Միամտություն կլինի կարծել, որ Հայաստանն ու Արցախը տեղյակ չեն, թե իրականում ինչու է փակվել Լաչինի միջանցքը. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, Արցախում ստեղծված իրադրությունն ինչպե՞ս է հանգուցալուծվելու, եթե նկատի ունենանք, որ ադրբեջանցի «բնապահպանները» նոր պայմաններ են առաջ քաշում, Թուրքիայի խորհրդարանից նրանց սատարող հայտարարություններ են հնչում։

– Հայտարարությունները, նոր պայմանների առաջ քաշումը ընդամենը այս լոկալ խնդրի լուծումը ձգձգելու համար են։ Լաչինի միջանցքը փակելու նպատակը Հայաստանի վրա ճնշում գործադրելն է՝ որոշ գործընթացներ իրականացնելու համար, ես ենթադրում եմ, որ «միջանցքի» հետ կապված հարցն է, որում Ադրբեջանն ու Ռուսաստանը սինքրոն են աշխատում։ 

Հայաստանն ակնհայտորեն մերժեց այդ փոխզիջումը, ու քանի որ միջազգային հանրության կողմից էլ լուրջ ճնշում կա Ադրբեջանի վրա, հավանաբար մինչև երկուշաբթի ճանապարհը կբացվի։ Բայց մենք պետք է ընդհանուր խնդրի լուծում պահանջենք ու անընդհատ ուժեղացնենք Ադրբեջանի վրա ճնշումը, նաև միջազգային հանրության միջոցով, որպեսզի կարողանանք այդ հարցը լուծել։ 

Բայց, չմոռանանք, որ այդ հատվածը ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո է, ու պատահական չէ, որ հենց այդ հատվածում է Ադրբեջանը գործողություն իրականացնում, և մեր պահանջը պետք է Ռուսաստանին ուղղված լինի, ավելի կոշտ ու պահանջկոտ պետք է լինենք այդ ուղղությամբ։

– Իսկ Ադրբեջանն ինչո՞ւ է ընտրել հենց ռուսական վերահսկողության տակ գտնվող հատվածը։

– Որպեսզի խնդիրը ռուս-ադրբեջանական տիրույթում լինի, որ հնարավորինս ավելի հեշտ տանեն խաղը։ Եթե ընտրված լիներ հայկական զորքերի պատասխանատվության գոտին, շատ հնարավոր էր հայկական կողմից ռազմական գործողություն՝ օրինակ։ Մեծ հավանականությամբ՝ ռուսների հետ էլ եղել է պայմանավորվածություն։ 

– «Միջանցքի» մասով ասում եք, որ ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն կա, Ռուսաստանը և՞ս ուզում է, որ այն վերահսկեն ադրբեջանցիները։ 

– Հայաստանի տարածքով միջանցք չի կարող լինել, բայց եթե, այնուամենայնիվ, ինչ-որ կատաստրոֆիկ բան լինի, ու այդ միջանցքը լինի, դրա վերահսկող ուժը կարող է լինել միայն Ռուսաստանը, որևէ այլ երկիր չի կարող այն վերահսկել, բայց անհավանական է, որ նման բան լինի՝ հաշվի առնելով այն զարգացումները, որ տեղի են ունենում աշխարհում ու տարածաշրջանում։ 

Հարցն այս տիրույթում է՝ Ռուսաստանին կհաջողվի՞ այդ միջանցքը ստանալ, թե՞ չէ, որովհետև Ադրբեջանին կամ Թուրքիային դա ստանալ չի հաջողվի, ակնհայտ է։ Այս պատճառով էլ բոլոր սադրանքների ժամանակ պետք է հաշվի առնենք ռուսական շահը:

– Պարո՛ն Ղևոնդյան, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում կա այդ կետը՝ կոմունիկացիաների բացում, ճանապարհ, որի անվտանգությունը պետք է ապահովի ռուսական խաղաղապահ զորակազմը։ Եթե կա այս կետը, խնդիրը հիմա ո՞րն է։

