«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, Tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանը
– Պարո՛ն Թավադյան, ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա մարտի 25-ի դրությամբ տնտեսական ցուցանիշների տվյալները, որոնք որոշ մարդկանց գնահատմամբ՝ մեղմ ասած այնքան էլ հուսադրող չեն, որովհետև, օրինակ՝ արդյունաբերությունը նվազել է 30%-ով, արտաքին առևտուրը` 70%-ով: Ինչպե՞ս եք գնահատում հրապարակված ցուցանիշները:
– Ինչպես արդեն առիթ եմ ունեցել նաև ձեզ տված հարցազրույցներից մեկի ժամանակ ասել, մեր արտահանման ցուցանիշը փուչիկ է: Մեր արտահանման 62%-ը վերարտահանումն է, որի ահռելի բաժինը կազմում են ոսկին ու ադամանդը: Եթե վերարտահանման ցուցանիշը հանենք, ապա մեր իրական արտահանումը կստացվի 3,5 միլիարդ դոլար, գրեթե նույնը, որքան 2021-ի ցուցանիշն էր՝ առանց վերարտահանման:
Հաջորդ խնդիրը, որ ունենք, այն է, որ այդ արտահանման փուչիկը փչվել է ոսկու վերարտահանման հաշվին, որն իր գագաթնակետին էր հասել 2023-ի մայիսին, որից հետո անկում է ապրել: Այս պահին ոսկու վերարտահանումը 5-10 անգամ պակաս է, քան իր գագաթնակետին, ինչն արդեն զգացվում է:
Ճիշտ է, անցած տարվա կտրվածքով արտահանումն աճել է՝ ի հաշիվ ոսկու վերարտահանման, սակայն բուն արտահանման մեջ մեր ավանդական արտահանումների քանակը նվազել է. 2024-ին դեպի ԵԱՏՄ արտահանումը նվազել է 11%-ով, դեպի ԵՄ`14 %-ով, այսինքն՝ իրականում աճ չկա, ինչը քողարկվել է ոսկու վերարտահանմամբ, ընդ որում՝ ահռելի տեմպով: Հիմա դա զգացվում է, քանի որ փուչիկն արդեն իսկ նստում է, եթե այդ տեմպով շարունակվի, ապա այս տարվա արտահանման ցուցանիշը կարող է լինել մոտ 9 միլիարդ, այսինքն 30-33 տոկոսով ավելի քիչ, քան 2024-ի այս ուռճացված ցուցանիշն էր:
Սա անդրադառնում է նաև այլ ցուցանիշների, օրինակ՝ ՀՆԱ-ի վրա, նույնն էլ տնտեսական ակտիվության ցուցանիշի մեջ: Օրինակի համար, եթե նայենք տնտեսական ակտիվության ցուցանիշը, ապա մինչև 2024-ի հոկտեմբեր մեր տնտեսական ակտիվության մեջ արդյունաբերությունը երկնիշ տեմպերով աճում էր: 2024-ի սեպտեմբեր-հոկտեմբերին տարեկան կտրվածքով մոտ 17 տոկոս արդյունաբերության աճ ունեինք, որն ամենաբարձրն էր ԵԱՏՄ տարածքի պետություններում: Բայց հասկանալի է, որ սա ոսկու վերարտահանման արդյունքն էր: Հենց ոսկու վերարտահանումը կտրվեց, երկու ամսում մեր արդյունաբերությունը մոտ 17 տոկոսից իջավ 4 տոկոսի ու շարունակում է անկում ապրել:
Սա խոսում է կառուցվածքային խնդիրների մասին, նաև պետք է հաշվի առնել, որ մեր տնտեսությունը հիմնականում ապահովվում է ոչ թե ներքին ավելացված արժեքի ապահովմամբ ու ներքին արժեքի արտադրությամբ, այլ դրսից եկած գումարներով: 2024-ի, ինչպես նաև 2023-ի տնտեսական աճի զգալի մասն ապահովվել է առաջին հերթին Ռուսաստանից եկած կապիտալով ու աշխատուժով, երկրորդը՝ ոսկու վերարտահանմամբ, հիմա այս երկու ալիքները չկա, ինչն արդեն բացասական սպասումներ է առաջացնում:
Նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այսօր ԱՄՆ նախագահը փորձում է վերաձևակերպել համաշխարհային առևտուրը՝ գրեթե բոլոր պետությունների վրա մաքսատուրքեր դնելով, ինչն առաջացնում է գնաճային ու համաշխարհային ճգնաժամային միտումներ: Այս տեսանկյունից կարող են խաթարվել Հայաստան եկող դրամական հոսքերը, ու առաջիկա երկու տարվա ընթացքում Հայաստանը բացասական խնդրի առաջ կանգնի:
Այն, ինչ ունենք, ոչ թե իրական հաշվարկների կամ իրական Հայաստանի ընկալման արդյունք է, այլ երազանքների Հայաստանի կառուցման արդյունք, որը քողարկում է իրական պատկերը, ինչի հետևանքով խնդիրներն էլ ավելի են խորանալու:
– Ուզում եք ասել, որ հրապարակված թվերը չե՞ն արտահայտում ՀՀ տնտեսության ոլորտում այսօր առկա իրական պատկերը:
– Ես նման բան չասացի, ասացի, որ ներկայացված վիճակագրությունն իրականում ճիշտ է, սակայն ներկայացնում է ընդհանուր պատկերը, ու եթե խորանում ենք առանձին ոլորտներում, իրական պատկերն արդեն առավել պարզ է դառնում:
– Պարո՛ն Թավադյան, ծախսերի առումով բյուջեի թերակատարումն ի՞նչ հետևանքներ է պարունակում:
– Ծախսերի առումով, այո՛, թերակատարում կա, որը հստակ երևում է: Ասեմ, որ Հայաստանում ծախսերի արդյունավետության խնդիրն էլ կա, ցույց են տալիս, թե ծախսերն արդյունավետ կատարված են՝ առանց հարցնելու, թե այդ ծախսերն ուր են գնացել: Սա խոսում է այն մասին, որ այդ ոլորտներում բարձիթողի վիճակ է:
– Կարո՞ղ ենք ասել, որ համաշխարհային միտումները խոսում են այն մասին, որ Հայաստանում տնտեսության վիճակն էլ ավելի վատանալու միտում ունի:
– Հայաստանի տնտեսությունը հիմնականում աճ է արձանագրում արտաքին ազդակներից, որոնք արդեն չկան, ու Հայաստանում կա որոշակի ներդրումային արտահոսք: Մեր ՀՆԱ-ի ցուցանիշներն են նվազում, արտահանման ցուցանիշներն են ամսեամիս ընկնում, ու կարելի է սպասել, որ վիճակը վատթարանալու է, ինչին պետք է պատրաստ լինել, կանխատեսել ու կանխարգելել, այլ ոչ թե երազանքի հայրենիքի ցուցանիշներ ցուցադրել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















