«Պետք է լյուստրացիա անել, բացահայտել, մերժել, պարսավել ուրիշ երկրների շահերը ներկայացնող ուժերին». Ազատ Արշակյան

Լուսանկարը՝ 24news.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

– Պարո՛ն Արշակյան, ռուսական «Դոսյե» կենտրոն ոչ առևտրային կազմակերպությունը, որը կապվում է արտասահմանում գտնվող ռուս միլիոնատեր Միխայիլ Խոդորկովսկու անվան հետ, զեկույցում անդրադարձել է Հայաստանում գործող ռուսամետ ազդեցության գործակալներին։

Ինչպե՞ս եք գնահատում, արդյոք պետությունն իրեն պաշտպանելու մասով քայլեր չպե՞տք է անի։

– Սա ուղղակի ակնհայտ, համընդհանուր և չթաքցված երևույթի մասին է։ Հայաստանը գերհագեցած է ռուսական ազդեցության տնտեսական, մշակութային, հետախուզական, գաղափարախոսական շահերի կիսապաշտպաններով և հարձակվողներով։

Հայաստանը էշալոնացված է, 200 տարվա մեջ Ռուսաստանը ուղղակի պատնեշներ է սարքել իր շահերի պաշտպանության համար։

Այնպես որ, «Հյուսիսափայլ» կոչվածը հայկական իրականության գերիշխող բաժինն է։ Սկզբում դա է, հետո այլ շահերի պաշտպանությունը, այդ թվում և՝ հայ ժողովրդի շահերը կարող են լինել։

Ուրեմն միայն նրանք չեն, այլ շահագրգիռ ուժեր նույնպես ունեն իրենց շահերի պաշտպանները Հայաստանում։ 

– Նրանք վտանգ ներկայացնո՞ւմ են մեզ համար:

– Դրանք գենոցիդ առաջացնող, հայկականությունը հայհոյող, զրպարտող, հայ ժողովրդին պառակտող, զինաթափող ուժեր են։

Իհարկե, դա վտանգավոր է, և սա գերխնդիր է այսօրվա Հայաստանի համար։ Սա անվտանգության խնդիր է։

Պետք է օգտվել միջազգային իրավունքի հայտնի նորմերից, օրինակ՝ 1975 թ. Հելսինկյան ակտի նորմերից, ԵԱՀԿ-ում ընդունված նորմերից, ներքին գործերին չմիջամտելու, ուժ չկիրառելու, բռնության սպառնալիք չկիրառելու, փոխօգնության և բարիդրացիական հարաբերությունների մասին այդ ամբողջ համակարգից և Հայաստանում ձևավորել իշխանություն, որը կծառայի հայկական պետության և հայ ժողովրդի շահերին, նաև՝ Սփյուռքի։

Անկախությունը կա, ժողովրդավարությունը կա, մնում է ազատությունն այդ ուժերից, այսինքն՝ Հայաստանը չպետք է լինի արկածախնդիր պետությունների և ուժերի թատերաբեմ։

– Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի իշխանությունը դրան հասնելու համար: 

Բոլոր այն պետությունները, որոնք միջամտում են մեր գործերին, նրանց հետ Հայաստանը պետք է գործընկերային մակարդակում, պետական մակարդակով գործի և ազատվի նրանց միջամտությունից:

Կա գործընկերության խնդիր, նրանք, որոնք մեր պետության դաշնակիցներն են, վստահության մթնոլորտ պետք է ձևավորվի, որտեղ պետք է լինի հատուկ ծառայությունների, զինված ուժերի աջակցության և պետական այլ ինստիտուտների համագործակցության պայմանավորվածություն։

Իսկ հայ ժողովրդի իրավունքը ժխտող պետություններից հարկավոր է պաշտպանվել դասական միջոցներով և ռեսուրսներով, հակաքարոզչական, հակահոգեբանական պատերազմ մղել նրանց դեմ։ Եվ դա պետք է լինի պլանավորված, երկարաժամկետ, պետական միջոցառումների շղթա ու շարք։

Պետք է լյուստրացիա անել, հնարավոր բոլոր միջոցներով բացահայտել, մերժել, պարսավել ուրիշ երկրների շահերը ներկայացնող ուժերին։ Նաև անողոք պայքար մղել նրանց դեմ։

– Ամեն դեպքում ձեզ համար անակնկալ չէի՞ն մնան բացահայտումները:

– Սա հայտնի բան է, դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին բոլշևիկները ազգային փոքրամասնություններին, այդ թվում և՝ հայերին գայթակղելու, իրենց կողմը գրավելու համար բացահայտեցին պետական փաստաթղթեր, օրինակ՝ հայտնի փաստաթուղթը, որով նախատեսվում էր Արևմտյան Հայաստանը հայերից որևէ ձևով դատարկել, օրինակ՝ մահմեդականների հետ կոնֆլիկտներ հրահրելով, որպեսզի Բոսֆորի և Դարդանելի, Պոլսի թուրք բնակչությանը տեղափոխեն Արևմտյան Հայաստանի հայկական տարածքները բնակության համար, իսկ Բոսֆորի և Դարդանելի տարածքներում բնակեցնել Ռուսաստանի վերնապոդդաննիխ բնակիչներին։ Նման բացահայտումներ կան, առաջինը Ցարական Ռուսաստանի կառավարության հայատյաց քաղաքականության վերաբերյալ։

– Չեռնովի թղթերի մեջ հայտնաբերվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը:

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը հաճախ այցելում է Մոսկվա, իսկ 2019 թ. փետրվարին նրա կուսակցությունը համագործակցության արձանագրություն է ստորագրել «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ:

Կան Հայաստանում գործող հակահայկական ուժեր, որոնք չեն թաքցնում իրենց այդպիսիք լինելը, լազարևականներ, գրիբոյեդովականներ, օրինակ՝ ԲՀԿ-ն՝ մունդիրավորներ, հակահայկական ուժեր, գործիչներ:

Նրանք համազգեստ ունեն, դրոշ ունեն, հուշագրեր ունեն, ուսադիր ունեն և չեն էլ թաքցնում: Նրանք դա անում են ցուցադրական, դեմոնստրատիվ: Դա մեզ ընկճելու համար է, դա այլանդակություն և դավաճանություն է, կոլաբորացիոնիզմը չի թաքնվում:

Նրանք մեր հաշվին պարգևավճար են ստանում, արտոնություններ ունեն, ցուցադրական կոլաբորացիոնիստներ են, թեև կան նաև ծպտյալներ: Ցուցադրականների մեջ լազարևականներն են, գրիբոյեդովականները, իսկ ծպտյալները երկրորդ էշելոնն են։

Նրանք թիկունքից անհրաժեշտության դեպքում կխփեն: Նրանց մեջ ցույցեր, գործադուլներ, սաբոտաժ անողներ և կազմակերպողներ կան։

Երրորդ էշելոնը ինքնաքննադատությամբ զբաղվողներն են, ուրարտագետներ և այլք, որոնք ասում են, ասենք՝ Արամ Խաչատրյանը պլագյատ էր, Կոմիտասը՝ թուրքահպատակ, Այվազովսկին՝ պաշտոնասեր և այլն:

Մանե Հարությունյան

MediaLab.am