Մեզ այս պահին հոգեպես են զինաթափում, որ մարդիկ զենք վերցնելու կարիք չտեսնեն. սա ամենավտանգավոր երևույթն է. Հայրապետյան

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանը կրկին ակտիվացրել է տեղեկատվական դաշտում լուրերը, թե հայկական կողմը խախտում է հրադադարը, դրան զուգահեռ հենց իրենք են Արցախում խախտում հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանական կողմը նոր ռազմական գործողությունների՞ է պատրաստվում։ 

– Իմ համոզմամբ՝ Ադրբեջանին պետք չէ կնքել «խաղաղության պայմանագիր», նրանց պետք էր Հայաստանին ներքաշել իրենց օրակարգի մեջ ու հարկադրել մաս-մաս կատարել իրենց պայմանները: Նրանք դրան հասել են: ՀՀ ներկայիս իշխանությունների միակողմանի ու հակապետական զիջումների քաղաքականությունն է՛լ ավելի է արձակում Բաքվի ձեռքերը: Եթե երկրի վարչապետը շարունակ խոսում է այն մասին, որ մենք պետք է Ադրբեջանին տարածքներ վերադարձնենք՝ դրանք կոչելով «անկլավներ», եթե փորձում է հայ հանրությանը համոզել, որ մեր պետությունը «կադաստրի թղթի» կարիք ունի, դրանով նա ուղիղ հրավեր է անում, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա: Երկրի ղեկավարը հարցականի տակ է դնում սեփական պետության գոյության իրավունքը: 

Իսկ ի՞նչ ենք ստանում այդ ամենի դիմաց: Հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, շատ լավ տեղյակ է, որ Ալիևը թղթի հիման վրա որևէ տարածքից դուրս չի գալու, Ալիևն առհասարակ մեր պետությունն անվանում է «հին ադրբեջանական հող»: Ուստի ոչինչ, բացի պատերազմից ու ագրեսիայից, մենք չենք ստանա: 


Հիմա պատկերացրեք իրավիճակ, որ, Աստված մի արասցե, Ադրբեջանը գնա էսկալացիայի, օրինակ՝ Տավուշի կամ Նախիջևանի ուղղությամբ: Այնտեղ կանգնած զինծառայողը կարող է մտածել, որ իր երկրի ղեկավարն էր ասում, թե իբրև այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, էլ կռվելու իմաստը ո՞րն է: 

Կարճ ասած՝ ՀՀ ղեկավարությունը իր քարոզչությամբ փորձում է չեզոքացնել դիմադրության ցանկացած փորձ, և այդ ֆոնին Ադրբեջանն է՛լ ավելի ագրեսիվ է դառնում, որովհետև իրեն դիմադրություն ցույց տվող չպետք է լինի: Հայ հանրության դեմ տարվում է կազմակերպված հիբրիդային պատերազմ: Հայաստանի իշխանության ու Ադրբեջանի ղեկավարության թեզերը երբեմն բառացի կրկնվում են: Ես հստակ տեսնում եմ դիմադրությունը, պայքարն ու չհանձնվելու ցանկությունը ոչնչացնելուն միտված այս քարոզչական գիծը: 

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը կարծում է, որ եթե բանակցությունների նման տեմպը շարունակվի, տարեվերջին, հավանական է՝ կնքվի խաղաղության պայմանագիրը։ Համակարծի՞ք եք։ 

– Ձեր նշած պաշտոնյան մշտապես աչքի է ընկել վտանգավոր ու անհիմն հայտարարություններով: Բայց նա իրականացնում է Փաշինյանի հրահանգները: Ես արդեն ասացի իմ կարծիքը: Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները շատ հեռուն են գնում, նրանք իրենց թղթերով չեն կաշկանդելու, բայց, փոխարենը՝ ՀՀ իշխանությունների վարած քարոզչությունը ոչնչացնելու է Ադրբեջանի ագրեսիայի դիմադրության փորձը: Ինչպես ասում են՝ մեզ այս պահին հոգեպես են զինաթափում, որ մարդիկ զենք վերցնելու կարիք չտեսնեն: Սա ամենավտանգավոր երևույթն է մեր պետականության համար: 

«Ո՛չ ԼՂ ժողովուրդը, ո՛չ նրանց ընտրած իշխանությունը մեզ չեն լիազորել բանակցել իրենց կարգավիճակի շուրջ, և մենք չենք էլ բանակցում այդ հարցով». մեջբերումը հատված է ՀՀ արտգործնախարարի խոսքից։ Արարատ Միրզոյանի այս հայտարարությունն ինչպե՞ ս կմեկնաբանեք, ի՞նչ է սա ենթադրում։ 

