Հիմքեր կան մտածելու, որ դատավարությունը չի համապատասխանում նույնիսկ Ադրբեջանի օրենքներին. միջազգային իրավունքի մասնագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը

– Պարո՛ն Ղազարյան, Ադրբեջանում տեղի ունեցող Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարության վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում նաև այն համատեքստում, որ երբ ադրբեջանական կողմը առևանգեց Խաչատրյանին, Արցախի ՄԻՊ-ը հայտարարեց, որ «ադրբեջանցի տարբեր օգտատերեր, այդ թվում՝ դիվանագետներ, օգտագործում են համացանցից ներբեռնված զինվորի նկարը և ներկայացնում որպես Վագիֆ Խաչատրյանի նկար»: Եթե պարզվի, որ բոլորովին այլ մարդու են դատում, ի՞նչ մեխանիզմներ կան, որ կգործեն այդ դեպքում:

– Անմեղությունն ապացուցվում է միայն քրեական դատավարությամբ, այսինքն՝ այն դատավարությամբ, որը մենք տեսնում ենք: Երկրորդ՝ կոնկրետ այս դատավարության դեպքում մենք որոշ նոր հատկանիշներ ենք տեսնում՝ դատավարությունն ավելի աշխույժ է, որի ընթացքում մարդը նույնիսկ հնարավորություն ունի հայտարարելու, որ ինքն անմեղ է, չի եղել այդ վայրերում: 

Չեմ համարձակվի մրցակցային դատավարություն անվանել, բայց մրցակցային դատավարության նմանվող դրվագներ ենք տեսնում՝ ի տարբերություն մյուս դատավարությունների, երբ միայն մի քանի րոպե էինք տեսնում, որ մեր քաղաքացիներն ապակու հետևում նստած են: 

Ինչպես Եվրադատարանը ֆիքսեց վերջերս նաև Կարեն Ղազարյանի գործով, դրանից առաջ՝ Սարիբեկյանի գործով, որ նրանց կողքին նույնիսկ փաստաբան չկար, այստեղ մի քիչ ավելի աշխույժ դրվագներ ենք տեսնում: Իմ կարծիքով՝ դա հերթական իմիտացիան է, որովհետև քանի դեռ դատավարությունը հանրայնություն չունի, այսինքն՝ ոչ միայն այն, որ լրագրողները կարող են տեսնել ու գրել, այլ նաև այն, որ Վագիֆ Խաչատրյանը կապ չունի ընտանիքի հետ, ու պարզ չէ՝ նա արդյոք չէ՞ր ուզի Հայաստանից փաստաբան ունենա՞լ, թե՞ ոչ, և արդյոք այս փաստաբանից հրաժարվելն իր կամքո՞վ է, թե՞ ոչ:

Այս ամբողջի մասին չգիտենք, որովհետև չունենք հանրայնություն, ուստի դեռ վաղ է դատել, բայց բոլոր դեպքերում որոշակի ակտիվ դրվագներ տեսնում ենք, ինչը, կարծում եմ, հերթական իմիտացիան է՝ ցույց տալու համար, որ դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան, վստահ լինելով, որ Հայաստանը դիմելու է ու արդեն դիմել է Եվրոպական դատարան, որպեսզի այնտեղ ինչ-որ փաստեր ներկայացնի: 

Օրինակ՝ Կարեն Ղազարյանի գործով հոկտեմբերի 6-ի Եվրադատարանի վճռում կարդում եմ, որ Ադրբեջանը պնդում էր այսինչ-այսինչ դատավարության մասին, բայց որևէ փաստ չի ներկայացրել: Նրանք հասկանում են, որ Եվրադատարանն այդ բոլոր դրվագները հաշվի էր առնելու, դրա համար էլ հիմքեր են ստեղծում, որ կարողանան փաստեր ներկայացնել, թե դատավարությունը համապատասխանում էր եվրոպական չափանիշներին, բայց նրանք, իմ կարծիքով, արդեն մոռացել են, թե դրանք ինչ են:

– Ձեր գնահատմամբ՝ Վագիֆ Խաչատրյանի իրավունքները ի՞նչ կետերով են խախտվում:

– Առաջինը նշեցի, որ դատավարությունը հրապարակային չէ, որովհետև նա հնարավորություն չունի կապ հաստատելու իր հարազատների հետ: Որ մեկ-երկու անգամ զանգել է, դա, վստահաբար, հսկողության տակ է եղել, բայց, սովորաբար, հսկողություն իրականացվում է, ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կապի վերահսկողություն իրականացվում է նախաքննության ընթացքում, բայց երբ գործը մտնում է դատարան, արդեն հանրային դատավարության տեսանկյունից անիմաստ է թույլ չտալ, որ մարդը զանգի Հայաստան: 

Մենք չգիտենք՝ նա հարազատների հետ երբևէ անկաշկանդ խոսե՞լ է, թե՞ ոչ, կուզենա՞ր այդ փաստաբանի ծառայությունից օգտվել, թե՞ ոչ: Այս բոլորը հիմք են տալիս մտածելու, որ դատավարությունը չի համապատասխանում նույնիսկ Ադրբեջանի օրենքներին:

– Պարո՛ն Ղազարյան, տեղյա՞կ եք, թե ի՛նչ պահանջով է Հայաստանը դիմել Եվրադատարան կոնկրետ Խաչատրյանի գործով:

– Չգիտեմ, բայց վստահ եմ, որ այնտեղ դատավարության մասին պնդումներ կներկայացվեն, չնայած գուցե Հայաստանը դիմել է միայն նրա ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը պաշտպանելու հիմքով:

– Կարծում եք՝ Ադրբեջանը ձեր նշած աշխուժությունը կկիրառի նաև Արցախի նախկին նախագահների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների դատավարության ժամանակ և՞ս:

– Գուցե ավելի մեծ ու դրամատիզմով լի շոու փորձեն ներկայացնել, քանի որ, որքան հասկացա, նրանք ուզում են նրանց ներկայացնել ոչ միայն որպես սովորական հանցագործների, այլ նաև միջազգային հանցագործների, այսինքն՝ պատերազմական հանցագործության, տեռորի մասով և այլն, ու այստեղ, վստահ եմ, որ դարձյալ հանրայնություն չեն տա: 

Եթե հանրայնություն տան, գաղտնիքները կբացահայտվեն, կբացահայտվի, որ այդ ամենը վերահսկվում է, բայց, իհարկե, իմիտացիոն գործողություններ կլինեն՝ ցույց տալու համար, թե հարգում են հրապարակայնությունը, փաստաբան ունենալու իրավունքը, մրցակցային դատավարության իրավունքը: 

Սրանք կանեն, բայց այստեղ ավելի լայն կոնտեքստով դիտելու պարագայում մենք հասկանում ենք, որ սա իրականում քաղաքական հետապնդում է, քաղաքական բնույթի մեղադրանքներ են ներկայացված, որովհետև նրանք նախկին նախագահներ են:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am