«Անհասկանալի է՝ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք կա՞ ամենավերևներում, թե՞ իմիտացիա է». Վարուժան Հոկտանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը

– Պարո՛ն Հոկտանյան, Transparency International-ը հրապարակել է Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը, որի համաձայն Հայաստանի ցուցանիշները կարծես նույնն են մնացել՝ 49 միավոր: Ինչո՞ւ է այդպես ստացվել:

– Այո՛, Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը չի փոխվել, ի տարբերություն 2018-ից հետո երկու տարիների ընթացքում արձանագրված առաջընթացի, երբ Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով չտեսնված աճ ունեցավ:

Նախահեղափոխական ժամանակահատվածի համեմատ, 2018-2019 թվականներին բավականին լուրջ աճ էր գրանցվել, և ակնկալվում էր, որ այդ ցուցանիշները զգալիորեն կբարելավվեին՝ հաշվի առնելով վրացական փորձը, երբ Սաակաշվիլիի ժամանակ լուրջ բարելավում էր արձանագրվել: Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 14 միավորով ավելացավ ու բավական շուտ կանգնեց, և մեր սպասումները չարդարացան:

Այս ցուցանիշն ինձ համար ընդունելի չէ և ավելին՝ համարժեք է վատ ցուցանիշ ունենալուն, և ամենևին էլ առաջընթացի մասին չպետք է խոսել: Արագ ընթացքից հետո կանգնելը լավ երևույթ չէ:

– Ի՞նչն է Հայաստանում հանգեցրել այս ցուցանիշին:

– Կոռուպցիայի ընկալման այս ցուցանիշը, որը հրապարակել է միջազգային կազմակերպությունը, հիմնականում 2020 թվականի և մի փոքր էլ 2021 թվականի արդյունքն է: Ես իհարկե ունեմ իմ դատողությունները, որոնք հիմնված են իմ ենթադրությունների վրա, հատուկ ուսումնասիրություն չի կատարվել:

Իմ ենթադրությունն այն է, որ 2020-ին Հայաստանում լուրջ ճգնաժամ առաջացրին համավարակը և պատերազմը, և իշխանությունները չկարողացան հանրային կառավարումն արդյունավետ ձևով իրականացնել, չկիրառվեցին լուծման նոր, կրեատիվ մեթոդներ, և ընտրվեց կառավարման, հարցերի լուծման հին, փորձված մեթոդը:

Երբ հայտնվում ես ճգնաժամային վիճակում, կա՛մ փորձում ես հին մեթոդներով դուրս գալ դրանից, կա՛մ ընտրել նոր ճանապարհներ: Հայաստանում ընտրվեց առաջին տարբերակը, որովհետև կոռուպցիայի ընկալման համաթվի անփոփոխ մնալը նշանակում է, որ վիճակը չի լավացել:

Պետք է իմանալ, որ այս ցուցանիշը չի ընդգրկում մասնավոր ոլորտը, այլ՝ հանրային ոլորտը ու արտացոլում է կոռուպցիոն տարբեր դրսևորումներ: Այս ցուցանիշը ներկայացնում է, թե ինչպես են տարբեր շրջանակներ, հիմնականում՝ գործարարներ ու փորձագետներ, ընկալում երկրում կոռուպցիայի աստիճանը: Ներկայացված միավորը՝ 49, արտացոլում է կոռուպցիայի ընկալման առումով ընդհանուր պատկերը:

Կարևորը դինամիկան է, որը առաջընթաց, ցավոք, չի ունեցել: Այսինքն՝ սա նշանակում է, որ անելիքներ շատ կան: Տա Աստված, որ դինամիկան լավանա, որովհետև, օրինակ՝ 2013-2017 թվականներին լճացած վիճակ էր, և դարձյալ դինամիկա չկար: Պետք է հուսալ, որ այս վիճակը չի կրկնվի:

– Դուք իշխանությունների կողմից տեսնո՞ւմ եք քայլեր, որ այդ վիճակը չկրկնվի:

