Կորոնավիրուսի նկատմամբ մարդկանց զգոնությունը թուլանում է, կորոնաֆոբիայի դեպքերը` նվազում. Հոգեբան

Կորոնաֆոբիայով տառապողների թիվը Հայաստանում նվազում է, մարդկանց զգոնությունը՝ թուլանում։ Իսկ պատճառն այն է, որ մարդիկ ձանձրացել են կորոնավիրուսից։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասում է հոգեբան Սամվել Խուդոյանը։

Վերջին ամիսներին աճել էր հոգեբաններին դիմող այն անձանց թիվը, որոնք վախենում էին կորոնավիրուսով վարակվելուց։ Հոգեբանն ասում է՝ այսօր հակառակ պատկերն է։

«Ես կարող եմ մեկ բան ասել՝ մարդկանց մեջ ընդհանուր վախը շատ է նվազել, մարդկանց կարծես ձանձրացրել է կորոնավիրուսը։ Օրինակ՝ սրանից մեկ ամիս առաջ՝ օգոստոս ամսին, մեզ էին դիմում հսկայական թվով մարդիկ, որոնք տառապում էին կորոնաֆոբիայով։ Արդեն մոտ 15 օր է՝ մեզ նոր մարդ չի դիմել։ Մարդիկ արխայնացել են»,- «Մեդիալաբին» ասում է Սամվել Խուդոյանը։

Վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ մարդկանց զգոնության թուլացում է նկատվում՝ անվտանգության կանոններն այլևս խստորեն չեն պահպանվում, ինչպես ամռան ամիսներին։ Փողոցներում նկատելի է, որ շատերը շրջում են առանց դիմակի կամ դիմակը ոչ պատշաճ կրելով։

Սրան զուգահեռ դարձյալ սկսել են աճել հիվանդացության դեպքերը։ Սամվել Խուդոյանն ասում է՝ ուղիղ կապ կա մարդկանց զգոնության թուլացման ու կորոնավիրուսի դեպքերի աճի միջև։

Անգամ զարգացած երկրներում է սահմանափակումների թուլացումը բերել թվերի աճի, և շատ երկրներ դարձյալ խստացումների ճանապարհով են գնում։

«Մենք պետք է հասկանանք՝ կորոնավիրուսը ոչ մի տեղ չի գնացել, չի թաքնվել մեզանից։ Ընդհակառակը, ինքն իր պտույտն է կատարում»,- ասում է Խուդոյանը։

Հոգեբանի խոսքով՝ նկատելի է, որ մարդիկ ավելի քիչ են դիմակ կրում, ավելի ազատ են իրենց զգում։ Դրան զուգահեռ, ոստիկաններն ավելի քիչ են հսկողություն իրականացնում ու տուգանում մարդանց։

«Ինձ թվում է՝ հենց ոստիկանների անտեսելն է պատճառը, որ մարդիկ իրենց ավելի ազատ են զգում։ Դիմակ դնել-չդնելը պայմանավորված է նաև պատիժներով։ Եթե պատիժները մեղմացվել են, եթե հրահանգ է տրվել ավելի քիչ ուշադրություն դարձնել այդ խնդրին, նման իրավիճակ է ստեղծվում։ Եվ այս պայմաններում վարակի թվերը կարծես թե մոտենում են լուրջ ժամանակների թվերին»,- ասում է Խուդոյանը։

Նրա խոսքով՝ այս ամիսների ընթացքում մարդկանց որոշակի հատվածի մոտ այդպես էլ գիտակցում չեղավ, որ պետք է պատասխանատվությամբ վերաբերվել սեփական առողջությանը։

«Կան մարդիկ, որ կարծում են՝ «վիրուսը մեզ չի կպնի», «սաղ սուտ է»։ Այդ գիտակցությունն ունեցող մարդիկ չեն պահպանում անվտանգության կանոնները։ Իսկ այն մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ հիվանդությունը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով, բոլորն էլ դիմակ են կրում։

Դա ընդամենը մարդու գիտակցությամբ պայմանավորված հանգամանք է։ Եվ, իհարկե, նաև խստությամբ է պայմանավորված, որովհետև եթե մարդուն բռնում, կանգնեցնում են ու 10 հազար դրամով տուգանում, բնականաբար, նա վախենում է»,- հավելում է հոգեբանը։

Սամվել Խուդոյանը նկատում է, որ միայն Հայաստանում չէ այդ խնդիրը, որ պետք է վախ լինի վերահսկողներից, որպեսզի մարդիկ պահպանեն կանոնները։ Այդ խնդիրն ամբողջ աշխարհում կա։

Հոգեբանը նաև նկատում է, որ կորոնավիրուսին լուրջ չեն վերաբերվում հիմնականում երիտասարդները։

«Շատ երիտասարդներ այսօր մտածում են, թե այս հիվանդությունն իրենց չի կպնի, չնայած ջահելների մահեր էլ են եղել։ Ես նկատում եմ, որ հիմնականում երիտասարդներն են անլուրջ վերաբերվում այս խնդրին, տարիքով մարդիկ ավելի զգուշավոր են։ Դա մարդու գիտակցության հարց է և պետական վերահսկողության ու խստության։ Հիշո՞ւմ եք՝ նախկինում, երբ ամեն օր տուգանում էին, մարդիկ ինչպես էին դիմակ կրում»,- ասում է նա։

Իսկ պետական վերահսկողության նվազումը, ըստ հոգեբանի, կարող է պայմանավորված լինել նրանով, որ Հայաստանում ընդհանրապես վերահսկողության ոլորտում խնդիրներ կան։

«Թեև Փաշինյանն ասում է, թե ոչ մի ոստիկան չպետք է անտեսի օրինախախտներին, բայց ոստիկանների մեծ մասն անտեսում է։ Վերջին շրջանում ես հազար անգամ եմ տեսել, որ ոստիկաններն անցնում են դիմակ չդրած անձի մոտով, ոչ մի ձայն չեն հանում։ Գուցե ներքին հրահանգ կա, որ այդպես վարվեն և տեսնեն, թե թվերը մինչև ուր են աճում, չգիտեմ»,- նշում է Սամվել Խուդոյանը։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am