«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը
– Տիկի՛ն Պողոսյան, առողջապահության նախարարի խոսքով՝ «առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս բժշկական ծառայություններից օգտվել է 842750 քաղաքացի, մատուցվել է 8 միլիոն 399 հազար 491 ծառայություն, իսկ ծրագրի ֆինանսական կատարողականը կազմել է 97,4 միլիարդ դրամ»։ Թվային այս տվյալներն արդյոք փաստո՞ւմ են այն մասին, որ համընդհանուր ապահովագրությունը հաջողությամբ մեկնարկել է:
– Թվերն ավելացել են, թե պակասել՝ էական չէ, որովհետև դա չի խոսում իրենց հաջողությունների մասին: Ինձ համար զավեշտալի էր այն, որ նախարարը հերթերն ու դիմելիությունը պարզաբանում էր նրանով, որ մարդկանց ասել են, թե ապահովագրություն այլևս չի լինելու, դրա համար էլ մեծ թվով մարդիկ սկսել են արագ դիմել:
Այսինքն՝ ոչ ուղիղ, բայց նախարարը հայտարարում է այն մասին, որ առողջապահության համակարգը սպասարկել է հրատապություն չունեցող, կարիքը չգնահատված մեծ քանակությամբ դեպքեր, որի հետևանքով ծանրաբեռնվածություն է եղել ոչ միայն բժիշկների, բուժհաստատությունների վրա, այլ նաև՝ պետական բյուջեի հետ կապված: Այսինքն՝ բյուջեի անբացատրելի ու անարդյունավետ ծախսեր են եղել, ինչի հետևանքով այսօր արդեն սպառել ենք այն բյուջեն, որն այս տարվա կտրվածքով նախատեսված է եղել առողջապահության համակարգի համար:
Սա ենթադրում է, որ մեր բոլոր կասկածները, ըստ որոնց՝ նախընտրական շրջանում, կարիքը չգնահատած, բոլորին մատուցվել է առողջապահական ծառայություն, ճիշտ էին, ինչի հետևանքով էլ այսօր խնդիր ունենք: Քաղաքացիներին արդեն իսկ մերժում են ապահովագրության շրջանակներում սպասարկել. տարբեր լրագրողական հետաքննություններից տեղեկանում ենք, որ կա այդ խնդիրը: Օրինակ՝ դիալիզով հիվանդին ԼՕՌ կոնսուլտացիայի համար ստիպել են վճարել 12 հազար դրամ: Այսպիսով, կարող ենք ասել, որ երկրի համար շատ կարևոր այս ռեֆորմը ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանքով հասել է մի վիճակի, որի հետագա լուծումը հայտնի չէ:
– «Եթե անձը տարվա մեջ 183 օր Հայաստանում չի եղել, առողջության ապահովագրության շահառու չի կարող լինել»,- նախարար Ավանեսյանն է հայտարարել նախօրեին: Նման պրակտիկա կա՞ այլ երկրներում, ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը:
– Որքանով ես եմ տիրապետում՝ այլ երկրներում նման որոշում չկա: Մենք ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք տարվա գրեթե կեսը Հայաստանում չեն ապրում, բայց այստեղ ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում, ինչը ենթադրում է, որ վճարում են ապահովագրավճար: Կամ՝ թոշակառուները, որոնք հյուր են գնում արտերկրում ապրող իրենց ընտանիքի անդամներին, կարող են վերադառնալ ու այստեղ օգտվել ապահովագրական ծառայությունից, որովհետև իրենց թոշակը ստանում են, երբ Հայաստանում չեն, հիմա ստացվում է, որ ապահովագրությունից կզրկվեն, եթե սահմանված օրերի քանակով Հայաստանում չլինեն:
Ես կարծում եմ, որ այս ֆիլտրը դրել են, որպեսզի նվազեցնեն ապահովագրված անձանց թիվը, որոնք պետք է անվճար բժշկական սպասարկում ստանան: Խնդիր կա թե՛ ծավալի, թե՛ բյուջեի հետ, դրա համար էլ փորձում են հնարավորինս քիչ սպասարկում իրականացնել, որովհետև ցանկացած դեպք իր հետևից տանում է գումար, իսկ քանի որ հատկապես թոշակառուները ստանում են պետության կողմից սուբսիդավորված ծառայություն, դա ենթադրում է, որ մենք ունենալու ենք թվի բարձրացում, դրա համար էլ նման ֆիլտր են դրել: Չեն հիմնավորում, թե իրենք ինչպե՞ս են մերժելու այն մարդկանց, որոնք վճարում են ապահովագրավճար, բայց տարվա կեսը Հայաստանում չեն լինում, սակայն այստեղ ձեռնարկատիրությամբ են զբաղվում:
– Տիկի՛ն Պողոսյան, իսկ ձեր ասած այդ ֆիլտրն արդարացվա՞ծ մոտեցում է:
– Այս ամենը հետևանքն է նրա, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը հանպատրաստից կատարվեց: Հախուռն, արագ, առանց հաշվի առնելու ռիսկերը՝ նրանք ներդրեցին այս նախընտրական ծրագիրը, ինչու նախընտրական, որովհետև եթե ուշադիր եք եղել, ապա նկատելի էր, որ ամբողջ քարոզարշավը իրականացվեց հենց այս կոնտեքստում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















