Այս տարվա 9 ամիսներին զբոսաշրջային այցելությունների 88% աճ է գրանցվել, բայց համավարակը դեռ խնդիրներ ստեղծում է. Մեխակ Ապրեսյան

Լուսանկարը՝ «Արմենպրես»

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը

– Պարո՛ն Ապրեսյան, տարին շուտով ավարտին է մոտենում, կխնդրեմ ամփոփեք զբոսաշրջային տարին, ինչպիսի՞ն էր 2021 թվականը ոլորտի համար, գոհացնո՞ղ արդյունքներ էին։

– Հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ արդեն կարող ենք ասել, որ այս տարի առաջին անգամ երրորդ եռամսյակում 2021 թվականը գերազանցեց 2020 թվականին զբոսաշրջային այցելությունների թվով, որովհետև և՛ առաջին եռամսյակում, և՛ առաջին կիսամյակում՝ համեմատած 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ, նվազման միտումներ ունեինք, իսկ հիմա, երբ համեմատում ենք այս տարվա 9 ամիսը նախորդ տարվա 9 ամսվա հետ, նկատելի է աճը՝ 88 %։

Այս տարի էլ այնպես չէ, որ լիարժեք ազատվել էինք համավարակից բխող սահմանափակումներից։ Դեռ չունենք կազմակերպված զբոսաշրջություն, որոնք էլ գալիս են, հիմնականում անհատական այցելություններ են։ Կազմակերպված զբոսաշրջությունը, կարելի է ասել, դեռ կայուն վերականգնման գործընթաց չի ապրում, շատ քիչ հատուկենտ խմբեր կարող են լինել։

– Այսինքն՝ այս տարի հիմնականում անհատական զբոսաշրջային այցելություննե՞ր են եղել Հայստան։

– Այո՛, 609 հազար այցելություն է եղել, որը 88%-ով ավելի է նախորդ տարվա 9 ամսվա ցուցանիշից, բայց 60%-ով պակաս է 2019 թվականի համեմատությամբ, երբ գրանցվել էր 1 մլն 459 հազար այցելություն։

– Պարո՛ն Ապրեսյան, իսկ անհատական զբոսաշրջային այցելությունների պարագայում կարո՞ղ եք ասել, թե Հայաստանում որո՞նք են նրանց համար նախընտրելի վայր համարվել։

– Տարբեր են եղել, կդժվարանամ հստակ ասել։ Քանի որ հիմնականում անհատական այցելություններ են, շատ չեն տարածվում մարզերով, գողտրիկ ու տեսարժան վայրերով։ Արցախ ևս եղել են այցելողներ, ինչը շատ ուրախալի փաստ է, ու մենք պետք է ամեն ինչ անենք, որ Արցախում խթանենք զբոսաշրջությունը։

Ընդհանուր առմամբ, այս ցուցանիշները գոհացնող են, երբ համեմատում ենք զրոյի հետ, բայց ուրախանալու առիթ է, որ այս իրավիճակում զբոսաշրջիկներն այցելում են Հայաստան։ Պետք է նշեմ, որ բացի համավարակից, Հայաստան այցելելուն խանգարում են նաև տարածաշրջանային իրադարձությունները, որովհետև մարդկանց մեջ մտավախություններ են առաջանում: Եթե չլիներ այդ հանգամանքը, այցելությունների թիվն անհամեմատ շատ կլիներ։

– Այս տարվա ցուցանիշներով կարո՞ղ ենք ասել, որ զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները մի փոքր մեղմվել են։

– Կարելի է այդպես ասել, բայց չենք կարող ասել, որ կայուն վերականգնման գործընթացում ենք, որովհետև դեռևս կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, չի կարելի թույլ տալ, որ ոլորտը փլուզվի, քանի որ այս ոլորտը տնտեսության զարգացման հիմնական միջոցներից մեկն է։ Ոլորտի հիմնական խնդիրը ֆինանսն է։

– Պետական աջակցության ծրագրեր տրվո՞ւմ են ոլորտին, թե՞ տրվող աջակցության ծրագրերը սպառվել են։

– Ո՛չ, արդեն չկան։ Ընդհակառակը՝ արդեն եկել է դրանց մարման ժամանակը, իսկ մարելու հնարավորություն չկա։ Երրորդ միջոցառմամբ, երբ արտոնյալ վարկ տրամադրվեց պետության կողմից, վարկերը չեն մարվել, մարման ժամանակահատվածը չի երկարաձգվել։ Մարդիկ, չունենալով եկամուտներ, ունեն վարկերը մարելու պարտավորություններ։

Պետք է այս պահին վերանայվեն այդ ծրագրերը, հնարավորություն ստեղծվի, որպեսզի ոլորտը կարողանա խնդիրները լուծել։ Հուսամ՝ կլինի այդ գիտակցումը, որ սա կարևորագույն ոլորտ է, և ամեն ինչ կարվի՝ փլուզում թույլ չտալու համար։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am