն մի քիչ վախվորած է: Չնայած դրան՝ նրա կամային հատկանիշներն ավելի ամուր գտնվեցին»,- ասաց դերասանը:
Ներկացումըն աչքի է ընկնում դերասանների վարպետ խաղով, բարձրաճաշակ ձևավորմամբ, հնարամիտ դեկորացիաներով:
Բեմադրության առաջնախաղերը նախատեսված են փետրվարի 6-ին, 7-ին, 14-ին և 27-ին: