Թուրքիայում Էրդողանին քննադատում են հայերին վիրավորելու համար.«Ազատություն»

«Ազատություն»-Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը նախագահական ընտրություններից օրեր առաջ լուրջ քննադատության է արժանանում՝ հայերի հասցեին վիրավորական արտահայտության համար:

Նախագահի թեկնածուի այս արտահայտությունն այսօր տեղ է գտել մամուլի առաջին էջերում: «Զաման»-ը փաստում է՝ վարչապետի ակնհայտ ռասիստական պնդումները վիրավորանք են երկրում ապրող փոքրամասնությունների հասցեին, «փորձելով պաշտպանել իրեն՝ Էրդողանը շատ ավելի դժվարին կացության մեջ հայտնվեց», – ընդգծում է «Հուրիյեթ»-ը, մինչդեռ ձախակողմյան «Բիրգյուն»-ը, որին, ի դեպ, ժամանակին թղթակցում էր նաև Հրանտ Դինքը, շատ ավելի հեռուն է գնացել և դիմելով Էրդողանին՝ գրել․ – «Քըլըչդարօղլուն ալևի է, Դեմիրթաշը՝ զազա, Իհսանօղլուն եգիպտացի է, իսկ դու՝ գող»:

Բանն այն է, որ քարոզարշավի ընթացքում Էրդողանն առաջին անգամը չէ օգտագործում ազգային կամ կրոնական պատկանելիությունը՝ ընդդիմախոսներին քննադատելու կամ վիրավորելու համար: Բոլորովին վերջերս, դիմելով հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդա-հանրապետականի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, Էրդողանը կոչ էր արել  բացահայտ հայտարարել, որ նա արմատներով սերում է երկրում փոքրամասնություն կազմող ալևիներից՝ ակնհայտորեն նպատակ ունենալով այդ կերպ ամրապնդել իր դիրքերը սուննի մեծամասնության շրջանում: Ավելի վաղ, խոսելով ընդդիմության միասնական թեկնածուի մասին, նախագահի պաշտոնին հավակնող առաջնորդը հեգնանքով ասել էր՝ «նա նույնիսկ Թուրքիայից չէ, ծնվել է Եգիպտոսում»:

«Այդ դիրքորոշմամբ, խնդրեմ, գնացեք այլ երկրի նախագահ դարձեք», – այսօր գրել է «Թարաֆ»-ի՝ ծագումով հայ վերլուծաբան Հայկո Բաղդադը: «Կա՞ գոնե որևէ էթնիկ խումբ, որ դեռ չի արժանացել Էրդողանի՝ ատելությամբ լի խոսքերին», – իր հերթին հարցրել է ընդդիմադիր պատգամավոր Մելդա Օնուրը: «Հայ լինելը վիրավորակա՞ն բան է, թե՞ ամոթալի, բացատրեք խնդրեմ», – կոչ է արել CNN-Turk-ի մեկնաբան Նևշիմ Մենգյուն: Ավելին` սկզբաղբյուրում