«Ցավոք, այս իշխանությունը սպառվել է». Տիգրան Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

Պարո՛ն Աբրահամյան, որո՞նք են լինելու Ռուսաստանի Դաշնության ու Ադրբեջանի Հանրապետության նախագահների ստորագրած ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի հնարավոր ազդեցությունները Հայաստանի Հանրապետության վրա:

– Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսության կամ քաղաքական մակարդակի բարձրացումը, որն արձանագրված է նաև համապատասխան հռչակագրում, չի կարող մտահոգիչ չլինել Հայաստանի համար: Խնդիրն է նաև հասկանալ, թե իրականության մեջ սա ի՞նչ պատճառներ ուներ, ու ինչո՞ւ հնարավոր դարձավ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների այս մակարդակի բարձրացումը:

Մեր տարածաշրջանում, որտեղ Հայաստանը 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո առաջին հայացքից ինքնավստահ, սակայն իրականում գնում էր բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ արտաքին քաղաքականության, տապալման ճանապարհով, որը հանգեցրեց պատերազմի, դրա ողբերգական հետևանքների, ըստ այդմ նաև՝ Հայաստանի դերի ու տեղի կտրուկ նվազմանը, ու Հայաստանը՝ որպես գործոն, նույնիսկ այս փոքր տարածաշրջանում այլևս որևէ դեր չունի:

Բնական է, որ ցանկացած երկիր, հատկապես Ռուսաստանի նման երկրները, բոլոր տարածաշրջաններում շարժվում են սեփական ազդեցությունը բարձրացնելու ճանապարհով, և արտաքին քաղաքական հարցերում Հայաստանի իշխանությունների ցուցաբերած ոչ նախաձեռնողական մոտեցումները, ընթացիկ ու ռազմավարական տապալումները բերեցին նրան, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում իր դերակատարությունը պահպանելու ճանապարհին նմանատիպ բարձր մակարդակի հարաբերություն է հաստատում մեր ավանդական թշնամի Ադրբեջանի հետ:

Տարբեր առիթներով խոսել եմ այս մասին, որ Հայաստանը հայ-ռուսական հարաբերություններում ներկայումս էլ ունի իրավական փաստաթղթային շատ ավելի խոր բազա, բայց այսօր հայ-ռուսական հարաբերությունները իրացվում են եղած ներուժի նվազագույնի չափով:

Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ էպիզոդիկ է, ինչը հայտնի է նաև Ռուսաստանին, ու ստեղծված իրավիճակում Հայաստանն առհասարակ, ընկալելի չլինելով ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների համար, բնական է, որ նրա շահերը, մոտեցումները, որոնք չեն էլ արտահայտվում արտաքին քաղաքական օրակարգում, ոչ մեկի համար ո՛չ տեսանելի են լինելու, ո՛չ էլ կարևոր:

Այդ երկրները, որոնք եղել են մեր ավանդական դաշնակիցները, թեկուզ լինեն հարևանների կամ ռազմավարական գործընկերային հարաբերությունների կարգավիճակում, խոսքս միայն Ռուսաստանի մասին չէ, բնական է, որ Հայաստանին լուրջ չեն ընկալելու ու փորձելու են մեր տարածաշրջանում իրենց հարաբերությունները կարգավորել այլ երկրների հետ:

– Կարծում եք, որ եթե Հայաստանի գործող իշխանությունը չվարեր այն արտաքին քաղաքականությունը, որը հիմա է վարում, այս հռչակագիրը չէ՞ր ստորագրվի:

– Միանշանակ, որովհետև տարածաշրջանում ցանկացած երկիր, որն ուզում է լինի, հարաբերություններ կառուցելիս հաշվի է առնում նաև այդ տարածաշրջանի մյուս երկրների շահերն ու մոտեցումները, ու այդ հարաբերություններն առանձին-առանձին կառուցվում են ընդհանուր տարածաշրջանային տրամաբանության ներքո:

Այն գործընթացները, որ այսօր տեղի են ունենում Ռուսաստան-Ադրբեջան մակարդակում, մեծապես պայմանավորված են հայաստանյան իշխանությունների սխալ արտաքին քաղաքականությամբ ու պահվածքով:

