Բացվել է Մարտակերտի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Ապրիլի 22-ին Մարտակերտի «Ռ.Հ.Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը:

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ բաժանմունքը կարևորագույն ծառայություններից է և այն վերակառուցվել, կահավորվել ու համալրվել է բարձրակարգ բժշկական սարքավորումներով` Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցներով:

Ողջունելով ներկաներին` շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Գագիկ Օհանյանը նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իրենց հետ էր Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, նաև հետպատերազմյան դժվար տարիներին, երբ շրջանի բուժծառայությունը կանգնած էր լուրջ խնդիրների առջև:

Բացման խոսքում գործադիր տնօրենն իր երախտագիտությունն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին և ՌԴ խաղաղապահ ուժերին՝ շրջանային հիվանդանոցի վերականգնման աշխատանքներին ցուցաբերած բազմակողմանի աջակցության համար: Գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինն անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բացման կապակցությամբ շնորհավորելով բոլորին՝ ընդգծել է, որ խաղապահ ուժերի առաքելությունն Արցախում ներառում է մի շարք ոլորտներ, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան վերադառնալ իրենց բնականոն առօրյային: Այդ ուղղություններից մեկն էլ առողջապահության համակարգի, հիվանդանոցների վերականգնման համար ցուցաբերած օգնությունն է:

Ելույթով հանդես է եկել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը, որն իր խոսքում նշել է, որ ԿԽՄԿ-ի համար առողջապահական ոլորտին օժանդակությունն իր մարդասիրական առաքելության կարևոր մաս է զինված հակամարտություններից տուժած համատեքստերում:

ԿԽՄԿ աջակցությունն առողջապահական ոլորտին ավելի լայն ծրագրերի մի մաս է, որի նպատակն է լուծել հակամարտությունից տուժած բնակչության կարևորագույն կարիքները: ԿԽՄԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում արդեն շուրջ 30 տարի շարունակ աշխատանքներ է իրականացնում այդ հարցերի շուրջ և կշարունակի դա անել իր հնարավորությունների սահմաններում և ըստ անհրաժեշտության:

ԱՀ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն իր շնորհակալությունն է հայտնել ԿԽՄԿ-ին ու ՌԴ խաղաղապահ ուժերին՝ համատեղ աշխատանքի արդյունքում ավարտին հասցված ևս մեկ բարեգործական ծրագրի համար և նշել, որ Արցախում ծրագիրը մեկնարկվել էր Հադրութի շրջանից, որի բացումը եղել է 2020 թվականի հունիսին, իսկ երրորդը նախատեսվում է Մարտունիում և նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարված են:

Կարմիր ժապավենի հատման պատվավոր առաքելությունը տրվել է Բերտրան Լամոնին և գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինին, որից հետո ներկաները շրջելով բաժանմունքում՝ ծանոթացել են բժշկական նոր սարքավորումներին ու հնարավորություններին: