«Կեղտաջրերի հետ կռիսները լցվում են տուն». Տիչինա փողոցի բնակիչները չգիտեն էլ ում դուռը ծեծեն

«Կեղտաջրերի հետ կռիսները լցվում են տուն». Տիչինա փողոցի բնակիչները չգիտեն էլ ում դուռը ծեծեն
«Կեղտաջրերի հետ կռիսները լցվում են տուն». Տիչինա փողոցի բնակիչները չգիտեն էլ ում դուռը ծեծեն

Մինչև ծնկները հասնող կեղտաջուրը, սենյակներում լողացող կահ կարասին, անձրեւաջրերի հետ տուն լցվող առնետները, խուճապահար բնակիչների ձայները Երեւանի Տիչինայի փողոցի բնակիչների համար ոչ թե մղձավանջային երազ, այլեւ եղանակի հետ կրկնվող իրականություն է:

«Կեղտատջրերի հետ կռիսները լցվում են տուն, չենք իմանում ուր առնենք մեր գլուխները փախնենք»,-«Մեդիալաբին» ասում են Տիչինա փողոցի բնակիչները:

տիչինա 2Արդեն 40 տարուց ավել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Տիչինա փողոցի սեփական տների բնակիչների համար աշնան եւ գարնան անձրեւների սպասումները եւ դրա հետեւանքները դարձել է իսկական պատուհաս:

Այս ամառվանից փողոցում սկսված ասֆալտապատման աշխատանքները եւ հարակից շինարարությունը շատերին հույս են տալիս մտածելու, որ վերջիվերջո հնարավոր կլինի կարգավերելու հեղեղատարի համակարգը, որը թեեւ կենսական նշանակություն ունի բնակիչների համար, սակայն տասնամյակների խորքից այդպես էլ լուծում չի ստանում:

Բնակիչների սեփական տների բակով անցնում է հեղեղատար առու, որը հորդառատ անձրևների ժամանակ, ռելիեֆի թեքությունից ելնելով, վարարում է ու հորձանքով գնում, լցվում բնակիչների տները:

Գարշահոտության, խոնավության, կեղտաջրերի և առնետների մեջ ապրող անօգնական բնակիչները չգիտեն այլևս ում դիմեն իրենց խնդիրը լուծելու համար, որի հետևանքները ամեն անգամ վերացնելու համար ամիսներ են պահանջվում:

Տիչինա փողոցի բնակչուհի  Արաքսյա Գրբաշյանը ասում է, որ հեղեղատար առուն իջնում է Լենինգրադյան փողոցից և ուժեղ անձրևի ժամանակ ամբողջ հոսքով լցվում իր և հարևանների տները: Ըստ նրա, վերջին տարիներին հեղեղատարը վեր է ածվել նաև կոյուղու, քանի որ վերևի թաղամասերում ապրող բնակիչները ինչ ասես չեն նետում մեջը:

«Ամբողջ կեղտը առվի մեջ է: Ոչ կարողանում ենք  պատուհան բացել, ոչ դուրս գալ բակում նստել, խեղդվում ենք էդ առվի հոտից: Առնետները դուրս են գալիս, ման գալիս բակերում, ամբողջ թաղամասը կանալիզացիայի մեջ է հայտնվել այս առվի պատճառով: Մենք ամեն առավոտ և երեկո ջրի շլանգով լվանում ենք առուն, բահով կեղտ ենք բրդում առվից, որ գոնե կարողանանք ապրել այստեղ: Իսկ հորդառատ անձրևի ժամանակ, որ տարին մեկ, կամ երկու անգամ է լինում, այստեղ աննկարագրելի ջրհեհեղ է սկսում: Ջուրը առվից լցվում է տները, հասնում մինչև ծկներս: Սաղ խալիներս, կահույքս, խոհանոցս կեղտի մեջ կորում է: Մաքրելուց հետո էլ հատակը այնպես է ուռում, որ վրան քայլել չի լինում»,-«Մեդիալաբին» պատմում է Արաքսյա Գրբաշյանը, ով 64 տարի է ինչ բնակվում է Տիչինա փողոցում:

