Երկարացված կարանտինի շրջանում ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը

Կարևորելով Covid-անվտանգության նորմերի պահպանումը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը շարունակում են ստուգայցերը հանրապետության տարածքում։ Այդ մասին տեղեկացնում են ԱԱՏՄ լրատվական ծառայությունից։

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցներն անվտանգության նորմերի պահպանումը դիտարկել են Վանաձոր, Սպիտակ, Արթիկ և Իջևան քաղաքների դպրոցներում, դեղատներում, մանրամեծածախ առևտրի կետերում։ Մասնագիտական ստուգայցը փաստել է, որ դպրոցներում հիմնականում պահպանվում են և Covid-անվտանգության, և ջեռուցման նորմերը։

Դեղատների ստուգայցի արդյունքում ԱԱՏՄ տեսուչները տվել են դիմակ չկրելու և գրանցամատյանների լրացման ձևաչափի խախտումները վերացնելու մեկ հանձնարարական։ Ընդհանուր առմամբ արձանագրված պատկերը բարվոք է եղել։

Շարունակվում են նաև իրազեկման լայնածավալ աշխատանքները ողջ հանրապետությունում․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի և մարզային տարածքային ստորաբաժանումները դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային տրանսպորտում և դեղատներում փակցնում են իրազեկման թերթիկներ։