Նախընտրական լավաշներ. «Հայաստանի» մշուշոտ ապագան

Հաջորդ քաղաքական ուժը, որի նախընտրական ծրագիրը կփորձենք ենթարկել քննախոսական վերլուծության, «Հայաստան» դաշինքն է։ Ինքնին, ընտրությանը մասնակցող քաղաքական ուժի համար նախընտրական ծրագիրը որոշակիորեն նույնական է հնարավոր կառավարության ծրագրի հետ, եթե տվյալ ուժը ստանում է քաղաքացիների գերակշռող վստահությունը։ 

Սա իր հերթին ենթադրում է, որ նախընտրական ծրագիրը հնարավորինս պետք է զերծ լինի հրապարակախոսական հռետորաբանությունից և հանրահավաքային տեքստերից։ Սակայն, թերևս դաշինքում Հայ հեղափոխական դաշնակցության ներկայությամբ պայմանավորված՝ քաղաքական այս խմբավորման նախընտրական ծրագիրը սկսվում է հենց վերոնշյալ հռետորաբանությամբ՝ համեմված «ապազգային», «հանցավոր», «պետականության փլուզում» և նմանօրինակ տերմիններով։ 

Ուրացված անցյալը կամ հայի հետին խելքը

Նախընտրական ծրագրի առաջին բաժինը վերտառված է «Արժանապատիվ խաղաղություն» առնվազն տարօրինակ ձևակերպմամբ, ընդ որում՝ տարօրինակ՝ հենց դաշինքի մաս կազմող քաղաքական խմբերի հռետորաբանության տեսանկյունից։ 

Ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ այստեղ առկա է նաև արտահայտության կրկնաբանություն, քանի որ ինչ-որ առումով «խաղաղություն և արժանապատիվ հաշտություն» արտահայտություն՝ որպես քաղաքական բովանդակություն ունեցող բանաձև, հնչում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստում։ 

Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, հրաժարական էր ներկայացրել դաշինքը գլխավորվող Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև Սերժ Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի հետ սկզբունքային հակասությունների ֆոնին և, որ ավելի առանցքային է, հենց խաղաղության այլընտրանքի հարցի շուրջ։ 

Սակայն, չփորփրենք անցյալն ու անդրադառնանք բուն ծրագրին։ Դաշինքի նախընտրական ծրագրի այս բաժնում շարունակաբար շեշտվում է իրենց ցանկությունը Հայաստանի դաշնակիցների հետ առավել սերտ համագործակցություն և բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու միտումը։ Սակայն այդպես էլ չի հստակեցվում, թե դաշինքի քաղաքական պատկերացումներում որ երկրները կամ ովքեր են Հայաստանի դաշնակիցները։ 

Առանձին կետով նշվում է, որ Հայաստանը պետք է սերտացնի դաշնակցային հարաբերությունները Վրաստանի հետ։ Այս կետն անշուշտ քննադատելի չէ, սակայն որևէ տրամաբանության չի ենթարկվում սույն պնդման շարունակությունն առ այն, թե Վրաստանում լիովին իրացվում են «ջավախահայության ազգային ինքնությունը պահպանելու և զարգանալու լիարժեք հնարավորությունները»։ 

Նմանօրինակ հայտարարությունները, մեղմ ասած, զարմանալի են, քանի որ Հայաստան-Վրաստան բարեկամական հարաբերությունները պայմանավորված են հազարամյա հարևանությամբ, տարածաշրջանային շաղկապվող պետական ու ազգային շահերով, և, առնվազն, չեն կարող երկու պետականությունների միջպետական հարաբերությունների հիմքում դրվել դաշինքի հիշատակած դրվագը։ Այլ պարագայում տպավորություն է ստեղծվում, որ եթե Վրաստանում տեսականորեն չլիներ հայ համայնք, ապա հայ-վրացական հարաբերությունները դաշինքի համար նվազ կարևոր կդառնային։ 

Ծրագրի մեկ այլ կետում շեշտվում է, որ դաշինքը «մերժում է պարտվածի հոգեբանությունը»։ Թե ինչպես է վերծանվում պարտվածի հոգեբանությունը քաղաքական ծրագրի համատեքստում, մենք չենք կարող պարզաբանել, և թերևս դա հասու է միայն ծրագրի հեղինակներին։ 

Ինչպես և ենթադրելի էր, ծրագրի առաջնահերթություններից նշվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, որին թերևս հարկ չկա անդրադառնալու։ 

Հայու պատիվը

Արտաքին քաղաքականության սկզբունքներին վերաբերող կետերում դաշինքը պնդում է մի կողմից հարևանների հետ հաղորդակցության ուղիների հաստատման ու զարգացման, արժանապատիվ խաղաղության մասին, սակայն հաջորդ կետում նշում որ ձեռնամուխ են լինելու միջազգային հանրության կողմից «թուրք-ադրբեջանական» ագրեսիայի դատապարտմանը։ 

Այս պնդումը հերթական տարօրինակությունն է, քանի որ 44-օրյա պատերազմից անցել է շուրջ 7 ամիս, և ակնհայտ է, որ ոչ պատերազմի ընթացքում, ոչ դրանից հետո որևէ պետություն, այդ թվում՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որևէ միջազգային կազմակերպություն Ադրբեջանին ագրեսոր չի ճանաչել։ Մյուս կողմից՝ այս պնդումը ակնհայտ հակոտնյա է ծրագրի կետերում նշված բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հայեցակարգին։ 

Ոչ պակաս հետաքրքրական է, որ Արցախի հիմնախնդրով ամենամտահոգ դիրքավորումն ընդունած քաղաքական խումբն իր ծրագրում ընդամենը մեկ նախադասությամբ է անդրադառնում արցախյան հիմնախնդրին, նշելով, որ խաղաղ բանակցությունների նոր փուլով հասնելու են արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը։ 

Որևէ խոսք չկա, թե ինչ է ենթադրում «արդարացի լուծում» ձևակերպումը, ինչ սկզբունքներ ու միջազգային իրավունքի ինչպիսի դրսևորումներ է ենթադրում այն։ Այլ կերպ ասած, այս կարևորագույն հիմնախնդրի շուրջ դաշինքը կարծես թե չունի մոտեցման հստակություն։ 

Պոպուլիզմն էլ չափ ունի

Նախընտրական ծրագրի «44-օրյա պատերազմի հետևանքների վերացում» բաժնում դաշինքը կարևոր քայլերից մեկն է համարում Կոնդի պետական ամառանոցների վերածումը վերականգնողական կենտրոնի։ 

Այս կետում ակնհայտ է պոպուլիզմի դրսևորումը, քանի որ նախ՝ Հայաստանում կան ժամանակակից վերականգնողական կենտրոններ, բացի այս, շատ ավելի նպատակահարմար է, անգամ ֆինանսատնտեսական տեսանկյունից, առկա բուժական և առողջարանային հաստատությունների զարգացումն ու հագեցումը համապատասխան սարքավորումներով և գույքով։ 

Պատերազմի հետևանքների վերացման կարևոր քայլերից է դաշինքը համարում բոլոր փախստականների բնակարանային հարցի լուծումը։ Ծրագրի այս կետին թերևս մի փոքր ավելի բովանդակային անդրադառնանք։ Առաջին հայացքից, անշուշտ, փախստականների (ի դեպ, Հայաստանում գտնվող մեր հայրենակիցները չունեն փախստականի կարգավիճակ) սոցիալական խնդիրների լուծումը առաջնային խնդիր է պետության համար՝ անկախ նրանից, թե որ ուժն է գտնվում իշխանության ղեկին։ 

Սակայն շատ ավելի առանցքային բովանդակություն ունի այդ խնդրի լուծման տրամաբանությունը։ Ներկայումս, տարբեր հաշվարկներով՝ Հայաստանում է գտնվում շուրջ 30 հազար փախստական։ Եթե դաշինքը վերջիններիս խնդիրների լուծման առաջնային քայլ է տեսնում բնակարանաշինությունը, ապա այստեղ առաջ են գալիս մի շարք հարցեր։ Նախ՝ Հայաստանը փոքր ռեսուրսների տեր երկիր է, և այդ ռեսուրսները պայմանավորված չեն իշխանության ղեկին գտնվող ուժերի անվանումներով։ 

Պատերազմի և համավարակի հետևանքով Հայաստանի տնտեսությունը գտնվում է ճգնաժամային վիճակում, ինչը շտկելն առնվազն ժամանակ կպահանջի։ 

Հաջորդ առավել կարևոր հարցադրումը շատ ավելի լայն համատեքստ է պարունակում և վերաբերում է Արցախի հայկական մնալուն։ Եթե դաշինքը գտնում է, որ պետք է Հայաստանում գտնվող փախստականների բնակարանային խնդիրը լուծի՝ բուն Արցախում բնակարանաշինությանը զարկ տալով և Արցախին հնարավոր բոլոր միջոցներով աջակցելով, ապա այստեղ որևէ խնդիր չկա։ 

Մյուս կողմից՝ եթե քաղաքական ուժը գտնում է, որ առաջնային խնդիր է արցախցի փախստականներին Հայաստանում բնակարանով ապահովելը, ապա այս պարագայում հարց է առաջանում, թե ինչպես է պատրաստվում սույն քաղաքական ուժը զբաղվել արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումով, երբ իր ծրագրային քայլերով ուղղակիորեն նպաստելու է Արցախի հայաթափմանը։ 

