16 միլիոն ֆունտի գնումներ․ Բրիտանիան պարզում է ադրբեջանցի նախկին պաշտոնյայի կնոջ մեծ հարստության աղբյուրները

16 միլիոն ֆունտի գնումներ․ Բրիտանիան պարզում է ադրբեջանցի նախկին պաշտոնյայի կնոջ մեծ հարստության աղբյուրները
16 միլիոն ֆունտի գնումներ․ Բրիտանիան պարզում է ադրբեջանցի նախկին պաշտոնյայի կնոջ մեծ հարստության աղբյուրները

Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունն (NCA) առաջին անգամ արտասահմանյան պետության քաղաքացուց պահանջել է նշել իր հարստության աղբյուրը: Պահանջը դրվել է դեռ տարեսկզբին, սակայն պատասխանողի անձը հայտնի է դարձել միայն հիմա, հաղորդում է Բի-Բի-Սին:

Ո՞ւմ մասին է խոսքը

Խոսքն Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավարի տիկնոջ՝ Զամիրա Հաջիևայի մասին է, որն, ինչպես երևում է դատարանի փաստաթղթերից, շքեղ կյանք է վարում՝ միայն Harrods հանրախանութում ծախսելով մոտ 16 մլն ֆունտ, ինչպես նաև ավելի քան 20 մլն ֆունտի անշարժ գույք  ձեռք բերելով:

Նրա անունը հանրությանը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ լրացել է լրատվամիջոցների համար այդ տեղեկատվությունը չհրապարակելու դատական վճռի ժամկետը: Լրագրողները պնդում էին, որ այդ տվյալները պետք է բացահայտվեն ի շահ հասարակության:

Ի՞նչ է տեղի ունենում

Բրիտանական իշխանություններն ավելի վաղ իրավունք էին ստացել չճշտված ծագմամբ ունեցվածքի մասին հարցումներ կատարել 50 հազար ֆունտից ավել արժողությամբ ակտիվների տերերից:

Խոսքն, առաջին հերթին, գնում է հանցավոր գործունեության համար կասկածվողների, ինչպես նաև Եվրոպական տնտեսական գոտում չներառված երկրների ազդեցիկ քաղաքական ֆիգուրների մասին:

Հաջիևայի գործով լսումները սկսվել են Լոնդոնի Բարձր դատարանում հուլիսին: Կնոջից բացատրություններ են պահանջել անշարժ գույքի երկու օբյետկների վերաբերյալ. խոսքը Լոնդոնի Նայթսբրիջ հեղինակավոր թաղամասում 11.5 մլն ֆունտ արժողությամբ տան և Ասկոտ քաղաքի մերձակայքում գտնվող հողատարածքի մասին է, որը ձեռք է բերվել 10.5մլն ֆունտով:

Հեռանկարները

Եթե Հաջիևան չկարողանա բացատրել անշարժ գույքի և հողատարածքի գնման համար անհրաժեշտ գումարի ծագումը, գույքը կարող է բռնագրավվել:

Հաջիևան Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավարի՝ Ջահանգիր Հաջիևի կինն է: Ջահանգիր Հաջիևը կալանավորվել է Բաքվում 2015թ-ի դեկտեմբերին Միջազգային բանկից ընդհանուր առմամբ 211 մլն մանաթ հափշտակելու մեղադրանքով: 2016թ-ի հոկտեմբերին դատարանի որոշմամբ նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Ըստ դատավճռի՝ նրանից պետք է բռնագրավվի նաև 63 մլն մանաթ հօգուտ «Միջբանկի» և 7 մլն մանաթ՝ հօգուտ «Ագրարվարկի»:

Մեղադրյալի՝ քննությունից թաքնվող կինը՝ Զամիրա Հաջիևան, հեռակա կալանավորված է և հետախուզման մեջ է:

Աղբյուրը՝ jam-news.net