Պետական կառույցները Անհայտ կորածների մասին օրենքի ընդունումը շարունակու՞մ են նպատակահարմար չհամարել. ՀՔԱՎ

ՀՔԱՎ – Օգոստոսի 30-ը հռչակվել է որպես անհայտ կորածների միջազգային օր։ 

Անհայտ կորածների և նրանց ընտանիքների խնդիրներին լուծում տալու նպատակով ՀՔԱՎ-ը դեռևս ավելի քան 15 տարի առաջ նախաձեռնեց «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը։ 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 մարդ, որից զինծառայող՝ 224, խաղաղ բնակչություն՝ 213: ԼՂՀ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250՝ զինծառայող, 473՝ խաղաղ բնակիչ: 

2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների առաջին օրերին ևս ունեցանք մի իրավիճակ, երբ որոշ զինծառայողների գտնվելու վայրի եւ ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չկային: Այդ իրավիճակը  ևս մեկ անգամ օրակարգ վերադարձրեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունում դեռևս հրատապ չեն համարում «Անհայտ կորածի մասին» օրենքի ընդունումը: Սա այն դեպքում, երբ դեռևս 2007 թ. մայիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է անհայտ կորածների եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ 1553 (2007) բանաձևը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերի հանձնաժողովի Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կորած անձանց հարցերով զեկուցող Լեո Պլատվոյետի՝ 2007 թ-ի մարտի 7-ի զեկույցի հիման վրա, որը պատրաստվել է Հարավային Կովկաս վերջինիս այցելության արդյունքում:

Օրենքի նախագծի անցած ճանապարհին, պետական կառույցների արձագանքներին ու Նախագծի  ներկայիս կարգավիճակին առաջարկում ենք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