Ոստիկանական խոշտանգման հետքերը երևում են իրավապաշտպանների 2015-ի զեկույցում. Fip.am

Ոստիկանական խոշտանգման հետքերը երևում են իրավապաշտպանների 2015-ի զեկույցում. Fip.am
Ոստիկանական խոշտանգման հետքերը երևում են իրավապաշտպանների 2015-ի զեկույցում. Fip.am

Վերջին օրերին համացանցում լայն տարածում գտավ «Սկանդալային տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները խոշտանգում քաղաքացուն։

Տեսանյութը տարածվել է նոյեմբերի 21-ին newsmedia.am կայքի կողմից և մի քանի օր շարունակ հանրության լայն քննարկումների առիթ է հանդիսանում։ Տեսանյութում չորս քաղաքացի ծեծում են մի անձի, հայհոյում, ապա գետնին են գցում նրան ու կապում ոտքերը, որից հետո էլ մահակով ոտնաթաթերին են հարվածում, ինչպես նաև հակագազ են հագցնում։

Տեսանյութում երևացող խոշտանգող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են և հարուցվել է քրեական գործ։

Հատկանշական է, որ նմանատիպ մի դեպքի հիշատակում կա Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) մասնագետների՝ 2013 թ․ Հայաստան կատարած այցից հետո հրապարակված զեկույցում (2015 թ․)։

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է զեկույցի և միջադեպի որոշ մանրամասներ։

Զեկույցի մանրամասները

«Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման» եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ ԽԿԿ մասնագետները պարբերական այցեր են կատարում կոնվենցիան վավերացրած երկրների (ԵԽ անդամ 47 երկրներ) կալանավայրեր:

Այսպես, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) հրապարակած զեկույցում ասվում է, որ այցի ընթացքում իրենց հետ զրուցած կալանավորներից մեկը պատմել է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները խոշտանգել իրեն և մի քանի անգամ հակագազ հագցրել գլխին։ Նա նշել է, որ խոշտանգման է ենթարկվել ոստիկանության Արաբկիր բաժնում, նկարագրել է ճշգրիտ այն վայրը, որտեղ ոստիկանները թաքցրել են հակագազը։

Պատվիրակությունը մեկնել է կալանավորի նկարագրած վայր և գտել է հակագազը, ինչպես նաև կարմրաշագանակագույն հետքերով պայուսակ, որի մեջ պահվել է հակագազը և կաշվե գոտի։ Կարմրաշագանակագույն հետքերը, ըստ մասնագետների, հավանաբար, արյան հետքեր են։

Արաբկիրի բաժնում հայտնաբերված հակագազը, պայուսակը և կաշվե գոտին
Կարմրաշագանակագույն հետքեր՝ հակագազի և պայուսակի վրա
Վայրը, որտեղ թաքցրել էին հակագազը

Զեկույցում նշվում է, որ ոստիկանների կողմից կալանավորների խոշտանգումների վերաբերյալ այլ պատմություններ ևս եղել են։

Նշենք, որ պատվիրակության այցը Հայաստան եղել է 2013 թ․ ապրիլին: Նշված դեպքը, սակայն, արձագանք չի գտել իրավապահ մարմինների կողմից։

Միջադեպի և տեսանյութի մասին

Newsmedia.am կայքը տեսանյութը հրապարակելուց մեկ օր անց՝ նոյեմբերի 22-ին, հրապարակում տարածեց, որում նշված է, որ տեսանյութում երևացող ոստիկանները Արաբկիրի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներն են, իսկ երևացող անձանցից մեկը բաժնի պետն է՝ Նարեկ Սիմոնյանը։ Տեսանյութը կայքին փոխանցել է ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը, որը հայտնի է «Դոգ» մականունով։ Կայքում հրապարակվեց նաև վերջինիս հետ հարցազրույց, որում Վարդան Ղուկասյանն ասում է, որ ինքը պատկան մարմիններին ուղարկել է այլ կարևոր տեղեկություններ ևս, սակայն դրանք անհետևանք են մնացել։

Ոստիկանության նախկին աշխատակիցը հայտնի է իր անվան շուրջ պտտվող մի շարք աղմկահարույց դեպքերով, 2013-ին ազատվել է աշխատանքից՝ «Հետքի» լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպից հետո (Ղուկասյանը քաշքշել ու վիրավորել էր լրագրող Անի Հովհաննիսյանին): Իսկ 2014-ին նա հրապարակավ հայտարարել էր, որ պատրաստվում է ջրի երես հանել ոստիկանության բոլոր չարաշահումները։

Իրավապահ մարմինները Newsmedia.am-ի տեսանյութին արձագանքեցին արդեն հաջորդ առավոտյան։ Գլխավոր դատախազի խորհրդականը հայտնեց, որ հաղորդում է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ հաղորդագրությունը ևս չուշացավ․ հարուցվել է քրեական գործ։

«Հայկական ժամանակ» օրաթերթն էլ նոյեմբերի 26-ին հրապարակում տարածեց, ըստ որի՝ ոստիկանությանն արդեն հայտնի են տեսանյութում երևացող երեք ոստիկանների ինքնությունը (մեկը Նարեկ Սիմոնյանն է)։ Ըստ նրանց՝ տեսանյութը շուրջ 10 տարվա վաղեմության է, քանի որ նշված ոստիկանները միասին այդ ստորաբաժանումում աշխատել են հենց այդ շրջանում։

Նրանցից միայն Նարեկ Սիմոնյանն էր ներկայում աշխատում ոստիկանությունում՝ որպես Ճամբարակի բաժնի պետ։ Քրեական գործի հարուցումից հետո վերջինիս լիազորությունները դադարեցվել են։

Արդյո՞ք զեկույցի և տեսանյութի դեպքերը նույնն են՝ պնդել հնարավոր չէ, սակայն ակնհայտ է, որ Արաբկիրի բաժնում խոշտանգումներ իրականացվել են։

Անի Ավետիսյան

www.fip.am