«Եթե Քոչարյանը շարունակի միայն համախոհներով հանրահավաք անել, կունենա նույն պատկերը, ինչ ՀԱԿ-ը 2008-2012 թվականներին». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

Պարո՛ն Ղուկասյան, ՀՀ երկրորդ նախագահի ղեկավարությամբ երեկ «Հայաստան» դաշինքը հանրահավաք անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում: Նախ՝ այդ հանրահավաքի հետ կապված ձեր ընդհանուր տպավորությունների մասին կխնդրեմ ասեք, և ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը որոշեց փողոցային պայքարի միջոցով հեռացնել գործող իշխանությանը:

– Չեմ կարող ասել՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշեց շարունակել պայքարը, բայց, հավանաբար, դա կապված է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ, որն առաջիկա ամիսներին ընթանալու է: Այդ արտաքին քաղաքականության օրակարգի ազդեցությունն ակնհայտ էր, որովհետև Ռոբերտ Քոչարյանի ելույթը կապված էր հենց արտաքին հարցերի հետ: Երևի առաջիկա ամիսներին բոլորիս համար ավելի պարզ կդառնա այդ կապը:

Տպավորությունների մասով. հասկանալի է, որ «Հայաստան» դաշինքն ունի բավարար ռեսուրսներ այդպիսի հավաքներ կազմակերպելու, բայց ես երեկվա հանրահավաքը նմանեցրի ՀԱԿ-ի 2008 թվականից հետո մինչև 2012 թվականը տեղի ունեցող հանրահավաքներին, երբ մասնակիցները հիմնականում փոխկապակցված ու ներգրավված մարդիկ էին: «Հայաստան» դաշինքը պետք է շատ մեծ աշխատանք կարողանա տանել, որպեսզի ավելի հանրային դարձնի բողոքի ցույցերը, ոչ թե միայն համախոհների շրջանակով սահմանափակվի:

Եթե շարունակի միայն համախոհներով անցկացնել հանրահավաք, ապա կունենա նույն պատկերը, ինչ ՀԱԿ-ը վերոնշյալ ժամանակահատվածում, երբ համախոհների թիվն անգամ պակասեց:

Նկատի ունեք, որ երեկվա հանրահավաքը հանրայի՞ն չէր: Իսկ երկրորդ նախագահը կկարողանա՞ հանրության զգալի հատվածին համախմբել:

– Կարծում եմ՝ չի կարողանա շրջանցել իր անվան հետ կապված բազմաթիվ իրողություններ: Հայաստանի ապրած քաղաքական անցյալն այնպիսին է, որ հանրության մեծամասնությունը այդ կարգերին հետվերադարձ չի ցանկանում: Համենայնդեպս, այս պահին նկատելի չեն այն հիմքերը, որոնց շնորհիվ Քոչարյանը կկարողանա մարդկանց համախմբել:

Պարո՛ն Ղուկասյան, արտաքին քաղաքական ի՞նչ օրակարգ նկատի ունեք, որով էլ կարող է պայմանավորված լինել «Հայաստան» դաշինքի ակտիվացումը:

– Վստահաբար կարող ենք ասել, որ Ադրբեջանի ցանկությունը՝ հակամարտության դադարեցման պայմանագիր կնքել, շրջանցելով Մինսկի խումբը, տապալվել է՝ չնայած Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի ջանքերին, քանի որ դրան դեմ էին Ֆրանսիան ու ԱՄՆ-ն:

Մյուս կողմից՝ Մինսկի խմբի շրջանակներում մշակվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի բանաձև, որի համաձայն Արցախի նկատմամբ առաջարկվում է հաստատել միջազգային կառավարում, այսինքն՝ Արցախում կառավարման մանդատը տալ ՄԱԿ-ին, այնքան ժամանակ, մինչև կնախապատրաստվի հանրաքվե, որի արդյունքում կորոշվի վերջնական կարգավիճակ: Բաց է մնում նաև Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցը:

