Քրեական ենթամշակույթի տարբեր հանցակազմերով մեղադրանք է առաջադրվել երկու անձի

Հեղինակ MediaLab

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Շիրակի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ 27.08.2020թ. ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասի և 223.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական, դատավարական այլ և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ

պարտապան Ս.Ս.-ն, սնանկության գործով կառավարչից տեղեկանալով սեփականության իրավունքով իրեն պատկանող և բանկում գրավադրված ավտոմեքենան աճուրդով այլ անձի վաճառված լինելու հանգամանքի վերաբերյալ, բջջային հեռախոսահամարով կապ է հաստատել վերջինիս հետ և առաջարկել ավտոմեքենայի դիմաց ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնել՝ միաժամանակ փորձելով նրա հետ հանդիպել:

Սակայն գնորդի կողմից մերժում ստանալով՝ այդ անձը նշյալ վեճը լուծելու խնդրանքով դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գողական աշխարհի ներկայացուցիչ, Գյումրի քաղաքում «քրեական հեղինակություն» հանդիսացող Տ.Ն.-ի օգնությանը՝ ավտոմեքենան գնորդին չհանձնելու, ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնելու և իր տիրապետության տակ թողնելու կապակցությամբ համապատասխան գործողություններ կատարելու համար:

Մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը և ներգրավվելով դրանում՝ «քրեական հեղինակություն» հանդիսացող անձն իր հերթին բջջային հեռախոսահամարով զանգահարել է աճուրդում հաղթող ճանաչված գնորդին և փորձել հանդիպել վերջինիս հետ՝ նրա կողմից գնված ավտոմեքենայի հետ կապված պարզաբանումներ կատարելու, այդ մեքենան նախկին սեփականատիրոջը վերադարձնելու համար, ինչը, սակայն, մերժվել է գնորդի կողմից։

Հիմնվելով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության վրա՝ նշված քրեական գործով 06.08.2020թ. վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս.Ս.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական  օրենսգրքի  223.4-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր արարքը կատարելու համար:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տ.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի  223.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու հանցավոր արարքները կատարելու համար:

Վերջինիս նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց է կիրառվել գրավ՝ 2մլն դրամի չափով, միաժամանակ, ապահովելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի պահանջները՝ մինչև գրավի մուծման մասին ապացույցներ ստանալը մեղադրյալի նկատմամբ կիրառվել է նաև ստորագրություն չհեռանալու մասին:

Դատախազական պատշաճ և հետևողական հսկողության ներքո քրեական գործով նախաքննությունը շարունակվում է;