Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նախաձեռնել է «Հարց դերասանին» նախագիծը

Դպրոցականներին թատրոնին մոտեցնելու, դերասաններին, ռեժիսորներին առավել ճանաչելի դարձնելու նպատակով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նախաձեռնել է «Հարց դերասանին» նախագիծը:​ Ծրագրի շրջանակում թատրոնի երեք սերնդի արտիստները կհանդիպեն տարբեր դպրոցների աշակերտների հետ՝ փորձելով տալ դպրոցականներին հուզող հարցերի պատասխանները:

Թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը, որը նաև նախագծի հեղինակն է, ասաց, որ սոցիալական հարթակներում տարածվող գովազդների շնորհիվ դպրոցներից զանգահարում են և դիմում իրենց՝​ ծրագրին մասնակցելու նպատակով: Հանդիպումներին ներկա է լինում քառասուն աշակերտ:

«Նախագիծը կարող է հետագայում մասնագիտական կողմնորոշման հիմք դառնալ: Հանդիպումները բեմից դուրս են անցկացվում, որովհետև անմիջական շփումը կարևոր է»,-շեշտեց նա:

Արդեն երեք հանդիպում է կազմակերպվել: Դպրոցականները հնարավորություն են ունեցել հաղորդակցվելու ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Մխիթարյանի, Ժիրայր Գաբրիելյանի, Նոնա Սաֆարյանի, Սոֆիյա Սողոմոնյանի, Ալլա Դարբինյանի, Արման Սաքանյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանի, Սարգիս Ավետիսյանի և Արփինե Հակոբյանի հետ: Փելեշյանը տեղեկացրեց, որ թատրոնն առաջիկայում հանդես կգա նաև հյուրախաղերով` Ստեփանավանում և Դիլիջանում։

Իսկ մայիսի 6-ին թատրոնում առաջնախաղ է սպասվում: Փոքր բեմի խաղացանկը համալրելու է Մորիս Մետերլինկի «Կույրերը» միստիկ գործը: Բեմադրության հեղինակը Նարե Մարտիրոսյանն է:

Այս մասին հայտնում են Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից։