Բերձորից 31-ամյա Շողիկ Քոչարյանը պատերազմի ժամանակ վիրավորում ստացած ամուսնու, չորս անչափահաս երեխաների հետ ժամանակավորապես բնակություն է հաստատել Արագածոտնի մարզում՝ Աշտարակում գտնվող ներառական դպրոցի սենյակներից մեկում։ Ամսվա վերջին, երբ դուրս կգան կացարանից, պատկերացում չունի, թե որտեղ կհայտնվեն ընտանիքով, որտեղ կկարողանան ապաստան գտնել։
«Հիմա առաջնահերթը կացության հարցն է, ներառական դպրոցն արդեն սկսում է դասերը, նաև շինարարություն պետք է անեն դպրոցում, մենք պետք է դուրս գանք, նորմալ ձևով ասել են, որ պետք ա գոնե մինչև ամսվա վերջ ազատենք սենյակը։
Հիմա ոչ մի բան չգիտենք՝ որտեղ ենք բնակվելու, ինչ ենք անելու, ամեն ինչ թողել ենք Բերձորում։ Ո՛չ Հայաստանում տուն ունենք, ո՛չ հարազատ կամ բարեկամ, որ կարողանանք գնանք իրանց տունը չորս երեխեքով ապրենք»,- մտահոգ նշում է Շողիկ Քոչարյանը։
Շողիկ Քոչարյանը Արցախյան պատերազմի հետևանքով Բերձորում է թողել սեփական տունը և երեխաների հետ տեղահանվել՝ վերցնելով տնից միայն որոշ հագուստ և փաստաթղթեր:
«Սեպտեմբերի 31-ին ենք դուրս եկել տնից, բնակվում էինք ես ու երեխաներս, այդ ժամանակ ամուսինս Հայաստանում չէր, Ռուսաստանում էր։ Մեր տունը կահավորված էր, ինչ անհրաժեշտ էր մեզ, մեր ընտանիքի ույուտը կազմակերպելու համար ամեն ինչ ստեղծել էինք։
Ամուսինս Ռուսաստանում էր, Մոսկվայից հոկտեմբերի 1-ին եկել ու միանգամից կամավոր գնացել է պատերազմ, վիրավորվել է Շուշիում։
Հրազենային վիրավորում է ստացել մի ոտքից, այս պահին տան պայմաններում է բուժում ստանում»,- պատմում է Շողիկը։
Նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից 44 օր անց, պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարություն ստորագրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ըստ եռակողմ հայտարարության՝ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին են վերադարձվում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց – խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Արցախում գտնվող Բերձորի կարգավիճակի մասին պաշտոնական աղբյուրները դեռևս որևէ տեղեկություն չեն հայտնում։ «Մեդիալաբին» տված հարցազրույցում Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը նշել է, որ Բերձորում բնակեցման կամ տեղահանված նախկին բնակիչների վերադարձի հետ կապված հստակ բան չկա՝ հաշվի առնելով նաև բնակիչների անվտանգության հարցերը։ «Կարող են ելումուտ անել, իրենց տունը գալ տեսնել, բայց որ գան հիմնական բնակվելու համար, այս պահին դեռ ոչ։ Ես հույս ունեմ, որ հետագայում այդ «ոչ»-ը կդառնա այո»,- ասել էր համայնքի ղեկավարը։
Շողիկ Քոչարյանի ընտանիքը, որը անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում պատրաստ է վերադառնալ հայրենիք՝ Բերձոր, այսօր անելանելի վիճակում է հայտնվել՝ ո՛չ Բերձոր վերադառնալու թույլտվություն ունի, ո՛չ էլ Հայաստանում է կարողանում կեցության և ֆինանսական հարցերը լուծել:
«Մենք էնտեղ կապրեինք, մեծ հաճույքով կգնայի Բերձոր, եթե երաշխիքներ տային, բայց ոչ միայն երաշխիք չեն տալիս, նաև թույլ էլ չեն տալիս, որ գնանք, թույլ չեն տալիս անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին էնտեղ ապրել։ Կարող են ապրել 58-ից բարձր մարդիկ, զինվորական տղամարդիկ։
Ուզեցել ենք գնալ, որովհետև մենք էստեղ մնալու ոչ մի տարբերակ չենք ունեցել էստեղ վարձով ապրելու, կոմունալ և այլ հարցեր լուծելու հնարավորություն չունեինք, բայց ասել են՝ հնարավոր չի, անչափահաս երեխաների համար հնարավոր չի, դպրոց չի լինելու, եթե դպրոց չի լինելու, երեխան ո՞ւր գնա։ 300 հազարներն էլ չենք ստացել, քանի որ չի մտնում Ադրբեջանի կազմի մեջ, համարվում է չեզոք գոտի, ռուսի հսկողության տակ ա»,- ասում է Շողիկ Քոչարյանը։
Շողիկ Քոչարյանը նշում է, որ եթե ոչ Բերձորում, ապա Արցախում էլ տուն ունենալու դեպքում սիրով կվերադառնան․ «Բայց չեն տալիս, տալիս են միայն սահմանամերձ տեղեր, որտեղ վտանգը շատ մեծ է, ու չորս երեխաների հետ հաստատ չենք գնա»,- ընդգծում է Շողիկը։
Ասում է, որ Հայաստանում ֆինանսական խնդիրները լուծելու համար դիմել են պետության կողմից տրամադրվող 250 հազար դրամի աջակցությունից օգտվելու համար, սակայն դեռ սպասում են․ «Մինչև էսօր 68 հազարն ու 15 հազարն ենք ստացել, 250 հազարի դիմումն ենք գրել, դեռ սպասում ենք: Հիմնականում Ֆեյսբուքում, որ գրել են օգնությունների համար, էդպես ենք աջակցություն ստացել, էստեղի քաղաքապետարանն է սնունդով օգնում, ուրիշ օգնություն չենք ստացել, հագուստ, անկողնային պարագաներ չենք ստացել։
Ոչ մի կահույք, ոչ մի բան չենք կարողացել բերել մեր տնից, ճիշտ ա, մեզ ժամանակ տրամադրեցին, որ գնայինք, վերցնեինք, բայց որ ամուսինս ոտքից վիրավորում էր ստացել, նոյեմբերի 6-ին է վիրավորվել, մինչև իրեն մի քիչ ոտքի հանեցին, ես արդեն կարող էի գնալ, որ գոնե տան վեշը հանեմ, բոլորը թալանված է եղել, ու ոչինչ չեմ կարողացել բերել»,- հուզմունքով ասում է Շողիկը։
Այժմ Շողիկ Քոչարյանի ընտանիքը կացարան է փնտրում, որտեղ հնարավոր կլինի ժամանակավորապես անվճար բնակվել, մինչև ամուսինը կապաքինվի ու կսկսի աշխատել: «Քանի որ ամուսինս չի կարող աշխատել, ոտքը լավ չի, վարձով չենք ապրում, էստեղի սենյակից դուրս գանք, չգիտեմ՝ ուր ենք գնալու։ Ամուսինս շինարար է, ամեն ինչ կարող է անել շինարարության մեջ, բայց պետք է ոտքը լավանա, որ կարողանա աշխատել։ Գոնե մի սենյակ որ լինի, տեղավորվենք, մինչև ամուսինս կարողանա աշխատի, վարձի փող ունենանք»,- նշում է Շողիկը։
Շողիկը հուզմունքով ասում է, որ ուզում է արթնանալ ու տեսնել, որ այս ամենը պարզապես ծանր երազ է: «Ես սիրում եմ Արցախը, իմ տունը, ամեն ինչ քիչ-քիչ ստեղծել ենք, ունեցվածք ու թողել, դուրս ենք եկել երկու ձեռ հագուստով ու փաստաղթերով։ Ես ուզում եմ վերադառնալ, եթե անվտանգ լինի։
Կուզե, որի սա երազ լիներ, անցներ գնար, ու արթնանայինք՝ տեսնինք, որ ոչ բան չի եղել։ Զոհված երեխեքն էլ թող մեզ ներեն, որ մենք կանք, իրենք չկան»,- ասում է Շողիկը։
Արփինե Արզումանյան
MediaLab.am