Դավիթ Պետրոսյան. Ուսուցանողը

Դավիթ Պետրոսյան. Ուսուցանողը
Դավիթ Պետրոսյան. Ուսուցանողը

Ապագա քաղաքագետ Դավիթ Պետրոսյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում միայնակ նստել է հացադուլի «Տարկետում լինելու ա» պահանջով: Ուսանողն ուզում է մեռնել ոչ թե սահմանին, այլ՝ լսարանում, իր մարտական «պոստում»: Սահմանին նա իր գործն արել է:

Ուսանողը ոչ թե ուզում է լծվել Հայաստանը 4 միլիոնանոց սարքելուն, այլ մեռնել լսարանում, որտեղ իր հնարավոր մահից բացի ուրիշ ոչինչ տեղի չի ունենում: Ուսանողը դեռ չի կորցրել իր կյանքի միակ սիրուն, բայց արդեն ուզում է մեռնել: Ուսանողը դեռ Վիգեն Սարգսյանի նման չի լռել, երբ պետությունն իրար հետևից կորցնում էր պետություն լինելու բոլոր զենքերը, ուստի արդեն գնում է դեպի մահ: Ուսանողը դեռ չի զզվել նույնիսկ իր հանրապետական ռեկտորից, բայց կյանքից զզվածի մահով է գնում: Սրա համար ո՞վ պետք է պատասխան տա:

Այո՛, նա դեռ կյանքը չի տեսել, դեռ կարգին չգիտի, թե մարդիկ ինչերի համար են գնում դեպի ստույգ մահ, բայց արդեն մահ է «մուրում»: Տեսնես ո՞վ գիտի՝ ինչո՞ւ է այսպես: Եվ այսպես է լինելու, քանի դեռ Հայաստանն առաջնորդում է միայն իշխանության ծարավ մի մարդ, որը 2040-ին Հայաստանից արտագաղթողների իրական թիվը ներկայացնում է իբրև մեր երկրի ժողովրդագրական նվաճում, քանի դեռ նրա համար հացադուլի մեջ գտնվող գրեթե երեխայի սրտի աշխատանքն իր թոռների սրտի աշխատանքը չէ, քանի դեռ սեփական արժանապատվությունդ բանակի վաղուց կեղծված արժեքներից ավելին չէ, քանի դեռ այս երկրի մարդհաշիվը լինելու երկու ճանապարհ կա՝ սահմանին «նահատակ» լինելու լուսապսակը, որը ոչ մի պահանջ չի առաջադրում իշխանությանը, և հալալ կարտոֆիլով յոլա գնալը, որում պահանջները կալորիականություն չունեն:

Հացադուլը միշտ չէ, որ ենթադրում է մահ: Բայց հաճախ այլընտրանքը Արտաշես Գեղամյան լինելն է: Կամ՝ Արթուր Բաղդասարյան լինելը: Ապրելու պատվանդանները բաշխված են կամքի և մտքի նշույլ չունեցողներին: Որպեսզի ուսանողը հասկանա, թե ովքեր իրավունք և տարբերակ ունեն չմեռնելու: Ամեն ինչ արված է, որպեսզի կյանքն ինքն իրեն չճանաչի Հայաստանում, որպեսզի նույնիսկ բարոյականությունը հանձնվի ոչ թե պայքարի մեջ, այլ՝ ինչ-որ մեկի ոտքերի տակ: Հենց դրա համար է մեր գեներալների վիզն այդքան հաստ: Որպեսզի շարքային զինվորի կզելը նույնիսկ բնական համարվի:

Սա Հայաստանն է: Այստեղ ուսանող լինելը չի նշանակում պետության մեջ սեփական դերի սկիզբ: Իշխանությունը նրան ասում է՝ ես զորություն ունեմ քեզ առաջարկելու ընտրել ոչնչություն լինելու քո ուղիները՝ կամ դեպի սահման, կամ դեպի Հանրապետական: Այլընտրանքը մահն է: Իսկ այդպիսի մահվանը միջամտելու կարիք չկա:

Նա կմեռնի, մյուսները կհամալրեն ազգ-բանակը, որպեսզի իրենց ապրող զգան: Միայն որդի ունենալ երազող մայրերին նրա մահը կթվա անհեթեթ, որովհետև «լավ, դու սկի՞ մեր չունեիր, տղա ջան»: Միայն զինվոր դառնալ երազողներին այդ մահը կթվա դավաճանություն, որովհետև «ախպեր, գոնե մի հատ թուրքի գյուլլեիր, նոր մեռնեիր»: Միայն դեպի Հանրապետական գնացողներին այդ մահը կթվա ճանապարհի ասֆալտապատում, որովհետև «լավ ա մեռավ, ապրեր՝ հացներիս վայիս էր ըլնելու»: Միայն օրվա գեներալը հազիվ զսպելով «էս տղին» «գլխից խփելու» մղումը, ծափ կտա, որովհետև «ըտենցների ծառայելուց ի՞նչ օգուտ»:

Միայն Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը չեն հասկանա, թե ինչ է կատարվում, որովհետև «ախպեր, քո սիրտը խի՞ ա վառվում ուրիշների ծառայելուց»: Միայն քաղքենին կուզենար նրան հիշեցնել, որ «Նոր տարվա դեմը ըտենց մեռնելով ոչնչի չես հասնի»: Եվ միայն որդեկորույս մայրը, արտագաղթածի հողագործ հայրը կամ հանրապետական դառնալ չերազած սահմանապահ զինվորի քույրը կհասկանան, որ այս տղան դեպի մահ չի գնում, այս տղան գրեթե այնտեղից է գալիս:

Այս տղան չի կարող այնքան իջնել, որպեսզի չտեսնելու տա, թե ինչպես են Հայաստանում ոչինչ չմտածող կոռումպացվածները ոչինչ չասող կոռուպցիայի դեմ պայքարի անունից ոչինչ չունեցող տղաներին տանում դեպի ստույգ մահ: Նրա միտքը կուշտ է պետական անբարոյականությունից: Նա սովի սեղանին է դրել իր արժանապատվությունը, որտեղ Սերժ Սարգսյանի լիքը թշերով հավերժ իշխանությունն ու Վիգեն Սարգսյանի «քարդաշյանական» շուրթերով (չանտեսենք դասականին) ժպիտը սողանցք չունեն ներս խցկվելու և պղտորելու դեռ չապրածը: Այս տղային պետք է օգնել ապրել: Գուցե իշխանությունն էլ սկսի ապրել:

Մհեր Արշակյան

MediaLab.am