Նա շրջում է տան սենյակներով ու ցույց տալիս ջրից խոնավացած պատերը, ջարդված կահույքն ու քանդված հատակը: 83-ամյա Արաքսյա Գրբաշյանը ասում է, որ տան խոնավությունը առողջական բազում խնդիրների հետեւանք էն դարձել:

տիչինա 3«Այս չարաբաստիկ առուն իմ ճակատագիրս եղավ ու մինչև հիմա  էդ սև ճակատագիրը դուրս չի գալիս տնիցս,-ասում է տարեց կինը ու պատմում, որ 38 տարի առաջ հեղեղատարի պատճառով հարևանների միջև նույնիսկ կռիվ է եղել, որի ժամանակ հարևաններից մեկը դանակով հարվածել է իր ամունսուն:

«Էս հեղեղատարի պատճառով տունս արյուն հեղեղվեց: Ամուսնուս տարանք հիվանդանոց, բայց 7 օր հետո մահացավ»,-ասում  է միայնակ ապրող Արաքսյան:

Տարածքի թեքությունը այնպես է, որ հեղեղի ժամանակ թիրախի տակ է ընկնում մոտ 7 տուն:

Պետական կառույցներից որևէ լուծում չստանալու հետևանքով, բնակիչներից երկուսը սեփական միջոցներով փորձել են հարցին մասնակիորեն լուծում տալ, և իրենց բակով անցնող առվի երկայնքով կառուցել են բետոնե արգելապատնեշներ:

Չնայած դրան, հեղեղատարի խնդրիը փողոցի մյուս մասում գտնվող տների համար շարունակում է մնալ չլուծված:

«Ես 38 տարի ապրում եմ այստեղ ու համարյա ամեն տարի այդ խնդիրը կա: Հեղեղատարի կեղտոտ ջուրը լցվում է մեր այգին: Հորդառատ անձրևների ժամանակ անգամ մեքենաները չեն կարողանում անցնել մեր փողոցով: Փրկարարներին կանչել ենք մի քանի անգամ, բայց իրենք էլ ոչնչով չեն կարողացել օգնել, ջրի հոսքը այնքան շատ է լինում: Մենք ամեն անգամ ջուրը դույլերով այգուց ու տներից դուրս ենք հանում, այլ տարբերակ չկա»,-ասում է Տիչինա փողոցի մեկ այլ բնակչուհի` Անահիտ Չիլինգարյանը:

Տուժած բնակիչները ասում են, որ բազմիցս են դիմել պատկան մարմիններին՝ Երևանի քաղաքապետարանին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանին, «Հայջրմուղկոյուղուն», Սանիտարա-համաճարակային կայան (Սանիպետկայանին), նամակ են գրել Սերժ Սարգսյանին, սակայն հարցն այդպես էլ որեւէ լուծում չի ստացել:

«Պատասխաններ ստացել ենք, մասնագետները նույնիսկ եկել են, նայել, ծանոթացել մեր խնդրին, բայց  միշտ ասել են, որ սա միլիոնների հաշիվ է, թանկ արժե, այդքան բյուջե չունեն, որ սարքեն: Ես անձամբ նույնիսկ Սերժ Սարգսյանին եմ հանձնել նամակ նախընտրական քարոզարշավի ժամանակ ու պատասխան է եկել, որ համապատասխան միջոցառումներ պետք է ձեռք առնել խնդիրը լուծելու համար, բայց մինչ օրս նույն վիճակն է»,-ասում է Տիչինա փողոցի մեկ այլ բնակչուհի` Եվա Խաչատրյանը:

Արդեն մեկ ամիս է Տիչինա փողոցում «Երևան ջուր» ընկերությունը շինարարական աշխատանքներ է իրականացնում նոր կոյուղագիծ և ջրագիծ անցկացնելու համար: Բնակիչները ասում են, որ քանի ճանապարհը քանդել են և սկսել շինարարական աշխատանքներ, միանգամից հեղեղատարի հարցն էլ կարելի է լուծել: Այնինչ «Երևան ջուր» ընկերության աշխատակիցները պատասխանել են, որ այդ հեղեղատարի հարցի լուծումը իրենց լիազորությունների շրջանակում չէ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի կոմունալ բաժնից  «Մեդիալաբին» պատասխանեցին, որ քաջատեղյակ են խնդրին, բայց լուծման համար ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ, ինչը այսօր թե թաղապետարանը, թե Երևանի քաղաքապետարանը չունի:

«Թաղապետարանն ամեն ինչ փորձում է անել, ամենահնարավոր տարբերակը, որ այդ հարցը լուծվի: Դա կարևոր հարց է: Ամեն անգամ, երբ մեզնից պահանջում են ցանկ, կամ նախագիծ, որ մտցվի հետագա ծրագրերի մեջ, մենք այդ հասցեն միշտ ներկայացնում ենք: Այդ հասցեն մեզ համար միշտ ուշադրության կենտրոնում է, բայց դա ֆինանսական մեծ միջոցների հետ է կապված, որպեսզի այդտեղ ցանցի ընդլայնում կատարվի»,- «Մեդիալաբին» պատասխանեցին թաղապետարանի կումունալ բաժնից:

տիչինա4Թեեւ պատկան մարմինները հրաժարվեցին կոնկրետ գումարի չափ նշել, թե որքան կարժենա հեղեղատարի հարցի լուծումը, սակայն համեմատության համար կարող ենք նշել, որ օգոստոսի վերջին կառավարության որոշման համաձայն, Լոռու մարզի   Դարպաս գյուղական համայնքում, որի տարածքը մի քանի անգամ գերազանցում է Տիչինա փողոցին, հեղեղատարի կառուցման համար հատկացվել է 4,5 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ անցյալ երկու տարիներին, Երեւանի քաղաքապետարանը բուռն քննադատությունների էր արժանանում ոչ նպատակային ծախսված գումարների, ինչպես նաեւ չափազանց թանկարժեք գնումների համար ինչպիսիք էին «Երեւան» մակագրությամբ մայրաքաղաքում տեղադրված նստարանները, որոնց ձեռք բերման համար միայն անցյալ տարի ծախսվել էր շուրջ 100 միլիոն դրամ: Մի այլ խոսակցության թեմա էր կամարանցումների նորոգումն ու նկարազարդումը, որոնցից ամեն մեկը մայրաքաղաքում քաղաքապետարանի վրա բավականին թանկ էր նստել` 1,200,000 միլիոն դրամ, հաշվի առնելով այն հանգամանոը, որ դրանց մի մասը նկարազարդվել էր առանց նորոգման, մի մեծ մասն էլ սկսկնակների օգնությամբ:  

Սա նշանակում է, որ եթե նույնիսկ Տիչինա փողոցի հեղեղատարի հարցի 40 տարի ձգձգվող հարցի լուծումը առավելագույնս հավասար է Երեւանի քաղաքապետարանի կողմից նկարազարդված 4 կամարանցման:

Տիչինա փողոցի հուսահատ բնակիչները չգիտեն էլ ում դիմեն: Նրանք հակադարձում են պետական ատյանների այն պնդումները, թե հեղեղատարի հարցը չափազանց թանկ հաճույք է:

Բնակիչ Հակոբ Դավթյանը ասում է, որ քանի դեռ փողոցը քանդել են ու նոր կոյուղագիծ են անցկացնում գետնի տակով, կարելի է հին կոյուղագիծը պահպանել ու օգագործել որպես հեղեղատար:

«Թեև հին կոյուղագիծը վթարային է, բայց այն մինչ օրս աշխատել է: Ուրեմն տարվա մեջ մեկ, կամ երկու հորդառատ անձրևի դեպքում հանգիստ կկարողանա ծառայել մեզ՝ որպես հեղեղատար: Սա ամենաէժան տարբերակն է, որ հին կոյուղագիծն օգատգործեն  որպես հեղեղատար: Եթե սա գոնե 20 տոկոսով էլ նվազեցնի ջրերի քանակը, էլի լավ է, ամեն դեպքում այդքան վնաս չի տա տներին, ինչպես հիմա»,-«Մեդիալաբին» ասում է Դավթյանը:

Լիլիթ Առաքելյան

Արխիվային լուսանկարները եւ տեսանյութի կադրերը տրամադրել են բնակիչները` սեփական արխիվից:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=T3wkGDwBC0o