Մենք տարածաշրջանում ունենք դերակատարման կտրուկ անկում, ընկալման առումով Հայաստանը խնդիրներ ունի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ, ու բնական է, որ ունենալու ենք նաև այսպիսի դրսևորումներ:

– Պարո՛ն Աբրահամյան, կխնդրեմ նշեք այս հռչակագրից բխող հնարավոր վտանգները, որոնք կարող են սպառնալ Հայաստանին ու արցախյան հարցի կարգավորմանը:

– Եթե կարճ ասեմ՝ հռչակագրի չորս տասնյակից ավելի կետերը բոլոր առումներով բարելավումներ էին այն բոլոր փաստաթղթային բազային, որոնք ունեին Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ տնտեսական, քաղաքական ոլորտներից մինչև անվտանգություն, և դա չի կարող Հայաստանի քաղաքացիների համար մտահոգությունների առարկա չդառնալ:

– Այս հռչակագրի ստորագրումից հետո ինչպե՞ս եք պատկերացնում արցախյան հարցի կարգավորումը Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ:

 – Բավականին ծավալուն պատասխան ենթադրող հարցադրում է: Պատասխանը ընդունեք իմ նախորդ երկու պատասխանների տրամաբանության ներքո:

Ստեղծված իրավիճակում գործող իշխանության քայլերը որո՞նք պետք է լինեն:

– Իշխանությունն ինչ պետք է աներ՝ արդեն չի արել կամ շատ վատ է արել, ու այս իրավիճակում կոնկրետ իրենց անելիքն այլևս չեմ տեսնում:

Իսկ այդ դեպքում ի՞նչ է սպասվում, պարո՛ն Աբրահամյան, եթե անելիք չեք տեսնում:

– Գիտեք, Հայաստանում պետք է իշխանություն փոխվի, որ այս ու օրակարգային համարվող մեծ թվով հարցեր կարողանան լուծումներ ստանալ: Այս իշխանությունը, անկախ ընտրություններում հաղթանակ տանելուց, իրավիճակի բերումով կորցրել է ինքնատիրապետումը, կառավարումը և միայն կարողանում է ձևի ու հասարակության որոշ հատվածի անտարբերության հաշվին իշխանություն պահել, բայց դա դեռ չի նշանակում, որ ապահովում է այն էֆեկտիվությունը, որը պետք է հնարավորություն տար և՛ արտաքին, և՛ ներքին սպառնալիքները հաղթահարել:

Ցավոք, այս իշխանությունը, սկսած Արցախի հարցով ընթացող գործընթացներից, Ռուսաստանի կամ այլ դերակատարների հետ հարաբերությունների հաստատման կամ մեզ համար շահեկան դաշտ ստեղծելու տեսանկյունից, սպառվել է:

Ձեր կարծիքով՝ այս հռչակագիրը կազդի՞ Ադրբեջանի՝ Հայաստանի կամ Արցախի սահմաններին ռազմական գործողություններ սանձազերծելու վրա, այսինքն՝ սրանով Ադրբեջանը գոնե այս հարցում կկաշկանդվի՞:

– Այն, ինչը վնասում է Ռուսաստանին, բնականաբար, Ռուսաստանը փորձելու է շտկել՝ օգտագործելով քաղաքական երկխոսության մակարդակը: Առհասարակ, մեր տարածաշրջանում Ռուսաստանի մոտեցումները խմբագրվելու են այնքանով, որքանով դրանք բխում են առաջին հերթին իր տարածաշրջանային շահերից ու նաև, ինչու չէ, Հայաստանի հետ ունեցած որոշակի քաղաքական-իրավական պատասխանատվության տրամաբանությունից: Ամեն դեպքում Ռուսաստանը խնդիր է ունենալու թույլ չտալ այս տարածաշրջանում իրավիճակի հետագա սրացում կամ էսկալացիաներ, որովհետև դա որևէ ձևով չի բխում իր շահերից:

Դա կախված կլինի նաև նրանից, թե ինչպես է Հայաստանն աշխատում Ռուսաստանի հետ երկկողմ կամ բազմակողմ ֆորմատում: Թե իրավիճակը վեց ամսից կամ մեկ տարի հետո ինչ ընթացք է ունենալու՝ կախված է տարբեր գործոններից Հայաստանի բացակայության պայմաններում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am