– Ինչ-որ տեղ՝ այո՛, ինչ-որ տեղ՝ ո՛չ: Քաղաքական կամք, գոնե ամենավերևներում, կարծես կա, բայց, իհարկե, արժի հասկանալ՝ իսկապես կա՞, թե՞ իմիտացիա է: Խնդիրը նաև հմտությունների մեջ է: Բայց ընդգծեմ՝ ամենակարևոր նախապայմանը կոռուպցիայի հետ կապված վիճակի լավացման համար այն է, որ սա պետք է բխի լուրջ, արմատական տնտեսական, քաղաքական, սոցիալական բարեփոխումներից:

Եթե դրանք չիրականացվեն, ուրեմն պատկերը առանձնապես չի փոխվի կամ նույնիսկ կվատանա, 2018-2019-ի լավացումը ինչ-որ տեղ այն բանի հետ էր կապված, որ մարդկանց սպասելիքները կոռուպցիայի դեմ պայքարի հարցում մեծ էին: Այսինքն՝այդ ժամանակ ընկալում կար, որ լավանալու է, և ինչ-որ տեղ այդ լավատեսությունն էլ էր արտացոլված այդ կտրուկ աճի մեջ:

Գուցե կոռուպցիոն հանցագործությունները, դրա հետ կապված քրեական գործերը նաև նպաստեցին, որ կոռուպցիայի դեմ պայքարի ընկալում առաջանա:

– Այո՛, դա էլ պետք է հաշվի առնել: Այն ժամանակ բավական մեծ աղմուկով ու լայն լուսաբանմամբ սկսեցին նախկին կոռումպացված պաշտոնյաների դեմ քրեական գործեր հարուցվել և այլն: Իսկ 2020 թվականին չվատացավ, իրավիճակը մնաց նույնը, և կորոնավիրուսն ու պատերազմը խանգարեցին:

– Օրինակ՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կողմից պետական գնումների խոշոր մրցույթներում պարբերաբար հաղթելը կամ այս կամ այն պաշտոնում պաշտոնյայի հարազատ-բարեկամին նշանակելը կարո՞ղ են ազդել ընկալման վրա, և համաթվի ցուցանիշները վատը լինեն Հայաստանի համար:

– Այդ ցուցանիշներին կսպասենք արդեն մյուս տարվա հունվարին: Իսկ ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ եթե հարցվողը ես լինեի, միանշանակ կասեի, որ, այո՛, կան կոռուպցիոն ռիսկեր: Բայց ես չեմ կարող պատասխանել, ասենք, այլ փորձագետների կամ գործարարների փոխարեն, որոնք կարող են դրա մեջ վատ բան չտեսնել:

– Մի տեսակ մխիթարական չէ՞, որ Հայաստանի ցուցանիշները անհամեմատ լավ են, քան Ռուսաստանինը:

– Գիտեք՝ նույնիսկ մինչև 2018 թվականը մենք Ռուսաստանից բարվոք վիճակում էինք: Իսկ 2005-ից սկսած Հայաստանը Վրաստանից հետ է եղել: Այնպես չէ, որ պետք է ուրախանանք կամ հպարտանանք, որ Ռուսաստանից լավ են մեր կոռուպցիայի ընկալման համաթվերը: Պետք է հասկանանք՝ կարո՞ղ ենք բարելավել մեր դիրքերը:

Իհարկե դա մեզ շոյում է, ուրախանում ենք, բայց իրականում պետք է նայել թվերին՝ մաքսիմում դրականը 100-ն է, իսկ մենք 49-րդում ենք, Ռուսաստանը՝ 29-րդում, Թուրքիան՝ 38-րդում, Ադրբեջանը՝ 30-րդում, Իրանը՝ 25-րդում: Իսկ, ահա, Վրաստանը 55 միավոր է ստացել:

– Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ կար, որ գործում էր վարչապետի գլխավորությամբ: Տեսնո՞ւմ եք այդ խորհրդի աշխատանքը:

– Հիմա էլ կա, գիտե՞ք, այդ խորհուրդը, բայց աշխատանքը, իհարկե, չի երևում: Ես չգիտեմ՝ նույնիսկ աշխատում են, թե ոչ, որովհետև նիստեր համարյա չեն լինում: Պետք է եռամսյակը մեկ նիստեր անեին, բայց չեն անում: Պետք է շատ լուրջ աշխատեին և նիստեր անեին ամիսը մեկ: Գուցե մտածում են՝ վիճակը լավանում է, և կարիք չկա այդ խորհրդի նիստերը անցկացնել՝ չգիտեմ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am