Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է ավելի քան 2000 մարդ

 Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է 2000-ից ավելի անձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո լրագրողների հետ զրույցում:

«2000-ից ավել մարդիկ են պատվաստվել, ինչը դեռ ցածր ցուցանիշ է»,-ասաց Ավանեսյանը:

Չնայած աշխարհում կա դեֆիցիտ, և երկրները պայքարում են դեղաչափեր ձեռք բերելու համար, Ավանեսյանը վստահեցրեց, որ անելու են ամեն բան, որ ճիշտ ժամանակին Հայաստանն ունենա AstraZeneca-ի 2-րդ դեղաչափը նույնպես:

Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեկնարկել են ապրիլի 13-ին, մարզերում՝ ապրիլի 14-ին: ՀՀ-ում AstraZeneca-ով պատվաստումները նախատեսված են (առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի թիվ 436-Ա հրամանով) սահմանված բոլոր ռիսկի խմբերի55 և բարձր տարիքի անձանց համար:

Սակայն օրեր առաջ փոփոխությամբ սահմանվել է, որ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Նախքան պատվաստումների մեկնարկը՝ ապրիլի 13-ը, Ռուսաստանը Հայաստանին նվիրաբերել էր «Sputnik V»-ի խմբաքանակ, և դրանով հիմնականում պատվաստվել են բուժաշխատողները: