Հոգևոր գործեր. սիրիահայերին օրհնող էլ չկա, ինչո՞ւ է լռում Գարեգին Բ-ն

Հոգևոր գործեր. սիրիահայերին օրհնող էլ չկա, ինչո՞ւ է լռում Գարեգին Բ-ն
Հոգևոր գործեր. սիրիահայերին օրհնող էլ չկա, ինչո՞ւ է լռում Գարեգին Բ-ն

Սիրիահայերի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, թե Հայաստանն ինչքան «սերտորեն» է կապված սփյուռքի հետ և ինչ սրտացավությամբ է վերաբերվում Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերի ճակատագրին:
Ամիսներ շարունակ ստեղծված դժվարին կացությանը զուգահեռ ՀՀ իշխանությունների կողմից տեսանելի որևէ քայլ չձեռնարկելը և հակառակը` դժվարություններ ստեղծելը հիասթափեցրել են ոչ միայն սիրիահայերին, այլև, հնարավոր է` բազում սփյուռքահայերի ստիպել փոխել պատկերացումները հայրենիքի, հայրենի իշխանությունների, «լռության երդում» տված հոգևոր առաջնորդի, նախագահի և այլոց հանդեպ, որոնց մշտապես մեծ շուքով, գրկաբաց ընդունել են հայ գաղթօջախներում:
Եվ ոչ միայն ընդունել, այլև մշտապես սատարել են թե´ հոգեբանորեն և թե´ նյութապես:
Մինչ իշխանությունները` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի ձեռնպահ են մնում հարցի շուրջ որևէ հայտարարությունից, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ինչպես միշտ նման դեպքերում, երբ հազարավոր մարդիկ հոգևոր առաջնորդի աջակցության, իմաստուն խոսքի կարիք ունեն, «վեհափառի հանդարտությամբ» շարունակում է Մայր Աթոռում տարբեր երկրների պատվիրակություններ ընդունել:

Հարազատ ժողովրդի նկատմամբ անտարբեր կաթողիկոսի նման «լռությունը», համենայնդեպս վերջին տարիներին, ընդամենը մեկ անգամ է խախտվել, երբ նա երկու տարի առաջ դիմեց Սերժ Սարգսյանին` 2010-ի հուլիսի 19-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամ Մուբարիզ Իբրահիմովի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցով:

Ավելի ուշ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից պարզաբանել էին, որ Գարեգին Բ-ն նման քայլի գնաց, քանի որ նրան էր դիմել Համայն Ռուսիո պատրիարքը, որին էլ իր հերթին դիմել էր Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդը:

Այսինքն` ադրբեջանցի մի զինվորի համար, որի համար «խոսացել էին վերևներից», Գարեգին Բ-ին ստիպեցին գործի դնել բոլոր հնարավոր միջոցները և խախտելու լռությունը` դիմելով նախագահին:

Ամենայն հայոց կաթողիկոսը, հոգևոր առաջնորդը, ով դժվարին պահերին պետք է իր ժողովրդի կողքին լինի իմաստուն խորհուրդներով և հորդորներով, միայն ընդառաջ գնաց` «բարեխոսելով» ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի դին չեզոք գոտուց ադրբեջանական կողմին հանձնելու համար:

Մի զինվոր, ով իր երկրում հերոսի կոչման արժանացավ` Հայաստանի հանդեպ դիվերսիոն գործողություններ իրականացնելու և առնվազն 4 հայ զինվոր սպանելու համար: Զինվորներ, որոնց մահը վշտացրին հազարավոր հայերի, դժբախտացրին և սգավոր դարձրին զոհերի ընտանիքներին:

Ո´չ արյունալի մարտիմեկյան իրադարձություններից հետո, ո´չ ներքաղաքական լարված իրավիճակներում, ո´չ ժողովրդի սոցիալական դժվարին վիճակում և ո´չ էլ, օրինակ` արտագաղթի ահագնացող չափերի մտահոգությունները երբևէ չստիպեցին Գարեգին Բ-ին` կատարել հոգևոր առաջնորդի իր դերը, գոնե ուղերձով դիմել ժողովրդին: Ինչպես ասել է տարիներ առաջ, ինքը «չի խառնվում քաղաքականությանը»՝ իրապես ցույց տալով իր «երկաթե կամքը»:

Սակայն, բարեբախտաբար, ժողովրդի հույսը միայն Գարեգին Բ-ն չէ, գոնե սփյուռքի:

Ի տարբերություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի` սիրիահայերի դեպքում, ինչպես և շատ դեպքերում, իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

Արամ Ա-ն, մտահոգ ստեղծված կացությամբ, ցանկություն է հայտնել Սիրիա մեկնելու` նեցուկ կանգնելու հայ համայնքին` «որպես հովվապետ սատար կանգնելու իր հոտին»:

Այսինքն` Արամ Ա-ն ամեն դեպքում իր աջակցությունն է հայտնել առանց այն էլ ծանր կացության մեջ հայտնված հազարավոր սիրիահայերի, որոնք կյանքի դառը իրավիճակում, մեղմ ասած, չգիտեն` ո´ւմ կարող են ապավինել, ումի´ց աջակցություն ստանալ: Եվ որոնց համար «հայրենիք» բառը արդեն հիանալի զուգորդություններ չի առաջացնում:

Պահվածք, որն ակնկալելի էր հոգևոր առաջնորդից, վերաբերմունք, որին կարոտ է ժողովուրդը, և ինչն ինքնըստինքյան արդեն հարգանք է ներշնչում մի մարդու նկատմամբ, որը չի խոսում միայն այն դեպքում, երբ իրեն է անհրաժեշտ, կամ միայն ամանորյա նույնաբովանդակ ուղերձների ֆորմատով:

Օրեր առաջ, երբ Թբիլիսում էի, անկեղծ զարմացա` տեսնելով Վրաց պատրիարք Իլյա Բ-ի նկարները հասարակական վայրերում, տաքսիների մեջ, ավտոբուսներում, տներում, ամենուր, մարդկանց աստվածպաշտությունը և ակնածանքն առ եկեղեցին:

Վրաց պատրիարքի խիստ ու պատկառելի կերպարը, ով երբեք չերկմտեց իր կարծիքն արտահայտելուց իշխանություն-ընդդիմություն պայքարի հետևանքով երկրում ստեղծված լարվածության առնչությամբ, հետաքրքրությունները չծառայեցրեց իշխանություններին, երբեք չերկնչեց իշխանություններին քննադատելուց և հանուն ժողովրդի հարկային, սոցիալական քաղաքականությունը վերանայելու կոչ անելուց:

Այո´, այդ ամենը հենց այնպես չէ: Ի տարբերություն Գարեգին Բ-ի, ով ուղղակի խայտառակ արեց իրեն Վրաստանում Վրաց պատրիարքի հետ հանդիպման ժամանակ, Իլյա Բ-ն իր պահվածքով այդ հարգանքը վաստակել է:

Իսկ Գարեգին Բ-ն «քաղաքականությանը չի խառնվում»: Նա զբաղված է ավելի կարևոր գործերով:

Մարի Գրիգորյան

© Medialab.am