Դմիտրի Ատբաշյանի ղեկավարման տարիներին հայկական ավիացիան գրանցել է մեծ վերելք․ Քաղավիացիայի կոմիտեի ցավակցականը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ցավով տեղեկացնում է, որ 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ատբաշյանը։

Դմիտրի Ատբաշյանը շուրջ 17 տարի գլխավորել է Խորհրդային Հայաստանի քաղաքացիական ավիցիայի վարչությունը: Նրա ղեկավարման տարիներին հայկական ավիացիան գրանցել է մեծ վերելք՝ հիմնել է ՀՀ օդանավակայանային ցանցը, որի շրջանակներում կառուցվել են 10-ից ավելի տեղական օդանավակայաններ, ինչպես նաև համալրվել և արդիականացվել է օդանավային շարժակազմը: Հայաստանը եղել է ԽՍՀՄ առաջին հանրապետություններից մեկը, որտեղ շահագործվել է ԻԼ-86 օդանավը:

Մեծ է եղել Դմիտրի Ատբաշյանի ավանդը նաև մասնագետների պատրաստման և համալրման գործընթացում: Հայաստանցի ավիացիոն մասնագետները ճանաչված են եղել ինչպես ԽՍՀՄ տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:Հարկ է նշել, որ յուրաքանչյուր հայի ծանոթ «Զվարթնոց» օդանավակայանի շրջանակաձև ուղևորային համալիրը նույնպես կառուցվել է Ատբաշյանի մեծ ջանքերի և եռանդի շնորհիվ:Դմիտրի Ատբաշյանի ղեկավար գործունեությունը զուգորդվել է նաև թռիչքային աշխատանքով: Թռիչքային գործունեության ընթացքում, որպես օդանավի հրամանատար, նրա հաշվին է գրանցված շուրջ 11 հազար ժամ՝ ԱՆ-2, ԼԻ-2, ԻԼ-12, ԻԼ-14, ԻԼ-18, ՏՈւ-154 և ԻԼ-86 տիպի օդանավերով: Լինելով օդաչու-հրահանգիչ, Ատբաշյանը մեծ ավանդ է ունեցել նաև օդաչուական անձնակազմերի պատրաստման գործընթացում:

Նշանակալի է եղել Դմիտրի Ատբաշյանի դերը նաև հետխորհրդային տարիներին: 2009 թվականից ղեկավարելով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ավիացիայի վարչությունը՝ Ատբաշյանը կազմակերպել և ղեկավարել է Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման աշխատանքները, որի արդյունքում կառուցվել է նոր ուղևորային համալիր և օդանավակայանը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին:

Դմիտրի Ատբաշյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում և ՀՀ քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ:

Ի խորոց սրտի ցավակցում ենք Դմիտրի Ատբաշյանի ընտանիքին, ընկերներին և ավիատորներին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ցավով տեղեկացնում է, որ 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Քաղաքացիական…

Posted by Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee on Thursday, December 3, 2020