Բելգիայում քաղաքական ճգնաժամ է․ վարչապետը ներկայացրել է կառավարության հրաժարականը

Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը նոյեմբերի 2-ին ժամանել է թագավորական պալատ՝ Ֆիլիպ թագավորին ներկայացնելու կառավարության հրաժարականը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Որոշումը հաջորդել է պետական բյուջեի շուրջ գիշերային բանակցությունների ձախողմանը։

Շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո վարչապետը հեռացել է պալատից՝ առանց լրագրողների հետ զրուցելու։

Թագավորական պալատից հայտնել են, որ Ֆիլիպ թագավորը դեռ որոշում չի կայացրել հրաժարականի վերաբերյալ։ Նոյեմբերի 3-ից նա խորհրդակցություններ կսկսի կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների հետ։

Թագավորը ափսոսանք է հայտնել բանակցությունների ձախողման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Բելգիան չի կարող իրեն թույլ տալ երկարատև քաղաքական ճգնաժամ։ Նա կողմերին փոխզիջման կոչ է արել։

Կառավարությունը պետք է ապահովի 10 միլիարդ եվրոյի խնայողություն՝ ԵՄ բյուջետային պահանջներին համապատասխանելու համար։ Բելգիայի բյուջեի պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 5 տոկոսը՝ թույլատրելի 3 տոկոսի փոխարեն, իսկ պետական պարտքը գերազանցում է 735 միլիարդ եվրոն։

Դե Վևերի հաջորդ հանդիպումը թագավորի հետ նախատեսված է նոյեմբերի 7-ին։