Որևէ նախկին նախագահի, մեղմ ասած, համակիրը չեմ, բայց նրանց մեղադրել Արցախը տալու մեջ՝ անտրամաբանական է. Արմեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը հետևեց Արցախի Հանրապետության խորհրդարանի արտահերթ նիստը, խմբակցությունները համատեղ հայտարարություն տարածեցին՝ դիմելով նաև ՀՀ նախկին նախագահներին՝ դատապարտել Փաշինյանի քաղաքականությունը։ Խորհրդարանի հայտարարությունն ու ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների արձագանքը ինչպե՞ս եք գնահատում։

– Որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները այնտեղ փոթորիկ էին առաջացնելու, սպասելի էր ու բնական, որովհետև երբ մարդկանց ասում ես, որ ոչ միայն նրանց մենակ ես թողնում անհավասար ուժերի դեմ պայքարում, այլև, փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը հակառակ կողմի դիրքորոշումներն է պաշտպանում, դա չի կարող բացասական արձագանք չառաջացնել, ընդ որում՝ կարևոր չէ, թե հիմա ինչ քաղաքական ուժեր են ներկայացված Արցախի խորհրդարանում, ո՛վ է ղեկավարը։ 

Արձագանքը սպասելի էր, չեմ ուզում հիմա ձևակերպումները քննարկել, կարող էր այս կամ այն կերպ լինել, բայց որ ֆիքսվում է ծայրահեղ անհամաձայնությունը, դա շատ բնական եմ համարում, ու ինձ համար անհասկանալի է, երբ փորձում են Փաշինյանին պաշտպանել այդ արձագանքից։ 

Նախկին նախագահների արձագանքի մասով․ անկախ այդ մարդկանց քաղաքական գործունեությանը իմ գնահատականից՝ ուզում եմ ասել հետևյալը․ 2020 թվականից ի վեր, երբ գործող իշխանությունից լսում ենք, թե Արցախն արդեն տված էր Ադրբեջանին, ապա ի՞նչ կարիք կար պատերազմ սկսել Հայաստանի դեմ, տված էր, Ադրբեջանը պարզապես պետք է գար ու վերցներ, այսինքն՝ տրամաբանական փոսեր կան այստեղ։ Որևէ նախկին նախագահի, մեղմ ասած, համակիրը չեմ, բայց նրանց մեղադրել Արցախը տալու մեջ՝ անտրամաբանական է։

– Իսկ մեղադրանքները, որ չարեցին հնարավորը, որպեսզի երկիրը չհասներ այս կետին, արդարացվա՞ծ են։

– Անշուշտ այո, բայց դա կապված է 2018-թվականից Նիկոլ Փաշինյանին ու թիմին տրված քարտ բլանշի հետ, որն այնքան մեծ էր ու անորոշ սահմաններ ուներ, որ իրենք օգտվեցին դրա ընձեռած բոլոր հնարավորություններից, ու դա կանխելու մեխանիզմները շատ քիչ էին։ Այլ բան է, որ Նիկոլ Փաշինյանը չարեց հնարավորը նոր հայկական հանրապետություն ստեղծելու համար։ 

– Երբ խորհրդարանական ընդդիմությունը, ու ոչ միայն, հիմա ասում են, որ միակ ելքը այս իշխանության հեռացումն է, երբ քննադատում են գործող իշխանության վարած քաղաքականությունը, որոշ կարծիքներ են հնչում, թե Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու այսպես կոչված հինգերորդ շարասյան նպատակն է կրկին փորձել Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։ Համակարծի՞ք եք։

– Ես չգիտեմ՝ ով ինչ շարասյուն է, բայց մեր պաշտոնական ընդդիմությունը իրականում հայաստանակենտրոն չէ, արտաքին գործակալական սերտ կապեր ունի ու չի արտահայտում Հայաստանի ազգային շահերը, բայց օգտագործել այդ փաստը, նախ՝ սնել այդ ընդդիմությանը, աջակցել այդ ընդդիմության հարաբերական հաջողություններին, անընդհատ ուշադրության կենտրոնում պահել այդ ընդդիմությանը, որպեսզի սեփական աղաղակող բացթողումները, հանցագործությունները կարողանաս պարտակել, արդեն հինգ տարի այդ հնարքից են օգտվում, դա էլ պիտի վերջ ունենա։ 

