«Մենք կոտրեցինք նրանց նպատակները. մեր ոգին շատ բարձր է. հիմա պետք է պատերազմը շուտ ավարտել. Կոմանդոս

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) 

– Պարո՛ն Տեր-Թադևոսյան, այսօր վարչապետը հայտարարեց, որ Արցախի հարցը առնվազն այս փուլում դիվանագիտական լուծում չունի, և պետք է պայքարենք մինչև վերջ: Ինչպիսի՞ն է իրավիճակը, դուք ինչպե՞ս եք գնահատում:

– Ես՝ որպես զինվորական, չեմ խառնվում և չեմ ուզում գնահատականներ տալ, բայց ես կարող եմ ասել, որ չի կարելի պատերազմի հաշվին հաղթանակ տանել կամ պարտվել: Հենց հիմա պետք է վերջացնել պատերազմը, ինչքան շուտ, այնքան լավ: Սա իմ կարծիքն է:

– Ո՞րն է ձեր մտահոգության առիթը, որ մեր բանակն այսպես մաշվո՞ւմ է:

– Մենք պատրաստ ենք կռվելու Ադրբեջանի դեմ և կարող ենք հաղթել, ոչ թե ինչպես Ալիևն էր ասում՝ 20 րոպեում: Բայց այսօր Ադրբեջանի կողքը կանգնել են 80 միլիոնանոց Թուրքիան, Պակիստանը, Ուկրաինան: Փաստացի բոլորը մեր դեմ դուրս եկան:

Ու այս դժվար պայմաններում, որ մենք կարողանում ենք հաջողություն ունենալ, դա միայն մեր զինվորների ու սպաների հերոսությունների շնորհիվ է:

Մենք կռվում ենք 80-90 մլն բանակի դեմ: Անհամեմատելի են մեր մարդկային ռեսուրսներն ու իրենցը, նաև հավասար չէ մեր ու նրանց զենք-զինամթերքի պաշարը:

Մեզ ո՞վ է օգնում, որ զենք-զինամթերք ունենանք, իսկ նրանցը գալիս է և՛ Իսրայելից, և՛ Թուրքիայից, և՛ Ռուսաստանից, և՛ Բելառուսից, և՛ այլ երկրներից:

Մենք պետք է գիտակցենք, որ շատ դժվար է մեր բանակի համար, մեր ազգի համար: Մենք հիմա այն վիճակում ենք, որ մեր բարոյական ոգին շատ բարձր է, մենք միասնական ենք, բոլորս իրար հետ ենք:

Մեր զինվորների մարտական ու բարոյական ոգին թույլ է տալիս մեզ պաշտպանել մեր երկիրը: Բայց դա հաղթանակ չէ, ոչ էլ պարտություն է: Հիմա որքան շուտ պատերազմը վերջանա, դա մեզ համար հաղթանակ է:

Մենք մեր փոքր բանակով, փոքր ազգով ու փոքր ռեսուրսով հերոսաբար դիմակայում ենք: Ես՝ որպես զինվորական, միշտ պարծեցել ու պարծենում եմ մեր բանակով, մեր ազգով:

Իհարկե, մենք, մեր բանակը ունենք թերություններ, բայց թերություններ ամեն տեղ էլ լինում են: Այն, ինչ մենք ունենք, դա մեր լավ կողմն է, բայց դրա հետ մեկտեղ կա մի վատ բան, դա մեր կորուստներն են, որը ոչ մի բանով չես կարող փոխհատուցել:

Մենք իրավունք չունենք այդքան երիտասարդ զինվոր ու սպա կորցնելու, նրանք մեր գենոֆոնդն են: Ինչքան կորցրել ենք, արդեն պետք է վերջացնենք: Իմ կարծիքով՝ ինչքան շուտ պատերազմը վերջացնենք, այնքան մեր հաղթանակն է: 

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այսքան ձգձգվեց պատերազմը:

– Դե, նրանք բլից կրիգ էին ուզում իրականացնել, որ մի քանի օրվա մեջ վերցնեն ամբողջ Արցախը: Թուրքիան այդպիսի ծրագիր էր գծել, նրան թվում էր, թե մի 2 օրվա մեջ հայերը կհանձնվեն:

Բայց մեր հերոսական պատերազմը, անձնազոհ դիմադրությունը խառնեցին նրանց պլանները, դրա համար այսպես ձգձգվում է:

Մենք կոտրեցինք իրենց նպատակները: Նրանց առաջին նպատակը Արցախը վերցնելն էր. նրանք ասում էին՝ մի 2 օրվա մեջ կվերցնենք Ղարաբաղը, հետո որոշ ժամանակ հետո նաև Հայաստանն ենք վերցնելու ու Մեծ Թուրանը հասցնելու ենք մինչև Չինաստան: Դա նրանց վաղեմի երազանքն է, բայց Հայաստանը մնաց նրանց կոկորդին:

Մանե Հարությունյան

MediaLab.am