«Շատ հանգիստ, համեստ անձնավորություն ա, մատը տաս բերան, չի կծի»․ Փոքր Վեդիի ղեկավարը՝ երաժշտական դպրոցի նոր տնօրենի մասին

Լուսանկարը՝ newarmenia.am

Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի երաժշտական դպրոցի նախկին տնօրենը խոր ցավով է հետևում 16 տարի ղեկավարած դպրոցի շուրջ այժմ կատարվող իրադարձություններին։

«Ուզում եմ այնտեղ խաղաղություն լինի»,- «Մեդիալաբի» հետ զրույցում միակ ցանկությունն է արտահայտում երաժշտական դպրոցի նախկին երկարամյա տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը:

Փոքր Վեդի համայնքն ու հարակից գյուղերը սպասարկող արվեստի միակ դպրոցում անդորրը խախտել էր համայնքի ղեկավարի որոշումը, որի համաձայն՝այնտեղ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել արվեստի հետ կապ չունեցող Արամ Խաչատրյանը։ Նա մաթեմատիկոս է, բայց ինչպես տնօրենն է ասում, լավ կառավարիչ է՝ Կառավարման ակադեմիան է ավարտել։

Երեկ դպրոցի մոտ մի քանի մարդ բողոքի ակցիա էին կազմակերպել, հրավիրել էին լրատվամիջոցների և հայտարարել, որ իրենք դեմ են նոր տնօրենին, քանի որ նա տղամարդ է և, բացի այդ, մասնագետ չէ։

Ակցիայի մասնակիցներից մեկը նույնիսկ հայտարարում էր, թե իր համար անընդունելի է, որ դպրոցի աշխատակազմի կանայք պետք է աշխատեն տղամարդ տնօրենի հետ։ 

«Նախկին տնօրենը կին է եղել, մի սենյակում նստել 3 ժամ միասին քննարկել են, գտել են ոսկե միջինը, որ դպրոցը չտուժի։ Հիմա էդ աշխատող կանանց ամուսինները չեն թողելու, որ իրենց կնանիք տղամարդու հետ նստեն մի սենյակում, 3 ժամ իրենց հետ քննարկում անի։

Միանշանակ չեն թողելու, որովհետև կոլեկտիվում մենակ ինքն (նկատի ունի տնօրենին-հեղ․) ա լինելու տղամարդ ու խնդիր ա լինելու։

Այսինքն՝ եթե ես լինեմ ամուսինը, հաստատ չեմ թողելու, որ իմ կինը աշխատի»,- ասել էր ակցիա անող գյուղացիներից մեկը։

«Լավ չի, էլի, էս ինչեր են հայտարարում, երեք-չորս աշխատող տղամարդ էլ կա, ո՞նց կարելի ա՝ ձայնակցողն ա, դհոլչին ա, պահակ կա․․․ մի խոսքով, մարդիկ կան, էլի», -«Մեդիալաբի» հետ զրույցում հակադարձում է Փոքր Վեդի համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը։ 

Երաժշտական դպրոցի նախկին երկարամյա տնօրենը դպրոցից հեռացել է սահմանված տարիքը լրանալուց հետո։

Ասում է՝ ընտանիքում միմյանց հաջորդող ողբերգությունները արագացրեցին գործընթացը․ գտել է իր իրավահաջորդի մի քանի թեկնածություն, առաջարկել է համայնքի ղեկավարությանը։

Սեպտեմբերից մինչ այժմ դպրոցը չորս տնօրեն է փոխել, և արդյունքում տնօրենի պաշտոնին է նշանակվել Գայանե Խլղաթյանը։ Սակայն աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով համայնքի ղեկավարից երկու նկատողություն է ստացել և ազատվել աշխատանքից։

Այժմ Խլղաթյանը այդ որոշումը վիճարկում է դատարանում։ Փոքր Վեդի համայնքի ղեկավարը «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է՝ եթե դատարանն անվավեր կճանաչի իր որոշումը, թող նախկին տնօրենը վերադառնա, աշխատի։ Բայց մինչ այդ համայնքի երաժշտական դպրոցում պետք է հարմարվեն նոր տնօրենին։

«Տնօրենը նշանակվել է ժամանակավոր, մինչև նոր տնօրեն կլինի։ Կարող է մի ամիս հետո դատարանի որոշմամբ Գայանե Խլղաթյանը վերականգնվում է, գալիս աշխատում է, ես ի՞նչ կարամ անեմ, դատարանի որոշում է, պետք է կատարվի», -ասում է Մարտիրոսյանը։

Սեռային անհավասարության մասին ցուցարարների երեկվա հայտարարությունը Մարտիրոսյանը աբսուրդ է որակում։ Նա պատմում է, որ դպրոցում աշխատող մի քանի կին ուսուցիչների ամուսինները երեկ հանդիպել են իր հետ և խնդրել, որ իր հարսը աշխատի որպես տնօրեն։ Բայց նա մերժել է:

«Ինչո՞ւ պիտի իմ հարսը աշխատի։ Նման բան չի կարող լինել, ուզում են խայտառակել մեր գյուղը, ուզում են մեր անվան հետ խաղալ։ Ես չեմ ընդունում այդ սեռական ինչ-որ բանը։ Այդ անձնավորությունը (նկատի ունի դպրոցի նորանշանակ տնօրենին-հեղ․) աշխատել է Նոյակերտ համայնքում, անցյալ տարի է տեղափոխվել մեզ մոտ, դպրոցում էլ մաթեմատիկայի ուսուցիչ է։

Ո՞նց կարելի է նման բան անել, դեռ նարմալ չի աշխատել, արդեն նման շուխուռ են տարածում։ Դա աբսուրդ բան է։ Բացի տնօրենից, դպրոցն ունի 18 աշխատող, չորս հոգու քմահաճույքով մարդու անվան հետ են խաղում։

Ինքը Կառավարման ակադեմիան ավարտած անձնավորություն է, դասախոսություններ է կարդում, ուսուցիչներ է կրթում, ո՞նց կարելի է նման բան արտահայտել։

Ես կարող եմ գարանտիա տալ, որ ինքն էդ անձնավորությունը չի, թողեք թող մի քանի օր աշխատի, ես հետևողական կլինեմ, յուրաքանչյուր օր կայցելեմ, կստուգեմ։ Չի կարելի նման վերաբերմունք։ Շատ հանգիստ, համեստ անձնավորություն ա, մատը տաս բերան՝ չի կծի, ոչ զայրանալ ունի, ոչ ջղայնանալ»,- ասում է  Մարտիրոսյանը:

Փոքր Վեդիի երաժշտական դպրոցը սպասարկում է նաև հարակից մի քանի գյուղերի՝ Տափերականի, Նոր Ուղու, Ոսկետափի, Լուսառատի, Նոյակերտի, Եղեգնավանի երեխաների։

Մարիամ Հովհաննիսյանն ասում է, որ դպրոցի հեղինակությունը իր կառավարման տարիներին բարձր է եղել, նույնիսկ Երևանից են աշակերտ ունեցել՝ սովորողների թիվը 34-ից հասցնելով 267-ի։ 

«Ես այդ դպրոցը Արարատի մարզի չորս երաժշտական դպրոցների կողքին եմ կանգնեցրել։ Ես շատ հարգված եմ եղել իմ բոլոր ղեկավարների կողմից ու կազմակերպել եմ բազում փառատոներ։ Շատ կուզեի, որ իմ դպրոցը հարատևեր», -ասում է նախկին երկարամյա տնօրենը։

Համայնքի ղեկավարը նշում է՝ այս դժգոհությունը համայնքի ավագանու անդամների շրջանում «մի քանի անշնորհակալ մարդկանց» կազմակերպածն է, որոնք «չեն ուզում՝ գյուղի համար լավ բան արվի»։

Նույն սկզբունքով, նրա խոսքով՝ գյուղի մի քանի սուբվենցիոն ծրագրեր ավագանին չի հաստատում։ Այս հարցով, ասում է, դիմել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, որն էլ պատասխանել է․

«Ձեր առաջադրած հարցերին կպատասխանենք կորոնավիրուսի համավարակից հետո»։ «Է, կարող ա կորոնավիրուսը երկու տարի էլ շարունակվում ա, ուրեմն ծրագրեր չպիտի՞ անենք, չպիտի՞ ապրենք»,- Պապիկյանին դարձյալ հարցեր է ուղղում Փոքր Վեդիի ղեկավարը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am