«Անտրամաբանական սահմանափակում է. չեմ կարծում, թե այն ինչ-որ բանի կնպաստի». սննդի խորհրդատու

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սննդի խորհրդատու Գայանե Շահխաթունին

Տիկի՛ն Շահխաթունի, ինչպե՞ս կմեկնաբանեք առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նոր նախագիծը, որի համաձայն հանրային սննդի կետերում սեղանին աղաման դնելը կտուգանվի, եթե հաճախորդն ինքը չի խնդրել աղ: Այս նախագիծը հիմնավորվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությամբ, որ չափահաս բնակչության 35%-ը մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում կերակրին, տղամարդիկ՝ ավելի շատ: 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում, ինչը նպաստում է սիրտանոթային հիվանդությունների, երիկամների քրոնիկ ու այլ հիվանդությունների ծանր ընթացքին:

– Ինչ խոսք, աղի չարաշահումը վտանգավոր է, ու այն պետք է չափավոր օգտագործել՝ օրը 3 գրամ: Օրական 3 գրամից ավելի աղի օգտագործումը, այո՛, վտանգավոր է անոթային հիվանդություններ ունեցողների, խոլեստերին, սիրտանոթային և երիկամների հիվանդություններ ունեցողների համար:

Բայց մինչև աղի սահմանափակմանն անցնելը ես ավելի շատ կնախընտրեի, որ սահմանափակվեր մեր խանութներում կոնկրետ թույների վաճառքը, ի թիվս որոնց՝ երշիկեղենի 90%-ը, գազավորված ըմպելիքները, չիպսերը, մի խոսքով՝ այն բոլոր մթերքները, որոնք սինթեզված են քիմիական նյութերով և խիստ վնասակար են առողջությանը:

Այս պարագայում, եթե սահմանափակվում է աղի օգտագործումը, պետք է սահմանափակվի նաև շաքարավազի օգտագործումը: Ես, իհարկե, կողմ եմ, որ մարդիկ աղը չափավոր օգտագործեն, բայց շատ ավելի լավ կլիներ, որ ավելի սարսափելի ու դանդաղ մահվան հասցնող սննդամթերքի սահմանափակումները որոշվեին: Սա շատ ավելի լուրջ կլիներ, քան աղի սահմանափակման մասին այս նախագիծը:

– Եթե այս նախագիծը օրենք դառնա, որքանո՞վ է այն նպաստելու, որ մարդիկ աղը չչարաշահեն, դա վարքականոնի փոփոխություն կբերի՞ այդ առումով:

 – Չեմ կարծում: Տեսեք, եթե ծխախոտի պարագայում արգելքն այնպիսին է, որ ռեստորաններում կամ բացօթյա սրճարաններում չի թույլատրվում ծխել, ինչին ես կողմ եմ, դժվար թե մարդիկ այդ տարածքից հեռանան, ծխեն ու վերադառնան սրճարան, ինչը նշանակում է, որ այս արգելքը կնպաստի ծխողների թվի կրճատմանը, ու նաև, որ շրջապատի մարդիկ չեն թունավորվի:

Այս պարագայում, եթե մարդը աղն ուզի, կբերեն կտան այն, արգելք չկա, հետևաբար դժվար է պատկերացնել, թե դա արդյունքի կբերի: Վերջին հաշվով, իրավունք էլ չկա, երբ պահանջում են աղ՝ չբերեն, իսկ եթե միևնույն է՝ պետք է բերեն, անիմաստ է դառնում այդ սահմանափակումը: Անտրամաբանական սահմանափակում է:

– Տիկի՛ն Շահխաթունի, ի՞նչ արդյունավետ միջոցներով կարելի է մարդկանց քաջալերել, որ աղի չարաշահում թույլ չտան:

– Ոչ միայն աղի մասով եմ ուզում ասել, այլ՝ ընդհանրապես: Կցանկանայի, որ անվճար սեմինարներ կազմակերպվեին՝ սննդաբաններին ընդգրկելով, ծրագրեր կազմակերպվեին, մասամբ՝ գուցե պետական մակարդակով, և ավելի հասանելի դարձնեին այն տրամաբանական բացատրությունն ու հոգեբանական աշխատանքը մարդկանց հետ, որ իր օգտագործած սնունդը շատ հաճախ վնասում է իր առողջությանը:

Ցանկալի է, որ մասնագետները մարդկանց հետ համապատասխան աշխատանքներ տանեն ու պրոպագանդեն առողջ սնվելու անհրաժեշտությունը: Իրազեկման այդ աշխատանքները, երբ մասնագետը բացատրի մարդկանց, թե ինչ է տեղի ունենում նրա օրգանիզմում, երբ, օրինակ՝ նա հաճախ է չիպս օգտագործում կամ գազավորված ըմպելիք, կօգնեն զերծ մնալու ոչ միայն աղի չարաշահումից, այլև ավելի մեծ վտանգներից, որոնք կան շուկայում:

Չնայած չեմ կարծում, թե դա կարվի, որովհետև շուկայում առկա այդ մթերքները լուրջ բիզնես գործիքներ են, և ոչ մի պետություն իր տնտեսությունը չի դնի նման փորձության առաջ:

– Առողջապահության նախարարությունից նշում են, որ այս սահմանափակումը նաև իրազեկման նպատակ ունի, որ այս քայլերով մարդկանց աստիճանաբար սովորեցնելու են առողջ սննդակարգին հետևելու: Իրազեկման համար սա աշխատո՞ղ միջոց է՝ ըստ ձեզ:

– Արգելքը միշտ էլ հակառակ արդյունք է ունենում, ասածս չի նշանակում, որ ես դեմ եմ աղի չափավոր օգտագործմանը, ես պարզապես կտրուկ գործողություններին եմ մի քիչ դեմ, որովհետև աշխատելով մարդկանց հետ գիտեմ, որ կտրուկ միջոցներն արդյունք չեն բերում:

Արդյունք բերում են տրամաբանական բացատրությունները, իրազեկող սեմինարները: Իսկ աղի այս սահմանափակումը, չեմ կարծում, թե կարող է աշխատող միջոց լինել ու ծառայել բուն նպատակին: Եթե ուզում ենք, որ հասարակությունն առողջ լինի, պետք է օգնենք, որ իրենք դա հասկանան, ոչ թե արգելենք, որ դա առաջացնի նրանց զայրույթը, և եթե ուզում ենք, որ առողջ լինեն, պետք է կանխել շատ ավելի լուրջ չարիքները, ինչը կա խանութների վաճառասեղաններին  ու դարակներին միշտ ու անսահմանափակ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am