Կոլումբիան երկրաշարժի հետևանքների պատճառով դադարեցրել է սուրճի արտահանումը

Կոլումբիան ժամանակավորապես դադարեցրել է սուրճի արտահանումը օգոստոսի 10-ի 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքների պատճառով։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ երկրաշարժը խաթարել է երկրի գլխավոր նավահանգստի՝ Բուենավենտուրայի աշխատանքը, ինչպես նաև փակել Կոլումբիայի մի շարք առանցքային ավտոմայրուղիներ։ Թեև Կարթախենայի և Սանտա Մարտայի նավահանգիստները շարունակում են աշխատել, սուրճի փոխադրումները դեպի այդ ուղղություններ տեղափոխելը դժվար է։

Սուրճ արտահանողների Asoexport ասոցիացիայի ղեկավար Գուստավո Գոմեսի խոսքով՝ սուրճի հետ կապված բոլոր գործողությունները ներկայում դադարեցված են։

«Այս պահին սուրճի վերամշակման ձեռնարկություններում լուրջ կառուցվածքային վնասների մասին տեղեկություններ չկան, սակայն դրանց աշխատանքը դժվարացել է էլեկտրաէներգիայի անջատումների և կապի խնդիրների պատճառով։ Աշխատակիցներից շատերն էլ անձնական դժվարությունների են բախվել, այդ թվում՝ կորցրել են իրենց բնակարանները»,- ասել է Գոմեսը։

Սուրճի հիմնական արտադրական շրջանները, ինչպես նաև վերամշակող ձեռնարկություններն ու տրանսպորտային ընկերությունները գտնվում են երկրաշարժից տուժած գոտու մոտ։

Կոլումբիան ամսական արտահանում է մոտ 1 միլիոն 60 կիլոգրամանոց պարկ սուրճ։ Bloomberg-ը նշում է, որ աշխատանքի յուրաքանչյուր դադարած օրը կարող է հանգեցնել արտահանման զգալի ծավալների կորստի։

Reuters-ի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 250 մարդ։ AP-ն հաղորդում է 2595 տուժածի և առնվազն 195 անհետ կորածի մասին։ Որոշ ոչ կառավարական կազմակերպություններ պնդում են, որ անհետ կորածների թիվը կարող է հասնել մինչև 4000-ի։