Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում։
Անդրադառնալով տնտեսության և գործարարության զարգացմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտոնական պարտականություններով չկաշկանդված մարդիկ հաճախ ավելի լավ են տեսնում նոր հնարավորություններն ու հեռանկարները։ Նա հույս է հայտնել, որ համաժողովում հնչած գաղափարները կվերածվեն կոնկրետ պայմանավորվածությունների և նախագծերի։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու տարածաշրջանը տրանսֆորմացիայի փուլում են՝ պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությամբ և դրանից բխող զարգացումներով։
Փաշինյանը նշել է, որ կառավարությունն ամենօրյա աշխատանք է իրականացնում TRIPP նախագծի գործնական մեկնարկն ապահովելու ուղղությամբ։ Նրա գնահատմամբ՝ նախագիծը կարող է էականորեն փոխել ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական միջավայրը։
«Այսօր արդեն Հայաստանի նկատմամբ ներդրումային հետաքրքրության որոշակի ակտիվություն ենք նկատում։ Պարզ է, որ այդ նախագիծն իր հերթին բերելու է նոր նախագծեր, և Հայաստանի ու տարածաշրջանի ներդրումային գրավչությունն ուժեղանալու է»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ TRIPP նախագծի զարգացմանը զուգահեռ ակնկալվում է Հայաստան-Թուրքիա սահմանի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցությունների բացում։
Փաշինյանն անդրադարձել է նաև Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային կապի հաստատմանը, «Հյուսիս-հարավ» ճանապարհային ծրագրի իրականացմանը և արևելք-արևմուտք ուղղությամբ ճանապարհային հաղորդակցությունների զարգացմանը։
Վարչապետի խոսքով՝ այս ծրագրերը համապատասխանում են Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությանը։ Հաղորդակցությունների զարգացմանը զուգահեռ քննարկվում են նաև նավթամուղի և գազամուղի կառուցման հնարավորությունները, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի հետ կապված ծրագրերը։
Փաշինյանը նշել է, որ տրանսպորտային նոր հնարավորությունների շնորհիվ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը կարող են ավելի սերտ տնտեսական կապեր հաստատել, և այժմ ճիշտ ժամանակն է քննարկելու համագործակցության նոր ուղղությունները։
Անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին՝ վարչապետը հայտնել է, որ նախորդ հինգ տարիների համար նախատեսված տարեկան միջին 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն Հայաստանում արձանագրվել է միջինը 7,9 տոկոս աճ։
Նրա տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2018 թվականի համեմատ աճել է շուրջ 53 տոկոսով՝ չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական անկմանը։
Առաջիկա հինգ տարիների համար կառավարությունը նախատեսում է ապահովել տարեկան միջինը 6 տոկոս տնտեսական աճ։
Որպես ռազմավարական ուղղություններ՝ Փաշինյանն առանձնացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը։ Նրա խոսքով՝ առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է ոչ միայն պահպանել ոլորտի զարգացման տեմպերը, այլև վերականգնվող էներգետիկան ինստիտուցիոնալ առումով ավելի հուսալի դարձնել Հայաստանի տնտեսության և պետության համար։
Վարչապետը «Խաղաղության խաչմերուկը» բնորոշել է որպես Հայաստանի վերաբերյալ Կառավարության ռազմավարական պատկերացում։ Նա նաև կարևորել է Հայաստանի նկատմամբ գործարար հետաքրքրության և զբոսաշրջային հոսքերի աճը՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում զգալի զարգացումներ են արձանագրվել նաև արհեստական բանականության ոլորտում։



