Պետք չէ արդարացնել սեփական ոչնչականությունը դիմացինի ոչնչականությամբ, բոլորս ամեն բան հասկանում ենք, գիտենք ընդդիմությանն էլ, իշխանությանն էլ։ Պարոն Փաշինյանի ծայրահեղ պրոթուրքական հայտարարություններից հետո ինչ-որ մեկին թուրքական հինգերորդ շարասյուն անվանելը, մեղմ ասած, ծիծաղելի է, բոլորն էլ իրար արժեն։

– Պարո՛ն Հովհաննիսյան, հետագա ի՞նչ զարգացումներ են սպասվում ստեղծված իրավիճակում։

– Ես համաձայն չեմ այն ձևակերպմանը, որ Փաշինյանը Արցախը հանձնում է թուրքերին, մի կողմից՝ այո՛, հանձնում է, բայց մյուս կողմից՝ իրենը չէր, որ հանձներ։ Տեսեք՝ ինչ է կատարվում․ ինքն ուղղակի ասում է, որ դեմ չէ այդ հանձնելուն, սա արդեն դավաճանություն է իհարկե, բայց ամենևին չի նշանակում, որ Արցախի անկումն արդեն կանխորոշված է, որ այդ հարցը լուծում չունի, որ միջազգային հանրությունը կույր է ու չի խառնվում։ 

Մեզ համար ամոթալի է, որ Հայաստանի Հանրապետությունն ասում է, որ ես այդտեղ չկամ, առանց ինձ փրկեք այդ Արցախը կամ մի փրկեք, ես կապ չունեմ։ Ընդհանրապես ԵԱՀԿ շրջանակներում նույնիսկ այդպես չի կարելի ասել Էստոնիայի ներքին խնդրի մասին, որովհետև ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները Հելսինկյան ակտի հիմնարար արժեքները համատեղ են պաշտպանում, ու այստեղ չկա անմիջական շահագրգռվածության սկզբունք։ 

Եթե Հայաստանի Հանրապետությունը որոշել է Հելսինկյան ակտից դուրս գալ՝ թող բաց խոսեն, դա նշանակում է նաև երևի թե մտնել միութենական պետության կազմի մեջ, բայց եթե ԵԱՀԿ-ի մեջ ենք, չեն կարող ասել՝ ինչ ուզում է՝ թող Արցախում լինի, որովհետև Հելսինկյան ակտը չի ասում, որ Ադրբեջանն ինչ ուզի՝ կարող է անել, այն ասում է, որ մարդիկ ունեն իրավունքներ, արժանապատվություն, ընդհուպ՝ ինքնորոշման իրավունք։

– Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանության հեռացումն իսկապե՞ս կօգնի իրավիճակում բեկում մտցնելուն՝ ըստ ձեզ։

– Եթե ասեմ՝ այո՛, անպայման կհարցնեք՝ իսկ ո՞վ գա, եթե ասեմ՝ չէ՝ կասեք՝ Փաշինյանի կողմնակից եք։ Ես չգիտեմ, գիտեմ, որ շատ ծանր վիճակում ենք, շատ ծանր, քաղաքական կոնկրետ լուծում այս պահին, որը հենց մեզանից է բխում, անկեղծ ասած, չեմ տեսնում, բայց դա չի նշանակում, որ դրա մասին չպետք է մտածել։ 

Եթե 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, նրանց կոկորդից բռնեին ու ստիպեին իրականացնել իրենց խոստումները, ստիպեին նոր հանրապետություն ստեղծել, ապա հիմա կլինեին իշխանափոխության քաղաքական մեխանիզմներ, ու կլիներ կայացած քաղաքական նոր ընդդիմություն։ Փաշինյանի կառավարությունն արեց ամեն ինչ, որպեսզի դա չլինի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am