– Խնդիրն այն է, որ այդ 9-րդ կետում գրված չէ, որ ճանապարհը պետք է լինի արտատարածքային։ Այդ ճանապարհի ողջ երկայնքով գործելու են Հայաստանի օրենքները, բայց այդտեղ իրավիճակի վերահսկողությունն իրականացնում են ռուսական ոստիկանական կամ ռազմական ինչ-որ խմբեր։ Իսկ արտատարածքայինի դեպքում այդտեղ Հայաստանի օրենքները չեն գործելու, ինչը դեմ է մեր պետական շահերին ու վտանգում է դրանք։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ «Արցախի ժողովուրդն ընդունել է ֆիզիկական զրկանքները արժանապատվորեն կրելու որոշում՝ այդ կերպ չեզոքացնելով Մայր Հայաստանին զիջումներ պարտադրելու բոլոր հնարավոր փորձերը»։ Այս հայտարարությունից արդյոք հետևո՞ւմ է, որ Հայաստանի ու Արցախի իշխանություններն իրականում գիտեն, թե ինչ պահանջով են ադրբեջանցիները փակել Լաչինի միջանցքը։

– Իհարկե գիտեն, միամտություն կլինի կարծել, որ Հայաստանը տեղյակ չէ, թե ինչու է փակվել Լաչինի միջանցքը, եթե Հայաստանը տեղյակ է, բնականաբար, Արցախի իշխանությունները ևս տեղյակ են։ Արցախի նախագահի հայտարարությունը որոշ չափով գաղտնազերծում էր այն ամենը, ինչ տեղի է ունենում, որպեսզի հանրությունն էլ տեղյակ լինի, որ այս ամենի նպատակը Հայաստանին ճնշելն է։

– Պարո՛ն Ղևոնդյան, ճանապարհը բացելու համար Հայաստանն այնուամենայնիվ պե՞տք է զիջման գնա, թե՞ այն կբացվի առանց նախապայմանների։

– Ես նշեցի, որ Հայաստանը զիջման գնալու տեղ չունի, հարցն այստեղ այլ է․ ճանապարհը միայն մեկ դեպք է, բայց սադրանքները շարունակական են, ու ճանապարհի բացումը չի նշանակում, որ այն նորից չի փակվելու։ Հայաստանի նկատմամբ անընդհատ ճնշում է լինելու, քանի դեռ աշխարհաքաղաքական անհավասարակշիռ վիճակ կա։

Մինչև աշխարհում որոշակի հավասարակշռություն չլինի, մեր տարածաշրջանում, կոնկրետ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին սադրանքների ինտենսիվությունը չի նվազելու, իսկ, ընդհանուր առմամբ, խնդիրը չի լուծվելու ո՛չ մոտակա ժամանակներում, ո՛չ անգամ առաջիկա տասնամյակներում։

– Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելն իրատեսակա՞ն է։

– Չեմ կարծում, որ դրա հավանականությունը մեծ է, որովհետև, ինչպես նշեցի, աշխարհն այս պահին հեղհեղուկ է, ու անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, ինչի արդյունքում նոր շահեր են առաջանում կամ վերանում։ Օրինակ՝ Ադրբեջանից գազի ու նավթի արտահանումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին բավական փոփոխություն մտցրեց Եվրամիության վերաբերմունքի մեջ, երբ վերջինիս մոտեցումը հայ-ադրբեջանական խնդրին որոշակի առումով տեղաշարժ ունեցավ։ Ու նման բազմաթիվ գործոններ կան, ու այսօր Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը չի բխում որևէ մեկի շահերից։ 

Եթե, օրինակ՝ իրավիճակն այնպիսին լինի, որ Ադրբեջանը նման կերպ շարունակի խախտել մարդու իրավունքները, հումանիտար խնդիրներ ստեղծել, ու դրանք սկսեն բաց վերքի նման անընդհատ խնդիրներ առաջացնել Արևմուտքում, օրինակ՝ հայկական սփյուռքը, տեսականորեն որևէ երկրում անընդհատ սկսի խնդիրներ հարուցել, գուցե այդ երկիրը ինչ-ինչ պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի դեմ։ Բայց դրա հիմքերն առայժմ չկան։

– Այնուամենայնիվ, կարծում եք, որ ՄԻԵԴ-ի կայացվելիք վճիռը, գոնե ժամանակավոր, Ադրբեջանին կստիպի՞ զիջումների գնալ։

– Կարծում եմ, Ադրբեջանը մինչև երկուշաբթի դժվար ձգի, ամենայն հավանականությամբ թույլ չի տա, որ այդ դատական գործընթացը տեղի ունենա, և վճիռ կայացվի։ Երևի մինչև երկուշաբթի նրանք կբացեն ճանապարհը, բայց հնարավոր է, որ 2-3 օր հետո նորից փակեն, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Լաչինի միջանցքը բացվելուց հետո չի փակվի։ 

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am