– Դե, ինչպես նկատել ենք՝ ամեն պաշտոնյա մի բան է ասում: Նույն հարցի շուրջ եթե երեք պաշտոնյա խոսեն, չորս տարբեր բաներ կասեն: Բայց, միևնույն ժամանակ, Արարատ Միրզոյանը նման հայտարարություն երբ անում է, չի՞ հիշում՝ իր ղեկավարն ի՛նչ է խոսում, չի՞ հիշում՝ իրենք ինչպե՛ս են բանակցում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ: 

Կրկնում եմ՝ թող բացեն իրենց նախընտրական ծրագիրն ու Կառավարության ծրագիրը, տեսնեն՝ ինչպես են խոստացել պայքարել ինքնորոշման իրավունքի համար ու ինչպես են ստել մարդկանց՝ մեծապես վտանգելով Արցախում ապրող 120.000 հայի ճակատագիրը:

«Անկլավների» վերաբերյալ խոսույթը ՀՀ արտգործնախարարը համարում է քաղաքական հայտարարություն, ի՞նչ ասել է քաղաքական հայտարարություն, ադրբեջանական կողմը և՞ս այդ կերպ է ընկալում հարցը։ 

– Ես արդեն նշեցի, դա այդ ուղղություններով հարձակման գնալու կանաչ լույս է, ուրիշ ոչինչ: Երբևէ լսե՞լ եք, որ Ալիևը խոսի, թե Հայաստանին պետք է վերադարձնել Արծվաշենը: Իհարկե ո՛չ, չեք էլ լսի նման բան: Եթե Հայաստանի իշխանությունների նպատակն այն է, որ միջազգայիններին ցույց տան, թե, տեսեք՝ մենք այսքան զիջում ենք, բայց Ադրբեջանն ապակառուցողական է, ապա դա ձախողված խաղ է, միջազգայիններից ոչ մեկն Ադրբեջանի ագրեսիան չի զսպելու: Այս ամենի հետևանքով մենք վտանգելու ենք մեր պետականությունը: 

– Արարատ Միրզոյանը տեսնում է կարիքը, որ Ալիևը հրապարակային հայտարարի, թե Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրը ճանաչում է, կանի՞ դա Ադրբեջանի ղեկավարը։ 

– Ադրբեջանի ղեկավարը դրա կարիքը չի տեսնում, նա ստանում է այն, ինչ պետք է՝ թե՛ ուժով, թե՛ բանակցություններում միակողմանի զիջումներ կորզելով: Բայց եթե Միրզոյանին դա հուզում է, թող իր գործընկեր Բայրամովի միջոցով փոխանցի դա Ալիևին առաջիկա վաշինգտոնյան հանդիպման ժամանակ: 

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանը գո՞հ է ընթացող բանակցություններից։ Մեզ համար դրանք արդյունավե՞տ են ։

– Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանի համար ամենաշահավետ ձևաչափը բրյուսելյան եռակողմ ձևաչափն է: Այստեղ Բաքուն հասնում է իր համար ցանկալի ձևակերպումների, բացի այդ, Բրյուսելը որևէ կերպ քայլեր չի անում Ադրբեջանի ագրեսիան ճնշելու ուղղությամբ: Բրյուսելը չունի որևէ ինստիտուցիոնալ հիշողություն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ուստի սա ամենահարմարն է Ադրբեջանի համար: Երբ հարմար լինի՝ կբանակցի, երբ ոչ՝ կգնա լարման, իսկ հետո նոր պայմաններ կթելադրի: Սա է իրենց քաղաքականությունը, իսկ ՀՀ իշխանությունների քայլերը միայն նպաստում են դրա իրագործմանը: 

Ինչո՞վ են մեզ համար արդյունավետ բանակցությունները, երբ իշխանությունները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո արդեն վտանգում են Հայաստանը Վրաստանի ու Իրանի հետ կապող միջպետական ճանապարհները: 

Մենք հիմա շատ ավելի վատ վիճակում ենք, քան նոյեմբերի 9-ի գիշերը, ու դրա թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն ու իր թիմն են, որոնք խաբել են մարդկանց, հրաժարվել իրենց նախընտրական ծրագրից և վտանգել հայոց պետականությունն ու Արցախը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am