Այս կապակցությամբ թերևս տեղին է կրկին հիշատակել Լևոն Տեր-Պետրոսյանին, ով ելույթներից մեկում նշում է, թե «Ղարաբաղը 3000 տարի հայկական է եղել, և մեր խնդիրն է ևս 3000 տարի այն հայկական պահպանել»։ 

Պատերազմի հետևանքների վերացման հաջորդ կետում դաշինքի ծրագիրը նշում է, որ անհրաժեշտ ֆինանսական օգնություն է տրվելու զոհերի և վիրավորների ընտանիքներին։ Այս պնդումը, սակայն, ցանկացած քաղաքական ուժի նախընտրական ծրագրում որևէ իմաստ չունի, քանի որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը լուծում է այս խնդիրը՝ անկախ քաղաքական իշխանության կամքից։ 

Արտաքին աշխարհի հետ հարաբերություններին վերաբերող կետերում այս քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը նույնպես զերծ չէ «կենացային» զեղումներից, և հեռանկարում առաջարկում է Հայաստանը դարձնել տուրիստական, ուղևորափոխադրական, օդային հանգույց Արևելքի և Արևմուտքի միջև։ 

Մինչև քոքը մաշեցնելով՝ մեկտեղենք ներուժը

Նախընտրական ծրագրի ոչ պակաս հետաքրքրական դրվագ է «Համերաշխություն, համահայկական ներուժի մեկտեղում» բաժինը։ Սույն բաժնի կետերից պարզապես դուրս է հորդում համահայկականության ու հերթական անգամ հայկական սփյուռքի հետ նորանոր հորիզոնների նվաճման անկոտրում կամքը։ 

Դաշինքն առաջարկում է հայկական ու սփյուռքի բարեգործական կազմակերպությունների ջանքերի մեկտեղումով լուծել պատերազմի բերած բազմաթիվ խնդիրներ, հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներ և այլն։ 

Առնվազն այս սկզբունքը տարակուսելի է, թե ինչպես է քաղաքական հայտ ներկայացրած ուժը որպես որևէ խնդրի լուծման ճանապարհ տեսնում բարեգործական կազմակերպությունները, առավել ևս այն դեպքում, երբ 2000-ականներին բարեգործական կազմակերպությունների ամենաբնորոշ հանրային գնահատականով դրանք նույնացվում էին այսպես ասած «փողերի լվացման» հիմնարկությունների հետ։ 

Ոչ պակաս հետաքրքրական է ծրագրում նշված «Հայաստան» համահայկական հիմնադրամի վարկանիշը բարձրացնելու դաշինքի ցանկությունն այն պարագայում, երբ այս դաշինքի ամենակարկառուն աջակիցներից է հիմնադրամի հեղինակությանը ամենածանր հարվածը հասցրած հիմնադրամի նախկին գործադիր տնօրենը։ Սակայն թողնենք անձերին։ 

Նախընտրական ծրագրում առկա են նաև մի շարք կետեր, որոնք հասկանալու համար առանձնահատուկ ջանքեր են հարկավոր։ 

Օրինակ՝ ծրագրային դրույթներից մեկը շեշտում է՝ «հանրային կյանքի տարբեր ոլորտներում արդյունավետ կօգտագործվի կանանց ներուժը։ Պետական կառավարման բոլոր մակարդակներում կանանց հավասարակշռված ներկայությանը հասնելու նպատակով կորդեգրվի ազգային մեխանիզմ»։ 

Այստեղ թերևս հեղինակներին է միայն հասու, թե ի՛նչ առանձնահատկություններ ունի կանանց ներուժը, որ առանձնահատուկ ոլորտներում է միայն, որ կանանց ներուժը կարող է օգտագործվել, և ոչ թե, ասենք՝ երկրի քաղաքացիների ներուժը՝ առանց սեռային տարանջատման։ 

Վերջապես անհասկանալի է, թե այդ ի՛նչ ազգային մեխանիզմներով են ապահովելու կանանց ներկայացվածությունը պետական կառավարման համակարգերում, և արդյոք այդ ազգային մեխանիզմները փոխարինելո՞ւ են արհեստավարժության չափորոշիչներին՝ կրկին առանց սեռային տարանջատման։

Ի դեպ, այս տարօրինակ տարանջատումները վերաբերում են ոչ միայն կանանց և տղամարդկանց, այլև քաղաքային և գյուղական բնակչությանը, քանի որ դաշինքը պատրաստվում է ժողովրդագրական խնդիրների լուծման համար կանխել արտագաղթը, կազմակերպել ներգաղթ և «հատկապես գյուղական բնակավայրերում խթանել ծնելիությունն ու նվազեցնել մահվան ցուցանիշը»։ 

Թերևս հենց այս բարի նոտայով ավարտենք «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի հետազոտությունը, որը առավել քան ճանաչողական էր։ 

Արամ Բագրատունի

MediaLab.am