«ՀայՖեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի «Լինե´լ․ սա խնդիր չէ» կարգախոսով և առցանց

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնը՝ «Լինե´լ․ սա խնդիր չէ» կարգախոսով։ Առկա իրավիճակով պայմանավորված՝ փառատոնի տնօրինությունը որոշում է կայացրել այն առցանց տիրույթում իրականացնել դեկտեմբերի 9-15-ը։    

Փառատոնի մեկնարկը տրվել է ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինի «Օնեգին» ներկայացումով՝ Նովոսիբիրսկի «Կրասնի ֆակել» թատրոնի մասնակցությամբ։ Նշենք, որ այդ ներկայացումն արժանացել է ռուսական ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցույթի ժյուրիի մրցանակին։

Փառատոնի շրջանակում կցուցադրվեն հեղինակավոր ևս 4 ներկայացումներ՝  Թոմաս Օսթերմայերի «Վերադարձ դեպի Ռեյմս» (Գերմանիա), Սաշա Վալցի «Տիեզերագնացների ծառուղի» (Գերմանիա), Յո Սթրոմգրենի «Կորոնա շարք #10, #25» (Նորվեգիա), Պիպո Դելբոնոյի «Այս վայրի մթությունը» (Իտալիա), որոնց համար ձեռք է բերվել մեկանգամյա ցուցադրության իրավունք։  

 Փառատոնի օրերին կանցկացվի թատերական համաժողով՝ «Ինչպես կարող ենք մեկուսացումից հանել թատրոնը` մեկուսացման ժամանակ» թեմայով, որին կմասնակցեն մի շարք երկրների թատերական փառատոների տնօրեններ, բեմադրիչներ, թատերագետներ և այլն: Համաժողովի մոդերատորներն են Եվրոպական փառատոների ասոցիացիայի (ԵՓԱ) գլխավոր քարտուղար Քեթրին Դևենթերը (Բելգիա) և թատերագետ, ռեժիսոր, դրամատուրգ, «Театр» ամսագրի գխավոր խմբագիր, «NET» փառատոնի գեղարվեստական ղեկավար Մարինա Դավիդովան (Ռուսաստան)։

Հիմնական բանախոսներ են «Բերգենի» փառատոնի տնօրեն (Նորվեգիա) Անդերս Բեյերը, «Դուբլինի թատերական փառատոնի» տնօրեն (Իռլանդիա) Ուիլի Ուայթը, «Պիպո Դելբոնո» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր (Իտալիա) Պիպո Դելբոնոն, ռեժիսոր, պարաբեմադրիչ, «Յո Ստրոմգրեն» թատրոնի գեղարվեստական ղեկավար (Նորվեգիա) Յո Ստրոմգրեն, թատերագետ, պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային թատերական ինստիտուտի խորհրդի անդամ (Վրաստան) Լևան Խեթագուրին, «Ֆարոֆֆա» փառատոնի տնօրեն (Բրազիլիա) Պեդրո դե Ֆրեյտասը, Սարաևոյի «Իսթ-Ուեսթ» փառատոնի տնօրեն (Բոսնիա և Հերցեգովինա) Հարիս Պասովիչը։     

«ՀայՖեստ» փառատոնն առաջիկա օրերին իր գործընկերների աջակցությամբ կանցկացնի վարպետության դասեր, որոնց ընթացքում կներկայացվեն մի շարք հետաքրքիր թեմաներ։ Արտերկրի գործընկերները կներկայացնեն այն կարևոր քայլերը, որոնք անհրաժեշտ են թատերական նախագծերի իրականացման համար, կխոսեն դրանց նշանակության և անհրաժեշտ հմտությունների մասին։

2019-2021 թթ. Եվրոպական փառատոների ասոցիացիան 715 եվրոպական փառատոներից «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ-ից։