Լևոն Տեր-Պետրոսյան. հանճարեղ գերեզմանափորը

Մհեր Արշակյան

ՀՀ երեք առաջնորդներ իրենց կառավարման ողջ ընթացքում փորձել են հասկանալ՝ ի՞նչ է մտածում ժողովուրդը, իսկ ժողովուրդն ամբողջ ընթացքում ուզում է հասկանալ՝ ի՞նչ է մտածում Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա վերջին երկու հրապարակումներն արդեն մեկնաբանվել են բազմիցս ու դեռ մեկնաբանելու բան կա: Քաղաքական հանճարի խոսքն այդպիսի բան է՝ իր մեջ կրում է գրեթե հարյուրավոր կոմբինացիաներ: 

Ըստ իս՝ այդ հրապարակումներով առաջին նախագահը խոսում է հայկական ֆաշիզմի մասին, որը ձևավորվում է, երբ քաղաքակրթական ոչ մի ինստիտուտ չի աշխատում: 

Հայկական ֆաշիզմի ուրվականները հայտնի են՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Բայց նրանք զոհերը չեն, զոհերը միշտ սեփական են: Մենք դա տեսանք: 

Դուք կարող եք ասել՝ Քոչարյանից ավելի ֆաշի՞ստ: Այո՛, բայց Քոչարյանը հենարան չուներ, նա ճահճի մեջ սեփական գոյությունը պահում էր տարբեր կոնֆորմիստ կուսակցությունների հենակներով, կարճ ասած՝ ճահճի միջից աշխարհին չես սպառնա, իսկ արի ու տես, որ ավերակների միջից հնարավոր է, եթե այդ ավերակներն ստեղծելու հարցում դու և ժողովուրդը սեղմել եք միմյանց ձեռքը: 

Երբ Տեր-Պետրոսյանը գնում է Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մոտ, գիտի, որ մերժվելու է: 

Ինքն իրեն ապահովագրում է այն մեղադրանքից, որ օրհասական պահին կարող էիր ընդդիմության ձեռքը սեղմել, ովքեր էլ լինեին նրանք, ու չսեղմեցիր: 

Իշխանությանը ձեռք մեկնելու կարիք չկա, որովհետև իշխանությունն իր ձեռքը մեկնելու փոխարեն կտրել է այն, որ ոչ մեկին չմեկնի: Սա ես կոչում եմ լեգիտիմության անեծք: Լեգիտիմության անեծքը «գրել» է Հիտլերը: Մենք տեսանք, թե ինչի հանգեցրեց ֆյուրերի լեգիտիմությունը: 

Առաջին նախագահը Նիկոլի հետ խոսելու ոչինչ չունի, բայց դա հարցի մի կողմն է: Ամենադաժան հարվածը նա հասցնում է Փաշինյանի թիմին՝ հասկացնելով, որ այն հավաքական կռնատների զորախումբ է: 

Այսինքն՝ կարելի է իշխանություն տալ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմին, որոնք, ի թիվս այլ հանցագործությունների, պատասխանատու են Ղարաբաղի հարցը թաղելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանի թիմին, որը թաղելու այլ բան չուներ, բացի բուն Ղարաբաղից, ոչինչ ասելն իմաստ չունի, այդ թիմի վրա հենվել հնարավոր չէ: 

Տեր-Պետրոսյանն իր խոսքն ուղղում է նաև «Քաղաքացիական պայմանագրին»՝ խելքի՛ եկեք, մի՛ եղեք Հանրապետականից ավելի Հանրապետական, քոչարյանիզմից ավելի քոչարյանիզմ: 

Այսպիսով, առաջին նախագահը գիտեր, որ մերժվելու է, ու պնդում է իր առաջարկը: Նա բոլոր մերժումները բերում է առաջին պլան, մի քիչ ցինիկ լինենք՝ երկու հարյուր տոկոսանոց ոչ լեգիտիմ կերպար իրենց միջի միակ լեգիտիմին ասում են՝ ոչ: 

Սա էն «ոչ»-ն է, որը Հայաստանը վերջին 24 տարում ասում էր Մինսկի խմբին ու միջազգային հանրությանը: Ու նրանք արձակում են Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքերը՝ խաղալու իր շախմատային հաջորդ խաղը: 

Չմոռանանք՝ մարտի 25-ի հանդիպման մանրամասների մասին Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում է ընտրություններից 44 օր առաջ: Այսինքն՝ հանդիպումից 44 օր հետո: Այսինքն՝ ինքն սկսում է իր հաջորդ պատերազմը՝ ավարտելով նախորդը: 

Հիմա ինքը պիտի թաղի Հայաստանի երեք առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին: Իսկ թաղելու բան, թույլ տվեք ասել, կա: 

Այս մարդը մտածում է կոնֆիգուրացիաներով ու կոմպոզիցիաներով, որտեղ որևէ մեկի համակրանքի ու հակակրանքի սպասումը չկա, կան միայն ըմբռնումն ու չըմբռնումը: Կախե՛ք էդ մարդուն: 

Նիկոլը նրա համար պետություն կործանող է, իսկ իր թեման պետությունն է: Ինքը դեմ չէ, որ Քոչարյանը մարդակեր լինի պետության մեջ, բայց դեմ է, որ ինչ-որ մեկը լինի Գրիգոր Զոհրապ ուրիշ երկրում: 

Այս հրապարակումներով Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական նպատակն է հրապարակ նետել քաղաքական խոսքի այնպիսի չափաբաժին, որն իր բովանդակային հագեցվածությամբ մինչև ընտրություններ կհերիքի: 

Ուստի ի՞նչ է ասում առաջին նախագահը ի թիվս այն ամբողջ ասելիքի, որ տեքստի երեսին չէ, բայց հնարավոր է կարդալ: Նա ասում է՝ ՀԱԿ-ը մասնակցելու է ընտրություններին, և երեք առաջնորդներն էլ դրանից վախենալու բան ունեն: 

Որովհետև երեքն էլ պետությունից գաղափար չունեն, երեքն էլ ՀՀ քաղաքացուն չեն կարողանում տարբերել դեռ նույնիսկ ցեղի ներկայացուցիչ չդարձած մարդուց: Երեքն էլ իշխանությունից բացի ուրիշ ոչնչի մասին մտածելու ի վիճակի չեն: 

Երեքն էլ սառեցնում են պետությունը՝ հանուն ավելի վատ ժամանակների, որովհետև երեքի օրոք էլ, մենք դա տեսել ենք, Հայաստանը բախվել է անմարդկային կատակլիզմների: Քոչարյանի օրոք տեղի ունեցած կատակլիզմները շատ են, Սերժ Սարգսյանի օրոք տեղի ունեցան Ապրիլյան պատերազմն ու ՊՊԾ գնդի գրավումը: 

Նիկոլ Փաշինյանի օրոք «օդից» 44 օրում սպանվեց ավելի քան 4 հազար հոգի: Այսինքն՝ մեղքը ձեր վիզը՝ ես իմ ասելիքը գիտեմ: Նա այս երեքին փորձելու է թաղել մի դագաղով, որովհետև, մեծ հաշվով, երեքի մեջ տեսնում է նույն դեմքը: 

Հարցն այն է, թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանը թաղելու երեք, այնուամենայնիվ, հսկայի, առանց պոպուլիզմի, դեռ պարզ չէ: 

Մհեր Արշակյան

MediaLab.am