Թե որքանով էֆեկտիվ կկիրառվի «անջատում հանուն փրկության» սկզբունքը Արցախի դեպքում, կախված է մեր բանակցային հմտություններից և կարողություններից. Սուրեն Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, այսօր վարչապետը խորհրդարանում որոշակիորեն ուրվագծեց արցախյան բանակցությունների ապագան՝ նշելով, որ դրանք վարվելու են ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի շուրջ: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

– Մի քանի հարց կա՝ ինչպիսի՞ ապագա է Հայաստանը տեսնում Լեռնային Ղարաբաղի հարցում և ինչպիսի՞ փաթեթով է Հայաստանը գնալու բանակցությունների՝ մանավանդ հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությունը:

Բայց արդյոք Հայաստանի այս իշխանությունները ունա՞կ են բանակցություններ վարելու՝ հաշվի առնելով նախկին բանակցությունների տապալումը, որի հետևանքով տեղի ունեցավ պատերազմ:

Ամենակարևորն այն է, որ լինեն ռազմավարություն, մարտավարություն, նախանշված քայլերի հաջորդականություն՝ ո՛ւր ենք գնում, ի՛նչ նպատակ ունենք և ի՛նչ ենք ուզում ստանալ:

Սա է, կարծում եմ, կարևոր, բայց, ցավոք սրտի, ձեր մատնանշած հայտարարությունից զատ, որևէ այլ ուղենիշային խոսք, հայտարարություն չեն արվել, որպեսզի հասկանանք, թե իրականում Հայաստանն ի՛նչ է ուզում ստանալ բանակցություններում:

– Փաշինյանն այսօր էլ պնդեց, որ «անջատում փրկության համար» բանաձևը պետք է բանակցությունների հիմքը լինի: Դուք դա որքանո՞վ եք իրատեսական համարում:

– «Անջատում հանուն փրկության» թեզը վարչապետին առաջարկվել է երեք տարի առաջ և առաջարկվել է մի խումբ միջազգայնագետների, դիվանագետների և միջազգային իրավունքի մասնագետների կողմից: Նրան ներկայացվել է հատուկ առաջարկ այս թեզի վերաբերյալ:

«Անջատում հանուն փրկության» սկզբունքը միջազգայնորեն ընդունված սկզբունք է, որը կիրառվել է Կոսովոյի դեպքում և ապացուցել է կենսունակությունը Կոսովոյի անկախության պարագայում: Միևնույն ժամանակ, այն չի կարող անջատ դիտարկվել միջազգային իրավունքի այլ սկզբունքներից:

«Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը նաև շրջանառության մեջ է դրվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, էֆեկտիվ կիրառվել է Կոսովոյի պարագայում: Թե որքանով էֆեկտիվ կկիրառվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման կոնտեքստում, կախված է բացառապես մեր բանակցային հմտություններից և կարողություններից:

– Դուք այսօր ձեր գրառմամբ նշել էիք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարության մեջ կան «աներևակայելի շատ մեսիջներ»: Կմատնանշե՞ք մի քանիսը:

– Նախ՝ ամենակարևորն այն է, որ Մինսկի խմբի համանախագահները բանակցությունների ձևաչափի փոփոխությանն այլընտրանք չեն տեսնում: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիային չեն դիտարկում որպես պոտենցիալ համանախագահ՝ հաշվի առնելով նրա կողմնակալությունը:

Բայց նաև չպետք է մոռանանք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի նախագահը արդեն իսկ մեղադրել է ամերիկացիներին կողմնակալության մեջ՝ նշելով, որ որևէ շփում իր հետ չեն ունեցել:

Բացի այդ, ադրբեջանական կողմը փորձում էր նաև Ռուսաստանին կողմնակալության համար մեղադրել՝ ասելով, որ ՌԴ-ի կողմից արձակվել է «Իսկանդեր» զենիթահրթիռային համալիր Ադրբեջանի ուղղությամբ: Այս ամենը վկայում է այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահները մի կողմում են, Ադրբեջանը և Թուրքիան՝ մյուս կողմում: 

Չի կիրառվում, ընդհանրապես, ազգերի ինքնորոշման սկզբունքը, ուղղակի հղում է արվում կողմերին հայտնի սկզբունքների հասկացությանը: Նմանատիպ շատ մեսիջներ այս տեքստում պարունակվում են:

– Այդ սկզբունքը չմատնանշելը պատերազմի՞ հետևանք էր:

– Այո՛, դա բնականաբար պատերազմի ու դրա հետևանքով ձևավորված իրողությունների հետևանք էր:

– Դուք թերահավատ եք իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հարցում և այդ պարագայում ինչպե՞ս եք տեսնում բանակցությունների ընթացքը:

– Շատ բարդ եմ տեսնում բանակցությունների ընթացքը, որովհետև վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները բանակցությունները տարել են անհասկանալի և անհայտ ուղղություններով, հռչակել են անհասկանալի սկզբունքներ, և արդյունքում անհասկանալի իրավիճակ է ստեղծվել, իսկ արտգործնախարարությունն էլ առանց հստակ հանձնարարականի աշխատել չի կարող:

Հիմա ես կարծում եմ, հայկական կողմը պետք է հնարավորինս ակտիվ աշխատի ամերիկյան կողմի հետ՝ քաջալերելու ամերիկյան ղեկավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և բացեիբաց, ի լուր աշխարհի հայտարարենք, որ մենք ցեղասպանության ընդունումից չենք հրաժարվում: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am