«Երևում է՝ ինչ-որ բան է տեղի ունեցել Մակրոն-Ալիև խոսակցության ժամանակ». Հիլդա Չոբոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը

– Տիկի՛ն Չոբոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ կատարած այցից հետո այցելեց նաև Ֆրանսիա, երեկ էլ հանդիպել են Հայաստանի ու Ֆրանսիայի պաշտպանության նախարարները: Ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի վերջին ջանքերը: Ինչի՞ մասին է վկայում նախարարների հանդիպումը:

– Ես այդ ամենը մեկ ամբողջության մեջ եմ տեսնում, կարծում եմ՝ Մակրոնի կողմից Փաշինյանին ուղղված հրավերը ուղիղ շարունակությունն է Փաշինյանի՝ ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ի ցուցաբերած նոր հետաքրքրության Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ:

Կարծում եմ՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան համատեղ են աշխատում, այսինքն՝ Ֆրանսիայի հետաքրքրությունն առանձին չէ, ԱՄՆ-ի հետ համագործակցաբար է արվում:

– Ֆրանսիան այսօր գործնականում ի՞նչ քայլեր կարող է անել: Ֆրանսիան 44-օրյա պատերազմի ժամանակ էլ հայտարարություններով աջակցում էր Հայաստանին, հիմա էլ է աջակցում, սակայն արդյո՞ք Ֆրանսիայից կարելի է ակնկալել ռազմական օգնություն:

– Դեռ շատ վաղ է այդ մասին խոսելը, բայց, ըստ երևույթին, Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պատվիրակություն կուղարկի Հայաստան, որը պետք է գնահատի ստեղծված իրավիճակը: Սա առաջին քայլն է Ֆրանսիայի կողմից: Այս պահին դժվար է ասել, թե արդյոք այս քայլը աչքի փոշի է, թե լուրջ գործընթացի հետ գործ ունենք:

Երեկ շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ. երկրի նախագահի պալատը հաղորդագրություն հրապարակեց Մակրոնի և Ալիևի հեռախոսազրույցի մասին, և այդտեղ խոսվում էր միայն Մակրոնի ասածների, նրա կեցվածքի մասին, ոչ մի խոսք չկար Ալիևի ասածների մասին: Իսկ Մակրոն-Փաշինյան հանդիպման ժամանակ Մակրոնն ասաց, որ Ալիևը ևս ուզում է խաղաղություն հաստատել, և Մակրոնն իրեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդի դերի մեջ էր տեսնում: Երևում է, որ ինչ-որ բան է տեղի ունեցել Ալիևի հետ խոսակցության ժամանակ: Հավանաբար Ալիևը բարկացել է և իր միջնորդության առաջարկը մերժել է:

Պետք է ընդունենք, որ ինչ-որ նոր գործընթաց է սկսվել, իսկ թե դեպի ո՛ւր կգնա այդ գործընթացը՝ շատ կախված է ԱՄՆ-ից: Շատ հավանական է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան համակարգված են գործում, և Ֆրանսիան ցանկանա այդ դերակատարությունն ինքն ստանձնել: Ամեն դեպքում, առայժմ Հայաստանին զենք տրամադրելու մասին խոսք չկա, բայց հետաքրքրական է, որ Ֆրանսիայի քաղաքական դիրքորոշումն ուղեկցվում է ռազմական գերատեսչության նախաձեռնությամբ: Սա շատ հետաքրքիր է:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին վերադառնալու ի՞նչ շանսեր կան:

– Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է նորից գործել, որովհետև ԱՄՆ-ն իսկապես չի ուզում բաց թողնել տարածաշրջանը: Առայժմ Մինսկի խմբի ձևաչափը գոյություն ունի, և ԱՄՆ-ն չի թողնի, որ Ադրբեջանի ջանքերով Մինսկի խումբն իր մահով մահանա:

Ֆրանսիան նույնպես ցանկանում է, որ Մինսկի խումբը գործի, որովհետև Ֆրանսիայի ներկայությունը տարածաշրջանում արտահայտված է միայն այդ խմբի գործունեությամբ: Այնպես որ, Ֆրանսիան և ԱՄՆ-ն փորձելու են վերակենդանացնել այդ ձևաչափը:

Բայց եթե այնպես պատահի, որ Ռուսաստանի դերակատարությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր խաղաղության գործընթաց սկսվի, և դրա հովանավորները Ֆրանսիան ու ԱՄՆ-ն դառնան, այդ պարագայում Մինսկի խումբը երկրորդ պլան կմղվի: Եթե այս նոր գործընթացը հաջողվի, և ԱՄՆ-ն կարողանա թե՛ Թուրքիայի միջոցով, թե՛ ուղղակի Ադրբեջանի վրա ազդել, կարծում եմ՝ Մինսկի խումբը երկրորդական կհամարվի:

Առայժմ խնդիրն այն է, որ Փաշինյանի ելույթներից շատ հստակ է, որ նա պատրաստվում է այս կամ այն ձևով, եթե Ադրբեջանն իր հարձակումները մեղմացնի, դադարեցնի, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Արցախը թողնել Ադրբեջանի կազմում:

Արցախի մասին խոսք չկա ո՛չ ԱՄՆ-ի կողմից, ո՛չ էլ Ֆրանսիայի, այն պատճառով, որ Հայաստանն ինքը Արցախի վերաբերյալ տեսլական չունի: Միակ դիրքորոշումն այն է, որ եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի 29800 քառակուսի կմ տարածքը, մենք պատրաստ ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու: Սա մեծ խնդիր է այսօր Հայաստանի ու Արցախի հայության համար:

– Կարծում եք՝ այս պահին փաստաթուղթ կա՞, որ ներկայացված է կողմերին:

– Կարծում եմ՝ կա ինչ-որ բովանդակություն, չեմ կարող ասել՝ դա փաստաթղթի տեսքով է, թե բանավոր: Այո՛, հնարավոր է, որ փաստաթղթի տեսքով է ներկայացված: Կարևորը դա չէ, կարևորը այդ նյութի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումներն են:

Մանե Հարությունյան

MediaLab.am