Այս քաղաքական գործընթացները, բնականաբար, ազդում են և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, ու այստեղ «Հայաստան» դաշինքի առաջնորդները կառուցում են իրենց հաշվարկները՝ տեսնելով հնարավորություն ձեռք բերել ակտուալ օրակարգ, որը, ըստ իրենց, կարող է հետաքրքրել մեր քաղաքացիներին:

Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում վստահեցրեց, որ գործող իշխանություններին հեռացնելը երկու շաբաթվա հարց է, որն իրենք կարող են անել կա՛մ ընտրությունների, կա՛մ բարիկադների միջոցով: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ Քոչարյանն ու իր թիմակիցները չկարողացան ընտրությունների միջոցով գալ իշխանության, իսկ բարիկադներ ասելով՝ ի՞նչ նկատի ուներ «Հայաստան» դաշինքի առաջնորդը, ու, առհասարակ, քաղաքական այս ուժը, հաշվի առնելով նախորդ ձախողված փորձերը, ի՞նչ հիմքեր ունի նման վստահեցումներ անելու, ինչ-որ բան փոխվե՞լ է:

– Հավանաբար Ռոբերտ Քոչարյանը նկատի ուներ, որ քաղաքացիական անհնազանդությունը կարող է գործիք դառնալ Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, բայց մեծ նշանակություն ունի, թե այդպիսի գործընթացի առաջնորդ ով պիտի լինի: Ենթադրել, որ մեր հանրությունը կարող է համախմբվել «Հայաստան» դաշինքի շուրջը և քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել, հիմքեր չկան:

Ենթադրում եմ, որ քաղաքական այս ուժի հաշվարկը կապված է արտաքին քաղաքականության ոլորտում ինչ-որ հնարավոր իրադարձությունների հետ, որն իրենց ենթադրությամբ, հնարավորություն կտա քաղաքացիներին ներգրավել իրենց շարժման մեջ:

Այսօր նման հիմքեր չեմ տեսնում, բայց գուցե «Հայաստան» դաշինքի ղեկավարներն ունեն բավարար տեղեկություններ, որ հիմա ճիշտ ժամանակն է նման գործունեություն ծավալելու: Բայց եթե այդ հաշվարկը ճիշտ չլինի, մեծ վտանգ կա, որ դաշինքն առհասարակ կկորցնի իր համախոհների զգալի մասին, ինչպես դա տեղի ունեցավ ՀԱԿ-ի պարագայում, երբ 2008-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար հանրահավաքներ էր գումարում, ասում, որ իշխանափոխության համար շատ բան պետք չէ և այլն, արդյունքում այդ հզոր շարժումն աստիճանաբար մարեց:

Կարծում եք, որ «Հայաստան» դաշինքը կարժանանա նո՞ւյն ճակատագրին, ինչին արժանացավ ՀԱԿ-ը, թե՞, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանն իշխանության գալու շանսեր ունի:

– Եթե արտաքին քաղաքականության ոլորտում կտրուկ փոփոխություններ ի հայտ չգան, այն իրավիճակը, որ հիմա կա, բարենպաստ չէ Ռոբերտ Քոչարյանի ձեռնարկած գործողությունների համար, ու արդյունքում իրենք ոչ թե կուժեղացնեն, այլ կթուլացնեն իրենց դիրքերը, ինչպես եղավ ՀԱԿ-ի պարագայում: Նման զարգացման սցենարը շատ հավանական է:

Պարո՛ն Ղուկասյան, ձեզ ճի՞շտ եմ հասկանում, որ «Հայաստան» դաշինքի գործողությունների հետագա ընթացքը կախված կլինի արտաքին զարգացումներից ու այնտեղից եկող ազդակներից:

– Այո՛, և դրա գլխավոր հիմքը արտաքին իրադարձությունները կլինեն ու նաև այն, որ Հայաստանը գնա կտրուկ զիջումների՝ ի հաշիվ Արցախի շահերի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am