Արցախի դեմ կռվում է նաև Թուրքիան. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով` Արցախի դեմ, բացի  Ադրբեջանից, կռվում է նաև Թուրքիայի Հանրապետությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 27-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում:

«Մեզ հետ կռվում է նաև Թուրքիան: Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքները` անօդաչու թռչող սարքեր և ինքնաթիռներ: Չեմ խոսում վարձկանների, այլ երկրներից կամավորականների մասին: Արցախը կռվում է միայն օգտագործելով Արցախի ՊԲ բանակի ուժերը և կլինեն կամավորներ միայն ՀՀ-ից, չնայած, որ ՀՀ կառավարության որոշումը կա` հայտարարել ռազմական դրություն և մոբիլիզացիա»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց, որ Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը:

«Դիրք կորցրել ենք, հնարավոր է` նաև կորցնենք: Դիրքեր գրավելու ենք հաստատ: Պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են, թշնամու ծրագիրը ձախողվելու է: Արդեն իսկ ունեն հարյուրավոր կորուստներ, տեխնիկայի տասնյակ կորուստներ»,- նշեց Արայիկ Հարությունյանը: