«Նիկոլ ջան, հեղափոխությունից հետո ինքդ ես Սերժի «տանը» մեծացած տղուն նշանակել ԱԱԾ տնօրեն, հիմա ումի՞ց ես նեղանում կամ դժգոհում». Նորայր Նորիկյան

«Նիկոլ ջան, հեղափոխությունից հետո ինքդ ես Սերժի «տանը» մեծացած տղուն նշանակել ԱԱԾ տնօրեն, հիմա ումի՞ց ես նեղանում կամ դժգոհում». Նորայր Նորիկյան
«Նիկոլ ջան, հեղափոխությունից հետո ինքդ ես Սերժի «տանը» մեծացած տղուն նշանակել ԱԱԾ տնօրեն, հիմա ումի՞ց ես նեղանում կամ դժգոհում». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռակա բանավեճը դրամատիկ ընթացք է ստանում: ԱՄՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ն. Փաշինյանը Ա. Վանեցյանի գործողությունները համեմատել է 1991թ. պուտչիստների գործողությունների հետ:

Սա առավել քան լուրջ հայտարարություն է՝ նկատի ունենալով, որ այդպիսի համեմատությունը խոսում է այն մասին, որ Վանեցյանի պաշտոնանկությամբ փաստորեն հնարավոր դավադրություն է ձախողվել:

Եթե իսկապես տեղի է ունեցել դավադրության փորձ, գործող իշխանությունն ուղղակիորեն պարտավոր է մինչև վերջ բացահայտել դավադրության հնարավոր բոլոր մասնակիցներին՝ վերջիններիս արարքներին տալով հստակ իրավական գնահատական:

Առավել մեծ սպառնալիք, քան պուտչիստական գործունեությունն է, հնարավոր չէ պատկերացնել:
Իմիջիալյոց, 1991թ. օգոստոս ամսին ԳԿՉՊ-ի ձեռնարկած ՊՈՒՏՉ-ի անդամներից ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Բորիս Պուգոն պետական հեղաշրջման ձախողումից հետո ինքնասպան է եղել, իսկ ԽՍՀՄ փոխնախագահ Յանաևը, ՊԱԿ-Ի /ԿԳԲ/ նախագահ Կրյուչկովը, պաշտպանության նախարար Յազովը ԳԿՉՊ-ի այլ անդամների հետ ձերբակալվել և մինչև 1993թ. հունվար ամիսը գտնվել են բանտում:
Ա. Վանեցյանի այսօրվա պատասխանն առավել քան ցնցող է:

ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին՝ հռետորական հարց տալով, թե պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու, միաժամանակ ընդգծելով, որ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում:

Թե ո՞րն էր նույն իշխանության կողմից շուրջ մեկուկես տարի Արթուր Վանեցյանից ՛՛Կինոյի տղու՛՛ կերպար ստեղծելու նպատակը, հասկանալի չէ, բայց որ նրա հեռացումը կարող էր գնահատվել որպես պուտչիստական գործունեության հետևանք, եկեք խոստովանենք, որ այդ հերոսացման ֆոնին, պատկերացնել էլ հնարավոր չէր:

Մինչև Ա. Վանեցյանի հեռացումը նա ամենակարող էր, նա ամենաազդեցիկն էր, նա էր լուծում իշխանության կողմից առաջադրված բոլոր կարևոր հարցերը և ամեն ինչ, փաստորեն, հիասքանչ էր:
Մինչդեռ գոնե իմ կողմից վերջին ամիսներին բազմաթիվ անգամներ հրապարակավ հնչեցվել է, որ իրավապահ համակարգն ամբողջությամբ սաբոտաժ է իրականացնում:

Ես հիմա էլ եմ պնդում, որ մեր իրավապահ համակարգն ամբողջությամբ ենթակա է արմատական փոփոխության՝ սկսած կազմից, վերջացրած այդ համակարգեում տիրող արժեհամակարգով, մտածողությամբ ու փիլիսոփայությամբ և այդ համակարգը պետք է կարգի բերվի հնարավորինս շուտ:
Այս ֆոնի վրա ինձ համար ընդամենը զարմանալի է վարչապետ Ն. Փաշինյանի զայրույթը Ա. Վանեցյանի պահվածքի կապակցությամբ:
Նիկո՛լ ջան, հեղափոխությունից հետո ինքդ ես Սերժի «տանը» մեծացած տղուն նշանակել ԱԱԾ տնօրեն, հիմա ումի՞ց ես նեղանում կամ դժգոհում»: