Կաթողիկոսի կոչը համարում եմ խտրական. Իրավապաշտպան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է.

«Երկու օր է ինչ թեժ քննարկում է ծավալվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելուն վերաբերող կոչի շուրջ։

Իրականում, կոչը վերաբերում է կոնկրետ անձի առողջությանը, այդ իսկ պատճառով, ես, որպես իրավապաշտպան այն համարում եմ խտրական։

Կարևորում եմ մարդու իրավունքների պաշտպանության համար ցանկացած մտահոգության բարձրաձայնում, սակայն այդպիսի քայլերը պետք է չխախտեն և հավատարիմ մնան հակախտրականության սկզբունքը։

Ուզում եմ նաև վերստին հիշեցնել դեռևս մարտի 22-ին հնչեցրած մտահոգությունս՝ կապված կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցի փոփոխության հետ, որը կցված է գրառմանս։

Այո, այսօր պետությունը չի կարող երաշխավորել ազատազրկված անձանց առողջական վիճակին վերաբերող պարտավորությունների լիարժեք իրականացում և երաշխավորում, ուստի, հնարավորինս պետք է քայլեր ձեռնարկի նրանց վիճակը չվատթարացնելու ուղղությամբ։

Այդ տեսանկյունից, շատ ավելի կարևոր և արժեքավոր կլիներ, որպեսզի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հայտարարությունը ներառական լիներ, վերաբերեր բոլորին։

Եվ, ընդհանրապես, շատ արժեքավոր կլիներ, եթե երբևէ նա անդրադարձած լիներ առավել խոցելի իրավիճակում գտնվող որևէ խմբի, այդ թվում՝ բանտարկյալներին»։