«Ռազմական հեղաշրջման ժամանակ զինվորականները հանում են իրենց ենթականերին և գրավում կառավարական շենքերը». Ալեքսանդր Մարկարով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը

Պարո՛ն Մարկարով, այսօր զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը պետք է հրաժարական տան։ Վարչապետը դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ և մարդկանց փողոց դուրս գալու կոչ արեց։ Ի՞նչ զարգացումներ են սրանք։

– Ռազմական հեղաշրջումն այն է, երբ զինվորները դուրս են գալիս իրենց զորանոցներից և գրավում են կառավարական տարբեր շենքեր, և զինվորականության ներկայացուցիչն իրեն հայտարարում է որպես բարձրագույն իշխանություն։ Ռազմական հեղաշրջումը դա է։

Այն, ինչ տեղի ունեցավ, նկատի ունեմ հայտարարությունը, ցույց է տալիս, որ զինվորական էլիտան, ըստ էության, չի կիսում այն արժեքները և այն ռազմավարությունը, որը հանդես է գալիս որպես ներկա Կառավարության ղեկավարի ապագայի տեսլական։

Այս անհամաձայնությունը, իհարկե, զինվորական դասը սովորաբար չի արտահայտում բաց ձևով, բայց հավանաբար տվյալ պարագայում նրանց այլ տարբերակ չէր մնում, քան հայտնել սեփական անհամաձայնությունը վարվող քաղաքականությանը։

Մենք տեսնում ենք, որ այս հայտարարությանը միացել են գրեթե ամբողջ գլխավոր շտաբը և բանակային կորպուսների հրամանատարները։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ զինվորական էլիտան հայտարարված քաղաքականությունը միանշանակ չի կիսում։

Իհարկե, ժողովրդավարության պայմաններում, իսկ մենք ասում ենք, որ ժողովրդավար երկիր ենք, սովորաբար զինվորականությունը հանդես է գալիս որպես քաղաքացիական իշխանության վերահսկողության տակ գտնվող կառույց։ Եվ այս տեսանկյունից, իհարկե, տեղի ունեցավ այն, ինչ ժողովրդավարության պայմաններում սովորաբար չի լինում։

Այդ դեպքերում զինվորական դասն ուղղակի հրաժարական է տալիս։ Բայց մենք վերջին մի քանի ամսվա ընթացքում ինչ-որ իմաստով ապրում ենք արտակարգ իրավիճակում, և այս իրավիճակում այս դիրքորոշումը դառնում է ավելի հասկանալի։

Ասել, որ տեղի ունեցածը ռազմական հեղաշրջման փորձ էր, ես նորից եմ ասում՝ ռազմական հեղաշրջումն այդպես չեն անում։ Ռազմական հեղաշրջման համար զինվորականները հանում են իրենց ենթականերին և գրավում են պետական կառույցները, այդ թվում նաև՝ ձերբակալում են ղեկավարին։

– Ինչի՞ց դրդված իշխանությունը մարդկանց հրավիրեց փողոց։

– Բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինվորականության այս հայտարարությունը լրացուցիչ ներուժ է ավելացնում ընդդիմադիր դաշտի գործողություններին, Փաշինյանը, լինելով այն մարդը, որը կարծես թե կարողանում է դուրս հանել, մոբիլիզացնել սեփական կողմնակիցներին, օգտագործեց այս նորմալ տեխնոլոգիան այս դեպքի համար։ Մենք բազմիցս տեսել ենք, որ իշխանությունը, որի դեմ սկսվում են զանգվածային ակցիաներ, օգտագործում է նույն ռեսուրսը, նույն զենքը՝ ցույց տալու համար, որ իրենք ունեն իրենց կողմնակիցները։

Ըստ էության, Փաշինյանի քայլն ուղղված էր դրան։ Եվ նա ստուգում էր ռեսուրսների այն քանակական ու որակական բազան, որի վրա կարող է հենվել։ Եվ դրանով նա ցույց է տալիս ընդդիմությանը, որ պատրաստ չէ իշխանությունից հեռանալու և իշխանությունը փոխանցելու ընդդիմության ներկայացուցիչներին։ 

Այսինքն՝ այստեղ տարբեր մեսիջներ կարելի է տեսնել։ Կա մեսիջ՝ ուղղված բանակին, այսինքն՝ կա մեղադրանք, որ նրանք դուրս են եկել օրենսդրական շրջանակներից։ Եթե այս իշխանությունը խոսում է լեգիտիմությունից, բանակը, ըստ էության, ասում է, որ, իրենց կարծիքով՝ տվյալ իշխանությունը լեգիտիմ չէ։ Իսկ լեգիտիմությունն ու լեգալությունը միշտ չէ, որ համընկնող կոնցեպտներ են։

Ես կարծում եմ, որ բացի բանակից, նաև ուղերձ էր ուղղված ընդդիմությանը, որ ես պատրաստ եմ պայքարելու։ Բայց նա փորձում է նաև երկարաձգել իրավիճակը՝ ընտրությունների հարցի քննարկմամբ։ Բայց ընդդիմության պատասխանը տվյալ դեպքում կարելի է կարճ ներկայացնել՝ կոնսենսուս մինուս մեկ։ Այսինքն՝ նրանք միգուցե կարող են քննարկել ընտրությունների հարցը, բայց առանց ներկա վարչապետի։ 

Եվ կա նաև այլ ուղերձ՝ ուղղված սեփական կողմնակիցներին՝ լինեն դրանք «Իմ քայլի» պատգամավորները, թե շարքային քաղաքացիներ։ Ուղերձն այն է, որ կա ռեսուրս, որն ինքը պատրաստ է օգտագործելու, որովհետև ունի որոշակի մարդկային բազա։

Այսինքն՝ կարևոր է արձանագրել, որ մենք տեսել ենք այդ ազդանշանը բանակից, բայց այնտեղ դասական իմաստով չկա ռազմական հեղաշրջման փորձ, որը կար այլ երկրներում։ Ռազմական հեղաշրջումն այդպես չեն անում։

– Այսօրվա ընթացքում տարբեր կառույցներ հանդես եկան հայտարարությամբ՝ հասարակությանը ու քաղաքական ուժերին կոչ անելով զսպվածություն ու խելամտություն դրսևորել՝ բախումներից խուսափելու համար։ Ըստ ձեզ՝ բախումների հավանականություն կա՞ Հայաստանում այս գործընթացների ֆոնին։

– Բախումներն անխուսափելի են, եթե լինի համապատասխան դրսևորում այն մարդկանց կողմից, որոնք կարող են ուղղորդել դեպի այդ բախումը։ Բայց եթե մենք տեսնում ենք, որ ամեն կողմը փորձում է մնալ բանականության շրջանակում, այդ դեպքում հավանականությունն ավելի մեծ է, որ իրավիճակը մնալու է այս եղանակով, որտեղ կա մրցակցություն, որտեղ կա անհամաձայնություն, կան կրքեր։ Բայց այս ամենը տարբեր խմբերի ներկայացուցիչների միջև չի վերածվելու ներքաղաքացիական բախումների։

Հայաստանում մենք դա տեսել ենք մի քանի անգամ։ Ես հույս ունեմ, որ բանական լիդերների մոտ դրա ցանկությունը չի առաջանում, չնայած պարզ է, որ իշխանության հասնելու համար պայքարում ցանկացած միջոց չի բացառվում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am