Բանանի շուկա․ վերացող մենաշնորհը

Բանանի ․ վերացող մենաշնորհը

Հայաստանում բանանի ներկրման շուկան ազատականացել է և ազատվել մենաշնորհից, ինչը համապատասխանում է 2019 թվականի փետրվարի 28-ին հրապարակված՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունավետության վերաբերյալ զեկույցում նշված ցուցանիշներին։

«Փաստերի ստուգման հարթակն» արդեն անդրադարձել է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունավետության մասին զեկույցում տեղ գտած առանձին ապրանքատեսակների, մասնավորապես՝ շաքարավազի ու դիզելային վառելիքի շուկայում տեղի ունեցած փոփոխություններին և ցույց տվել, որ շաքարավազի շուկայումդրական տեղաշարժը այնքան էլ ակնառու չէ, իսկ դիզելային վառելիքի գծով ունենք առավել կայուն մենաշնորհ, ինչը կառավարության ծրագրին և առավել ևս՝ զեկույցին տրամաբանորեն հակասում է։

Այժմ տեսնենք, թե ինչպես է փոխվել բանանի շուկան և որոնք են այս շուկայում հայտնված նոր խաղացողները։

Այսպես․ 2017 թվականին Հայաստան է ներմուծվել մոտ 12 900 տոննա բանան՝ 38 կազմակերպության կողմից։ Դրանցից խոշորագույնը, թերևս, ԱԺ նախկին պատգամավոր և ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն է՝ մոտ 7300 տոննա ներմուծմամբ, որը կազմում է ընդհանուր ներմուծման 56,5 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, 2017 թվականին բանան ներմուծող կազմակերպություններից միայն 8-ը ներմուծել են ընդհանուրի 96 տոկոսը։

2018 թվականին բանանի ներմուծման ծավալներն աճել են 74 տոկոսով՝ 12 900 տոննայից հասնելով 22 400-ի, իսկ ներմուծող կազմակերպությունների թիվը նվազել է։ 2017 թվականին բանան ներմուծած 38 կազմակերպություններից 2018 թ․-ին շուկայում մնացին 12-ը, որոնց ավելացան ևս 14 նոր կազմակերպություն։ Սակայն ի տարբերություն 2017 թվականի, անցած տարի ներմուծող 26 կազմակերպությունից 14-ը շուկայում ունեցան բավականին խոշոր մասնաբաժիններ։

2018 թվականին ամենախոշոր ներմուծողի դերում շարունակեց մնալ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն՝ 32,2 տոկոս մասնաբաժնով։ Հետաքրքիր է, որ այս ընկերության ներմուծման ծավալները գրեթե չեն փոխվել, և շուկայում մասնաբաժնի նման անկումը պայմանավորված է մյուս ընկերությունների կողմից բանանի ներմուծման ծավալների ահռելի աճով։

Ինչպես նշեցինք, 2018 թվականին բանան ներմուծող 26 կազմակերպություններից 14-ը աչքի են ընկել բավականին ակտիվ գործունեությամբ, ինչի շնորհիվ կարողացել են գրավել շուկայի մեծ մասը։

Ամփոփելով՝ փաստենք, որ բանանի շուկայի ազատականացման մասին կառավարության խոստումները, կարծես թե, իրականություն են դառնում, և շուկայում հայտնվել են նոր ակտիվ խաղացողներ։

Կազմակերպության անվանումը 2017թ․ % 2018թ․ %
«Արթին ինվեստ»/«Տրոպիկա» ՍՊԸ 1414 10,9 3347 14,9
«Ֆրութ վորլդ» ՍՊԸ 2248 17,4 681 3
«Քեթրին գրուպ» ՍՊԸ 7286 56,5 7236 32,2
«Արմէկ թրեյդինգ» ՍՊԸ 631 4,9 1545 6,9
«Փրայմս գուդս» ՍՊԸ 240 1,9 128 0,5
«Համեստ Մարգարյան» ԱՁ 281 2,2 0 0
«Արթուր Բաբաջանյան» ԱՁ 156 1,2 388 1,7
«Արկադի Գասպարյան Նորիկի» ԱՁ 134 1 0 0
«Բանանեկ» ՍՊԸ 0 0 4749 21,1
«Յունիֆրութ» ՍՊԸ 0 0 328 1,4
«Սիթի» ՍՊԸ 0 0 222 1
«Նադար» ՍՊԸ 0 0 1141 5
«Նարե-Անի» ՍՊԸ 0 0 249 1,1
«Ցիտրուս-Մ» ՍՊԸ 0 0 1024 4,6
«Մելմար 21» ՍՊԸ 0 0 547 2
«Առմ-յան ֆռութ» ՍՊԸ 0 0 366 1,6
«Գայանե Այունց» ԱՁ 0 0 346 1,5

www.Fip.am